Հափշտակել են 167 մլն դրամ՝ կեղծ ՀԴՄ կտրոնների միջոցով
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է խարդախություն կատարելու և առևտրային կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Ի. Գևորգյանը 2010թ. հուլիսից մինչև 2010թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 166 775 568 դրամ գումար, ինչպես նաև առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողներին տվել են 3 525 000 դրամ առևտրային կաշառք:
Ըստ քրեական գործի նյութերի` ՀՀ կառավարության «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» 30.10.2008թ. թիվ 1330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող ֆիզիկական անձանց կողմից ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով մինչև 2010թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են տարածքային հարկային տեսչություններ և ստացել կտրոնների վրա արտացոլված գործարքի լրիվ արժեքի մեկ տոկոսի չափով վճարվող բոնուսային գումար:
Հետագայում ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնների դիմաց բոնուսների վճարման գործառույթն իրականացրել են «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքներրը:
Ի. Գևորգյանը մինչև 2010թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում տարածքային հարկային մարմիններում և մի շարք փոստային բաժանմունքներում անձամբ իր անձնագրով հանձնել է հավաքած ՀԴՄ կտրոնների խմբաքանակներ և ստացել բոնուսային գումարներ:
2010թ. հուլիսին Ի. Գևորգյանը չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի հասնող բոնուսային գումարների` խարդախության եղանակով հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Ս. Թազիյանի հետ` ընդգրկվելով այդ նպատակով ստեղծված կազմակերպված կայուն խմբում:
Իրենց անձը քողարկելու և չբացահայտվելու նպատակով Ի. Գևորգյանը դիմել է իր ուսանող ընկերներին և ՀԴՄ օրինական կտրոններ հանձնելու պատրվակով խնդրել նրանց տարբեր քաղաքացիներից անձնագրերի պատճեներ հավաքել: Վերջիններս, օգտագործելով իրենց մտերմական, ընկերական և հարազատական կապերը, հավաքել են շուրջ 200-ից ավելի քաղաքացիների անձնագրերի պատճեներ: Իսկ Ի. Գևորգյանը որոշ քաղաքացիների շահագրգռելու համար յուրաքանչյուր պատճեի համար վճարել է 500-1000 դրամ:
Բացի դրանից՝ Ի. Գևորգյանը Ս. Թազիյանից ստացել է տարբեր կազմակերպությունների 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում ելքագրված և այդ ընկերությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ: Ապա դրանք ընդգրկելով այլ կազմակերպությունների ելքագրած օրինական ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում` նախապես հավաքված անձնագրերի պատճեներով հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի փոստային բաժանմունքներ և խարդախությամբ հափշտակել բոնուսային գումարներ:
Վերջիններս, տեղյակ լինելով, որ ըստ սահմանված կարգի բոնուսային գումարները «Հայփոստի» բաժանմունքներից ստանալու համար ենթակա են վճարման անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պայմաններում, «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի փոստային բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել և որպես առևտրային կաշառք տվել են ընդհանուր առմամբ 3 525 000 դրամ գումար:
Արդյունքում խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են ՀԴՄ կեղծ կտրոններ պարունակող կտրոնների խմբաքանակների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 166 775 568 դրամ բոնուսային գումար:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ի. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Ս. Թազիյանը նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ փոստային բաժանմունքների պատասխանատու անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել