2014-ին Հայաստանը ավելացրել է Թուրքիայից թռչնի և թռչնամսի ներմուծումը
Այսօրվանից արգելվել է Թուրքիայից Հայաստանի ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հայտարարել է, որ որոշումը կայացվել է Թուրքիայում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով:
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներից տեղեկանում ենք, որ նախորդ տարի Հայաստան ներմուծված 31,9 հազ. տոննա ընտանի թռչնամսից 919,8 տոննան ներմուծվել է Թուրքիայից, որի մաքսային արժեքը կազմել է 1,245 մլն դոլար: 2014 թվականից առաջ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներմուծվել կամ ներմուծվել է փոքր ծավալով: 2013-ին, օրինակ, ներմուծվել է 45,4 տոննա՝ 87,2 հազ. դոլար մաքսային արժեքով: Նախորդ տարի Հայաստանը թռչնամիս է ներմուծել հիմնականում Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Չինաստանից ու Ռուսաստանից:
Իսկ ինչ վերաբերում է կենդանի վիճակում ընտանի թռչուններին, ապա Թուրքիայից նեմուծման պատկերը վերջին 4 տարիներին հետևյալն է.
Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 8 մլն հատ ընտանի կենդանի թռչուն: Թուրքիայից Հայաստան ներմուծված կենդանի թռչնի մաքսային արժեքը կազմել է 531,4 հազ. դոլար, որը 337,6 հազ. դոլարով գերազանցում է 2013-ի ցուցանիշը:
Մյուս արգելված ապրանքախումբը ձուն է: Մաքսայինի նախորդ տարվա վիճակագրության մեջ նշվում է, որ Թուրքիայից Հայաստան չի ներմուծվել ոչ ձու, ոչ էլ ձվի փոշի: 2013-ին ներմուծվել է ընդամենը 720 հազ. հատ ձու՝ 80,4 հազ. դոլարի:
ՍԱՊԾ-ն հիշեցնում է, որ Թուրքիայի Հանրապետությունից ներկրվող սննդամթերքը սահմանված կարգով ենթարկվում է պարտադիր լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել