Ոստիկանության ավագ տեսուչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գեորգի Մելիքյանը «Տրիումֆ» սրճարանի մոտից 2010թ. հունիսի 19-ին բերման ենթարկված դեպքի մասնակիցներից և ականատեսներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ:
Այսպես, 2010թ. հունիսի 19-ին Երևան քաղաքի Իսահակյան փողոցի «Տրիումֆ» սրճարանի դիմաց ՀՀ քաղաքացի Դ. Քրիստոստուրյանի և ԱՄՆ քաղաքացի Է. Մնացականյանի խոսակցությունը վերածվել է վիճաբանության: Նրանք սկսել են իրար քաշքշել, հայհոյել և հարվածել միմյանց, ինչի հետևանքով Դ. Քրիստոստուրյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Գ. Մելիքյանը հիշյալ միջադեպի կապակցությամբ, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնին կից ՊՊՎ բաժնի ոստիկան Սամվել Գևորգյանի կողմից հիշյալ խուլիգանական գործողությունները կանխելու ժամանակ իր մոտ ապօրինի պահվող գազային ատրճանակից կրակելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության աշխատակցի ապօրինի կերպով զենք կրելու և օգտագործելու, ինչպես նաև դեպքի իրական հանգամանքները թաքցնելով նյութերը շուտ ավարտելու, օտարերկրյա քաղաքացուն բաժնում պահելու հետ կապված հետագայում խնդիրներ չունենալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ դեպքի մասնակիցներից և ականատեսներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ:
Սրանով Գ. Մելիքյանը նպատակ է հետապնդել ցույց տալ, թե վիճաբանողները եղել են ընկերներ, իսկ Է. Մնացականյանը` նրանց բաժանող:
Արդյունքում Գ. Մելիքյանն Էդգար Մնացականյանին հնարավորություն է ընձեռել Հայաստանից մեկնելու և խոչընդոտել քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը ապահովելուն, այլ մասնակիցների շրջանակը պարզելուն:
Ավելին, 2010թ. հունիսի 20-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել «Տրիումֆ» սրճարանի դիմաց կատարված խուլիգանության և կրակոցի մասին, որից հետո խուլիգանության դեպքը թաքցնելու հանգամանքը վերականգնելու նպատակով Գ. Մելիքյանը բաժին է հրավիրել Դ. Քրիստոստուրյանին և Ռ. Մելիքյանին, նրանցից վերցրել է լրացուցիչ բացատրություններ` իբր վերջիններիս վիճաբանության ընթացքում դիտողություն են արել պատահական անցորդները:
Վերջիններս, դիտողությունը ցավագին ընդունելով, վիճաբանել են նրանց հետ, որը վերածվել է խուլիգանության: Այս անգամ Գ. Մելիքյանը կրկին թաքցրել է խուլիգանությանը` Է. Մնացականյանի մասնակցությունը և նյութերն ուղարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գ. Մելիքյանին հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Գ. Մելիքյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է համարել նաև ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը Գ. Մելիքյանի ներկայացրած բողոքը հետ է վերադարձրել:
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար դատապարտված Գ. Մելիքյանը նախաքննական փուլում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել