HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետարանում կազմակերպվել էին բնապահպանական լսումներ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը վաղուց սպառնալիք է դարձել տրանսպորտային միջոցների անվտանգության համար: 2014 թ.մարտի սկզբին մեկնարկել է ճանապարհի բարեկարգման ծրագիրը, որը ենթադրում է ճանապարհի ամբողջ երկայնքով ՀՀ և միջազգային նորմերին համապատասխան վերակառուցում: Ծրագրի պայմանագրային պատվիրատուն Եվրոպական ներդրումային բանկն է, խորհրդատուն` իտալական «Լոթթի Ինջեներիա» ՍՊԸ-ն, որն էլ իրականացնում է ճանապարհի նախագծային աշխատանքերը: «Լոթթի Ինջեներիա» ընկերությունն արդեն բնապահպանության նախարարություն է ներկայացրել Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, որի համար էլ ՀՀ բնապահպանության նախարարությունը երեկ Լոռու մարզպետարանում կազմակակերպել էր բնապահպանական լսումներ: 

Մինչ նախագծի բնապահպանական ազդեցություններին անցնելը «Լոթթի Ինջեներիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, «Արցախճան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Մեսրոպյանը նախնական տեղեկություններ հաղորդեց ճանապարհի վերակառուցման վերաբերյալ: Վերջինս հայտնեց, որ միջպետական Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 91 կմ երկարությամբ ճանապարհի վրա կա մոտ 40 կամուրջ, որից 13-ը հիմնական կամուրջներ են: Գոյություն ունեն 3 թունելներ, որտեղ երթևեկությունը կազմում է 3000 մեքենա` այդ թվում 12 տոկոս բեռնատարներ: Տ. Մեսրոպյանը հայտնեց, որ ոչ բարվոք վիճակում գտնվող ճանապարհի պատվածքը, երթևեկելի մասի լայնությունը, տեսանելիությունը, մասնավորապես կամուրջների անբավարար վիճակը, առկա փլվածքները, քարաթափումները, հիդրոտեխնիկական խնդիրները, ինչպես նաև թունելները լուրջ վտանգներ են ստեղծում ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Ծրագրով Վանաձոր քաղաքի 0 կմ-ից մինչև 6,5 կմ , Ալավերդու 50.8-ից մինչև 54 կմ քաղաքային հատվածներում նախատեսվում է իրականացնել ճանապարհային պատվածքի բարելավում:
Անդրադառնալով ճանապարհի վրա գտնվող թունելների վիճակին, Տ. Մեսրոպյանը ասաց. «1-ին և 3-րդ թունելներում կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքեր, իսկ 2-րդ թունելը, որը գտնվում է ծանրագույն վատ վիճակում, ամբողջովին է վերակառուցման ենթարկվելու:

Կվերակառուցվեն ճանապարհի վնասված կամուրջները: Կիրականացվի անվտանգության միջոցների բարելավում` կտեղադրվեն ճանապարհային նշաններ, նշագծումներ, կիլոմետրային սյուներ, անվտանգության պատնեշներ, արգելափակիչներ, ուղղորդիչ սյուներ, հենապատերը և այլ բոլոր էլեմենտները, որոնք կապ ունեն ճանապարհային անվտանգության հետ»:

Ըստ Տ. Մեսրոպյանի` նախատեսվում է Ալավերդուց մինչև Քարկոփ ճանապարհային պատվածքի վերակառուցում: Այս հատվածում գոյություն ունեցող կամուրջները ևս ենթարկվելու են հիմնանորոգման և վերակառուցման: «Ճանապարհի 3-րդ թունելուց հետո կառուցվելու է նոր կամուրջ»,- ասաց Տ. Մեսրոպյանը: 

Ճանապարհի բոլոր հատվածներում կատարվելու են ջրահեռացման համակարգի, հենապատերի շերտերի պաշտպանության, կոմունիկացիաների և անվտանգության միջոցների բարելավում: Քարկոփից` ճանապարհի 77 կմ-ից մինչև Բագրատաշեն` Վրաստանի սահման, ևս իրականացվելու է ճանապարհի վերակառուցում և անվտանգության էլեմենտների ապահովում: Ձորագյուղ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանը «Լոթթի Ինջեներիա» ընկերության ներկայացուցիչին տեղեկացրեց, որ ճանապարհի 2-րդ և 3-րդ թունելների արանքում շատ մեծ սողանք կա:
«Կարծում եմ, որ դա չի ուսումնսիրվել, եթե այդ սողանքը սահեց, ոչ միայն ճանապարհը, գետը և երկաթգիծն էլ կփակի»,- ասաց գյուղապետը: Փոխմարզպետ Արսեն Դարբինյանն էլ հավելեց, որ այդ սողանքի սահելու դեպքում մոտ 300 մ երկարությամբ և 50 մետր հաստությամբ շերտ է իջնելու` 200 մետր բարձությունից:

