
Նոր նամականիշեր` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով
«Հայփոստ» ՓԲԸ-ն մայիսի 6-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով մեկ նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը.
«Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և «Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը: Մարումն իրականացվել է նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի ներկայությամբ:
![]() |
«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» (1 փոստային նամականիշ) Թողարկման օրը` 06 մայիսի, 2015թ. Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան Տպարանը` Lowe Martin Group, Կանադա Չափսերը` 30,0 x 40,0 մմ Տպաքանակը՝ 50 000 |
Մորգենթաուի հոդվածները և գրքերն արժանահավատ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։Հենրի Մորգենթաուն 1913–16 թթ.-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։
![]() |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի 100-ամյակը (գեղաթերթիկ 1 նամականիշով) Թողարկման օրը` 06 մայիսի 2015թ. Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան Տպարանը` Cartor, Ֆրանսիա Նամականիշի չափսերը` 26,0 x 40,0 մմ Գեղաթերթիկի չափսերը` 70,0 x 90,0 մմ Տպաքանակը՝ 20 000 |
Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ է ստեղծվում Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն` Ամերկոմը ( American Committee for Relief in the Near East, ACRNE), որը հիմնադրվել է 1915 թ., Մերձավոր Արևելքի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։
Արձագանքելով դեսպան Մորգենթաուի կոչին, որ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքի կարիքավոր բնակչությանը անհապաղ օգնություն տրամադրել, ստեղծվում է մի հատուկ կոմիտե, որը ստանում ԱՄՆ պաշտոնյաների, ներառյալ, նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությունը: Կոմիտեն կարողացավ Պոլսում գտնվող ԱՄՆ դեսպանատան միջոցով գումար և հագուստ տրամադրել կարիքավորներին, որոնց օգնությունը բաշխվում էր շրջաններում գտնվող հյուպատոսների և միսիոներների միջոցով: Մոտավոր հաշվարկով տրամադրվել է 117 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նպաստամատույց կոմիտեի գործունեության շնորհիվ փրկվել են տարածաշրջանով սփռված 132 000 հայ որբեր:
Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն»: Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառն է` Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին»:
ՀայՓոստ ՓԲԸ, ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ ՓԲԸ
Մեկնաբանել