
Ախուրյանի բժշկական կենտրոնում վերջին տասնամյակում բուժսարքավորումների միայն 5 տոկոսն է թարմացվել
Մոտ 10 հազար բնակիչ ունեցող Ախուրյանը Շիրակի մարզում միակն է, որտեղ դեռ կարելի է հանդիպել տնակային պայմաններում գործող բուժհաստատության:
Ախուրյանի նախկին շրջանային հիվանդանոցի տարածքում երկրաշարժից հետո այդպես էլ նորը չկառուցվեց: Շենքը վնասվել էր եւ ենթակա էր քանդման: Բազմապրոֆիլ հիվանդանոցի բաժանմունքներն ու պոլիկլինիկան մի կերպ տեղավորվեցին ժամանակավոր, տնակային կառույցում: Միակ քարաշեն շինությունը հետերկրաշարժյան տարիներին տրամադրվեց ինֆեկցիոն եւ պրոկտոլոգիական բաժանմունքներին:
Ախուրյանի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Շողիկ Մակարյանն ասում է, որ ներկայում խոսել մեկ ամբողջական, կենտրոնացված կառույցի շինարարության մասին այլեւս արդիական չէ:
![]() |
![]() |
«Մեր հարեւանությամբ գործում է Ախուրյանի «Մոր եւ մանկան» կենտրոնը, այսինքն՝ ծննդաբերական բաժանմունք մենք այլեւս չունենք: Վիրաբուժական լայն պրոֆիլի գործառույթ նույնպես չենք իրականացնում: Մինչ օրս պահպանված է պրոկտոլոգիայի բաժանմունքը՝ շնորհիվ վաստակաշատ վիրաբույժ, պրոկտոլոգ Լեւոն Թորոսյանի, ում մոտ վիրահատվելու համար Ախուրյան էին գալիս անգամ արտերկրից: Դե հետագայում ինֆեկցիոնն էլ փակվեց, եւ մենք պոլիկլինիկան տեղափոխեցինք քարաշեն կառույցի այդ հատված, բայց որոշ կաբինետներ՝ ֆիզիոթերապեւտի, հոգեբուժության, օնկոլոգիայի, ցավոք, դեռ տնակներում են: Տարածքում կա վերանորոգման կարիք ունեցող երկու քարաշեն կառույց՝ դրանց հարմարեցմամբ հնարավոր կլիներ ձերբազատվել տնակային տնտեսությունից»,-բացատրում է գործադիր տնօրենը:
Մինչեւ 2006-ը Ախուրյանի հիվանդանոցը, պոլիկլինիկան եւ շտապօգնությունը գործել են առանձին: 2007-ին օպտիմալացման արդյունքում դրանք միավորվեցին: Ախուրյանի բժշկական կենտրոնում առողջության առաջնային պահպանման ծրագրով սպասարկվում է 10 հազար, իսկ դիսպանսերային ծառայության կողմից՝ 46 հազար բնակիչ՝ ներառյալ Ախուրյանի տարածաշրջանի նախկին գյուղական համայնքները:
Կենտրոնը 90% ֆինանսավորում ստանում է պետությունից, եւ միայն սեփական բյուջեի 10 %-ն է ձեւավորվում մատուցվող վճարովի ծառայություններից: Սուղ բյուջեով կարողանում են միայն 150 աշխատակցի աշխատավարձի խնդիրը լուծել: Նոր բուժսարքավորումներ ձեռք բերելու մասին խոսելիս հաճախ գործածում են «այ, եթե բարերար լիներ կամ նախարարությունը օգներ» արտահայտությունը: Բուժսարքավորումների վերջին թարմացումը եղել է 8-9 տարի առաջ:
Թարմացման կարիք ունեն հատկապես ռենտգեն եւ ֆիզիոթերապեւտիկ կաբինետներում գործածվող բուժսարքավորումները: Ռենտգեն-լաբորանտ Օֆելյա Համբարյանն ուղեկցում է նախկին շրջանային հիվանդանոցի լվացքատան շենքում տեղակայված ռենտգեն կաբինետ: «Սիմենս» ֆիրմայի սարքավորումները ստացել են երկրաշարժից անմիջապես հետո եւ մինչ օրս օգտագործում են:
«Օգտագործելն օգտագործում ենք, բայց դե նկարները լավ դուրս չեն գալիս,-խոստովանում է Օֆելյա Համբարյանը,-հատկապես, եթե հիվանդը չաղլիկ է, չենք կարողանում նորմալ թոքերը նկարել, խորհուրդ ենք տալիս, որ ավելորդ ճառագայթում չստանա, միանգամից գնա ուրիշ տեղ նկարվի: Բայց դե մարդիկ, եթե գալիս են պոլիկլինիկա, ուրեմն ուղեգրված են, շատ դեպքերում էդ գումարը չունեն այլ տեղի վճարովի ծառայությունից օգտվեն, խնդրում են, թե բան չկա՝ նկարեք: Բայց եթե բժշկուհին գրում է «կրկնել» վատ պատկերի պատճառով, մենք էլ չենք նկարում, ասում ենք՝ գնացեք ուրիշ տեղ»:
Տարածքը, որտեղ կատարվում են ռենտգեն եւ ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունները, երեք տարի առաջ վերանորոգվել է, պատերը հաստացրել են, սակայն ջրի եւ կոյուղու հարցն այդպես էլ չի լուծվել: «Նախքան երկրաշարժն, իհարկե, ամեն ինչ տեղը տեղին էր. ե՛ւ հովհարային համակարգն է կարգին եղել, ե՛ւ հոսող ջուր ենք ունեցել: Հիմի դույլերով ջուր եմ բերում, որ պլյոնկա պրայավկա անեմ: Հիվանդը վատ է զգում, չես կարողանում տեղում նորմալ օգնություն ցույց տաս, գոնե մի բաժակ ջուր տաս»,-նկատում է Օ. Համբարյանը:
Ռենտգեն ծառայության հետ կապված մյուս խնդիրը տարածքային է. «Մեր կաբինետը «դոմիկների» մեջ է, ռենտգեն կաբինետն էստեղ է, ես շատ ժամանակ գնում եմ պոլիկլինիկա տարբեր հարցերով ու հիվանդը գալիս սկսում է մեզ ման գալ: Որ մի տեղում լինեինք, համ մենք ռացիոնալ կաշխատեինք, համ հիվանդը չէր ներվայնանա»,- հավելում է զրուցակիցս:
30 տարվա վաղեմության բուժսարքավորումները նորով փոխարինելը Ախուրյանի բժշկական կենտրոնի առաջնահերթությունների թվում է: «Մենք ամեն տարի մեզ անհրաժեշտ բուժսարքավորումների ցանկը ներկայացնում ենք մարզպետարան եւ նախարարություն: Ամեն անգամ խոստանում են, որ հնարավորության դեպքում կօգնեն, սակայն դեռ տեղաշարժ չկա,-ասում է Շողիկ Մակարյանը,-իսկ ինչ վերաբերում է ձեր անհանգստությանը, թե հին սարքավորումների ճառագայթումն ավելի մեծ է, ապա, եթե այդպես լիներ, ճառագայթման ինստիտուտից մեզ չէին թույլատրի աշխատել: Նրանք միշտ գալիս են, չափումներ են կատարում: Ամեն դեպքում ունեցած սարքավորումների շահագործումը թույլատրված է»:
Ախուրյանի բժշկական կենտրոնում ռենտգենոսկոպիա չեն անում, որովհետեւ չունեն համապատասխան սարքավորում, միայն ռենտգենոգրաֆիա են անում: Ֆիզիոթերապեւտիկ կաբինետում առկա սարքավորուներից մեկն արտադրված է 1979թ., մյուսը՝ 1985թ.: Խորհրդային արտադրության այս բուժսարքավորումներով կատարում են ֆիզիոթերապեւտիկ, վերականգնողական բուժումներ: Էլեկտրակարդիոգրամայի պորտատիվ նոր ապարտն իրենց միջոցներով գնել են երկու-երեք տարի առաջ՝ կարելի է ասել վերջին շրջանի միակ թարմացումն է:
«Կենտրոնացված գնումներով օզոնատոր ենք ստացել, էլեկտրակուագուլյատոր ենք ստացել, էլեկտրասրտագրության ապարատ, կոլոնոսկոպ, բայց ասեմ, որ վերջին սերնդի ոչ մի բուժսարքավորում չունենք, 10-ամյա հնության սարքերն էլ մեր ունեցածի մի 5 տոկոսն են կազմում ու, իհարկե, ցանկալի կլիներ թարմացնել դրանք»,- ասում է Ախուրյանի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը:
Մեկնաբանել