«Այդ սողանքի պատճառով 24 օր հանրապետական նշանակության ճանապարհ է փակվել»,- հիշեցրեց Ռ. Հովսեփյանը:

«Մենք տվյալ տարածքում ուսումնասիրել ենք բոլոր սողանքավտանգ տեղամասերը` համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Մենք գիտենք, որ նաև ՀՀ գերտեսչություններն են զբաղվում այդ սողանքի կայունացման հարցով: Մեր ծրագրի սահմաններում մենք աշխատում ենք տվյալ ճանապարհի բարելավման համար»,- պատասխանեց Տ. Մեսրոպյանը:

Իրականում բնապահպանական լսումների թեման «Լոթթի Ինջեներիա» ընկերության կողմից բնապահպանության նախարարությանը ներկայացված Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ճանապարհի նախագծի՝ շրջակա միջավայրի ազդեցության հայտի քննարկումն էր: Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մինչ նախագծի շրջակա միջավայրի ազդեցությունների հայտի ներկայացնելը խնդրեց գյուղապետերին ուշադիր լսել և, եթե պետք է նաև նշումներ անել, որպեսզի շրջակա միջավայրի վրա հետ կապված հարցեր և առաջարկություններ ներկայացնեն քննարկմանը:

Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արթուր Մինասյանը ընդամենը հայտնեց, որ հայտում տեղ են գտել նախատեսվող բնապահպանական գործունեության համառոտ բնութագիրը, արտադրական հզորությունները, օգտագոծված բնառեսուրսները, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, նաև բնապահպանական լուծումներ, որոնք ուղղված են բնապահպանական ազդեցությունը մեղմելու համար:

«Հայտի հիմնական էությունը կներկայացվի ավելի ուշ, երբ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմի կտրամադրվի տեխնիկական առաջադրանք, որի համաձայն կմշակվի հիմնական փաստաթուղթը: Այս պահին փաստաթուղթը սա է»,- ասաց նախարարության գլխավոր մասնագետը: Փոխմարզպետի հորդորին, բնապահպանական լսումներին ներկա գյուղապետերը այդպես էլ նշումներ անելու, հարցեր տալու և առաջարկություններ անելու հնարավորություն չունեցան: Իսկ փոխմարզպետ Արսեն Դարբինյանը զարմացած հարցրեց նախարարության գլխավոր մասնագետին. «Բա խի՞ ենք հմի սա լսում, բան չլսեցինք, որ առաջարկություն, կամ մի բան ասենք»:

Մեկնաբանություններ (3)

Arman
Լսումները կազմակերպվել էին նախատեսվող գործունեության նախնական գնահատման հայտի վերաբերյալ, որը կազմված է օրենքի պահանջին համապատասխան: Նախատեսվող գործունեության հիմական ազդեցությունը գնահատվում է փորձաքննության հիմնական փուլում տրամադրված տեխնիկական առաջադրանքին և օրենքի պահանջին համապատասխան: Դրա համար անհրաժեշտ է տարբերակել նշված փուլերը և առաջադրված հարցերը:
Armen
Որպիսի ամեն ինչ լավ լինի, մասնակցողները պետք է նախապես ծանոթանան նյութին, նախապես ուղարկված ծանուցումներին և չշեղվեն օրենքի պահանջներից, իսկ մնացածը պատշաճ ներկայացված էր: Ասեմ, որ համաձայն կառավարության կարգի լսումների պատասխանատուն մարզպետարանն է, որը ծանուցված է եղել: Լավ կլինի դուք էլ ծանոթանաք օրենքներին, հասարակական քննարկումները մեկնաբանելուց առաջ:
Լարիսա Փարեմուզյան
Արմեն , կարող ես ասել քո ասած փուլերը ով պետք է տարբերի: Նախ առաջինը դա դու պետք է տարբերեիր և այդ մասին հավաքված մարդկանց ճիշտ ներկայացնեիր խնդիր: Նախնական հայտում չի հայտնվու?մ շինարարության ընթացքում հնարավոր բնապահպանական խնդիրների մասին: Հետո Ձեր քննարկման ուղղվածության մասին նախապես դուք պետք է հայտնեիք փոխմարզպետին, որ մարդը նման անհարմար վիճակում չհայտնվեր: Ձեր գործը ճիշտ կատարեք և ամեն ինչ լավ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter