Վանաձորի քաղաքապետարանին չհաջողվեց խնայողություններ անել ավագանու հաշվին
Գայանե Սարգսյան
Ավագանին բյուջեի փոփոխությունները հաստատեց, երբ քաղաքապետարանը ավագանու գործունեության համար «գտավ» 1 մլն դրամը
Վանաձորի ավագանու մայիսի 7-ի նիստում քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը ավագանու հաստատմանը ներկայացրեց պետբյուջեից հատկացվող դոտացիաների, սուբվենցիաների ճշգրտված չափերը, ինչի արդյունքում բյուջեի եկամտային ու ծախսային մասում տեղի էին ունեցել որոշակի փոփոխություններ:
«Պետբյուջեից տրվող դոտացիայի չափը համայնքի 2015թ.-ի բյուջեով հաստատվել է 1 մլրդ 253 մլն դրամ, պետական բյուջեից 12 մլն ավել՝ 1 մլրդ 265 մլն դրամ է հատկացվել: Ճշտվել է համայնքին տրվող §այլ¦ դոտացիայի չափը. բյուջեով հաստատվել է 246,5 մլն դրամ, պետբյուջեից հատկացվել է 126,6 մլն դրամ, այսինքն` շուրջ 120 մլն-ով պակաս: Համայնքին տրվող սուբվենցիաների չափը 2015թ.-ի համայնքային բյուջեով հաստատվել է 20 մլն 982 հազար դրամ, պետբյուջեով՝ 7,201 հազար դրամ: Արդյունքում` սուբվենցիան պակասել է 15 մլն 738 հազար դրամով: Համայնքային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը նախապես հաստատված 2 մլն 70 հազար դրամի փոխարեն փաստացի կազմել է 19 մլն 958 հազար դրամ: Բյուջեի նախորդ տարվա պարտքերի չափը հաստատվել էր 6 մլն 600 հազար դրամ, սակայն փաստացի կազմել է 40 մլն 852 հազար դրամ»,- տեղեկացրեց ֆինբաժնի պետը:
Վերը նշված փոփոխությունների արդյունքում բյուջով նախատեսված մի շարք ծախսեր կրճատվել են, այդ թվում նաեւ` 2015թ.-ի բյուջեով նախատեսված ավագանու անդամի գործունեության փոխհատուցման համար նախատեսված 1 մլն 134.000 դրամը: Հանվել էր նաեւ համատիրություններին աջակցելու համար նախատեսված 1 մլն դրամը, Լոռու մարզային արտակարգ իրավիճակների հիմնադրամին աջակցության նպատակով նախատեսված 500.000 դրամը, Վանաձորի հասարակական կազակերպություններին տողով նախատեսված 2 մլն դրամը պակասեցվել է 1.700.000-ի, սպորտային միջոցառումներ տողի 10.916.600 դրամը՝ 259.000-ի, մշակութային միջոցառումներ տողի 16 մլն-ը՝ 480.000-ի, սոցիալական ծրագրեր տողի 17 մլն-ը՝ 5.309.000 դրամի:
Ավագանու անդամների գործունեության համար նախատեսված գումարի կրճատումն ավագանին բացասաբար ընդունեց: §Բոլորն էլ տեղյակ են, որ ավագանին այդ գումարը չի վերցնում, այն ուղղվում է բարեգործությանը: Ես խոսել եմ ֆինբաժնի պետի հետ, վերջինս ասաց, որ կրճատվել են այն կետերը, որոնցով պայմանագրեր չկան: Որքան գիտեմ պայմանագրեր չկան նաեւ §աջակցություն լրատվամիջոցներին¦ կետով, բայց այդ կետը չի կրճատվել: Դուրս եկավ ավագանու գործունեությունն ավելի քիչ է կարեւորվել ու կրճատվել է, չէ՞: Ավագանու յուրաքանչյուր անդամին փոխհատոցում է հասնում: Նրանցից որեւէ մեկը, եթե հունվարին իր հասանելիք գումարն արդեն վերցրած լիներ, ինչպե՞ս էր կրճատվելու այդ ծախսը¦,- հայտնեց ավագանու անդամ Արմեն Մատինյանը:
«Մոտեցումն իրոք այդպես է եղել: Մենք աշխատել ենք կրճատումներ անել այն ծրագրերից, որոնց մասով պայմանագրեր չունենք եւ որոնք կամավոր լիազորությունների մեջ են: Ինչ վերաբերում է ավագանուն հատկացնելիք միջոցներին` 15 տարի է, այդ միջոցները մենք նախատեսում ենք եւ տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր ավագանու անդամներն իրենց գործունեության ժամանակ դա օգտագործելու խնդիր չեն ունենում: Բացի այդ, մենք կրճատել ենք կամավոր ծրագրերը, մնացել է երեք ծրագիր սոցիալական աջակցությունների գծով` զոհված ազատամարտիկների ընտանիքների համար վառելափայտի ձեռքբերման, անապահով տարեցներին տաք սնունդով ապահովելու եւ լավագույն մարզիկներին ամենամսյա նպաստ նշանակելու տողերը: Եթե մենք ավագանուն հատկացվող գումարը չհանեինք` պետք է հանեինք այդ ծրագրերից որեւէ մեկը: Հիմա, եթե դուք կորոշեք, որ ավագանուն հասանելիք գումարն ավելի կարեւոր է, քան ասենք ազատամարտիկների ընտանիքներին գումար հատկացնելը, կփոխենք տեղերը»,- փորձեց արվածը հիմնավորել քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը:
«Դուք ազատամարտիկներին եք օրինակ բերում, իսկ ինչպե՞ս է, որ լրատվամիջոցներին տրվող գումարը չի կրճատվում, մերը` կրճատվում է: Մեզ փաստի առաջ եք կանգնեցնում, մենք հաստատ չենք ուզում դա հանենք»,- հակադարձեց Ա. Մատինյանը:
Ա. Սուքիասյանի դիտարկումը դժգոհություն առաջացրեց նաեւ ավագանու մյուս անդամների մոտ: Հարցին միջամտեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը: §Եթե մենք ասում ենք ազատամարտիկներին, տարեցներին կամ մարզիկներին գումար ենք հատկացնում, էլի ավագանին է հատկացնում: Թող էստեղ նստածներից որեւէ մեկը չմոռանա, որ համայնքային բյուջեի, համայնքային գույքի տերը ավագանին է, ոչ թե քաղաքապետը կամ քաղաքապետարանի բաժիններից որեւէ մեկի պետը»,- նշեց նա: Ապա դիմելով Ա. Մատինյանին ավելացրեց`բյուջեի տերը դու ես ու քո ընկերները:
Քաղաքապետը հարկ համարեց հիշեցնել, որ կրճատվել են նաեւ քաղաքապետի կամավոր լիազորությունների շրջանակում նախատեսված ծախսերը: «Քաղաքապետի ամբողջ սոցիալական օգնությունների ֆոնդը մենք հանել ենք: Նախկինում կարողանում էինք 30, 40, 50.000 դրամով օգնություններ տալ, մայիսի կեսերից այլեւս որեւէ մեկին մեկ դրամ հատկացնելու իրավունք չունենք, որովհետեւ գումար չկա: Ավագանին ինձ լիազորություն էր տվել, որ սոցիալական օգնություններ տամ, հետո ավագանու անդամներից, քաղաքապետարանից, սոցծառայությունից հանձնաժողով ստեղծեցինք, բայց հիմա քանի որ գումար չկա` որոշեցինք այլեւս սոցիալական օգնություններ չտալ եւ թողնել միայն նշված երեք տողերը»:
Ֆինբաժնի պետը ավագանուն թողեց որոշել, թե որ ծախսն են ուզում կրճատել իրենց հասանելիք գումարը վերականգնելու համար: Ի պատասխան ավագանու անդամ Վահագն Դավիթավյանը նշեց. «100 մլն դրամի փոփոխություն եք անում, գտնում եմ, որ էդ 1 մլն-ի տեղն էլ կգտնեք: Ինձ տարեկան հասնում է 54.000 դրամ, ես պետք է ծախսեմ իմ գործունեության համար»:
Քաղաքապետն առաջարկեց ներկայացված նախագծին կողմ քվեարկել խոստանալով` հենց որ լրացուցիչ 1 մլն դրամ հավաքագրվի` հատկացնի ավագանուն: Քաղաքապետի առաջարկը չընդունվեց: «Հետո կասեն փող չկա»,- նշեց Վ. Դավիթավյանն` առաջարկելով այլ տողերից կրճատումներ անել ու վերականգնել նախատեսված գումարը:
«Էս հարցը որ հիմա մերժենք, մյուս անգամ նախագիծը ներկայացնելուց առաջ արդեն ուշադիր կլինեք, մեր հետ խորհուրդ կանեք, նմանատիպ նախագիծ չեք ներկայացնի ու մեզ վատ վիճակի մեջ չեք դնի»,- ֆինբաժնի պետին դիմեց Խորեն Վարդանյանը:
Նիստին ներկա ավագանու 12 անդամները 11 դեմ, 1 ձեռնպահ ձայներով մերժեցին նախագիծը: «Ժամանակին պետք է ճիշտ դրվեր հարցը: Եթե ավագանու գումարը հանվում է` նիստից առաջ ավագանու անդամների հետ պետք է խոսվի, ասվի՝ համաձայն ե՞ք այդ գումարը հանենք, թե՝ ոչ: Ավագանին էլ ասում է՝ եթե առանց իմ հետ քննարկելու իմ լիազորությունների համար տրված գումարը հանում եք, ես դեմ եմ, բյուջեի տերն էլ ես եմ, դուք չեք, որ ոնց ուզում` էդպես էլ անում եք: Ու շատ ճիշտ են ասում»,- հարցը եզրափակեց Ս. Դարբինյանը:
Ֆինբաժնի պետը լքեց նիստերի դահլիճն ու որոշ ժամանակ անց վերադարձավ ավագանու գործունեության համար նախատեսված 1 մլն դրամը «գտած»: «Կապի ծառայություններ կետից 1 մլն հանում ենք, դնում այդ գումարի տեղը»,- տեղեկացրեց նա: Այս փոփոխությամբ ավագանին միաձայն հաստատեց նախագիծը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել