HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրողական սպորտից պրոֆեսիոնալ ծանրամարտ. Եվրոպայի չեմպիոնը՝ Ջավախքից

23-ամյա ջավախքցի Սիփան Շիպակցյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց և դարձավ Եվրոպայի չեմպիոն 75 կգ քաշային կարգում (ծանրաձողի բարձրացում պառկած, այլ կեպր՝ ուժային ժիմ պառկած)` ներկայացնելով Վրաստանը: 20-23 տարիքային խմբում, իր 72 կգ քաշով բարձրացրել է 130 կիլոգրամանոց ծանրաձողը և գերազանցել իր ռուս մրցակցին. 

Անցյալ տարվա դեկտեմբերին Սիփանը դարձել էր Վրաստանի չեմպիոն:

Ծանրաձողի մոտենալու երեք հնարավորությունները մրցակիցները սկսլ են 90-ից և բարձրացրել մինչև 110 կգ: Բայց Սիփանը սկսել է 120-ով, բարձրացրել է 130-ը, միայն վերջին 140 կգ-ն չի կարողացել: Սակայն 145 կգ բարձրացնելու փորձ ունի: Պատրաստվում է արդյունքը հասցնել մինչև 160-ի: 

Հաղթանակների ժամանակ, երբ ոսկե մեդալներ է ստացել, Սիփանի աչքերից ուրախության արցունքներ են հոսել: Եվրոպայի չեմպիոն դառնալուն հաջորդող գիշերը քնից արթնանացել ու երազ է թվացել իրեն այդ ամենը: Բայց երազը, պարզվել է, որ առօրյայում էլ է իրական եղել, երբ հանրախանութներում կամ այլ վայրերում նրան տեսնելիս մարդիկ ասել են՝ «էս իս բիճիա»՝ սա այն տղան էր:

Փեսացուն՝ Ջավախքից

Սիփանը ծնվել և մեծացել է Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում: Սպորտի համար նախադրյալներ Ջավախքի գյուղերի մեծ մասում չկան: «Փոքր ժամանակ՝ 8-րդ դասարանում, մի սպորտդահլիճ ունեինք, տուռնիկ կար ու ծանրաձող: Գնում խնդրում էի, որ բանալիները տային, որ մտնեի զբաղվեի: Բայց որ ասեմ՝ շատ էի զբաղվում, էդքան էլ չէ: Փոքր ժամանակ վազել եմ, բայց ֆուտբոլ խաղալ լավ չգիտեմ, վոլեյբոլ՝ մի քիչ, սեղանի թենիս եմ լավ խաղում, մնացած սպորտաձևերից զրո եմ»,-անկեղծանում է Սիփանը:

Ուսման նպատակով 5 տարի առաջ մեկնել է Թբիլիսի և ընդունվել Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ: Շուտով կավարտի բուհը:  Ընտանիքը ապրում է Ազավրեթում:

Թբիլիսիում վարձակալած բնակարանի իր ավագ ընկեր Արթուրը, ով հարևան գյուղից էր և նույն բուհում էր սովորում, հորդորել է իր հետ մարզասրահ հաճախել և սպորտով զբաղվել: Սիրողական սպորտը նրան հասցրել է պրոֆեսիոնալ մակարդակի, երբ մարզասրահի մարզիչներից մեկը նկատել է Սիփանի  հնարավորությունները և նրա հետ սկսել լրջորեն պարապել:

«Արթուրն ասաց՝ տանը քնելու փոխարեն, արի հետս: Ես էլ գնացի մարզադահլիճ: Մի տատի կար, էդ տատին ինչ քաշով որ պարապում էր, ես էլ նույնն էի պարապում, շատ չէի կարողանում բարձրացնել: Հետո ահագին պարապեցի, մարզիչը նկատել էր, որ արդյունք կար, սկսեց հետս լուրջ պարապել»,-պատմում է Սիփանը:

Սիփանը զգուշացնում է, որ անպայման նշեմ Արթուրի մասին, ում շնորհիվ ինքը դարձել է չեմպիոն: «Շատ կարևոր է, թե ում ես հանդիպում կյանքում: Կարող է ես այնպիսի մարդկանց հանդիպեի, որոնք ինձ կազինո խաղալու տանեին և կյանքս այդ ուղղությամբ գնար, բայց ես հանդիպել եմ մեկին, ով միշտ լավ բաներ է ինձ սովորեցրել»,-ասում է նա:

Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո, երբ գյուղ է գնացել Սիփանի պատվին մոզի են մորթել: Սիփանը կատակում է՝ իր հարսանիքն էր կարծես թե այդ օրը, միայն հարսն էր պակասում: Այնինչ դեռ ոչ հարսնացու ունի, ոչ էլ ընտրյալ: «Գյուղում շատերը չգիտեին, ինձ ասում են՝ թաքուն-թաքուն գնացիր Եվրոպայի չեմպիոն դարձավ, բայց ես ի՞նչ պիտի ասեի»,-ամոթխած պատմում է Սիփանը:

Չեմպիոնը՝ առանց ծափերի

«Ինձ համար շատ դժվար է  եղել այն պահը, երբ գնում ես մրցման, եթե վրացու հերթն է, հարյուր կամ հազար հոգի երկրպագող ունի, ոգևորում են ու գոռում են անունը՝ Գիո կամ Դաթո: Ես որ մոտենում էի ծանրաձողին, ոչ մի ձայն չէր լինում: Իմ մարզիչ Զուրաբ Ճավճանիձեն է միայն ոգևորում ինձ այդ ժամանակ»,-պատմում է Սիփանը:

Սիփանի՝ մրցույթներին մասնակցելու ծախսերը հիմնականում հոգում է բուհը, քանի որ ինքն այդքան հնարավորություններ չունի: Ընկերներին կամ հարազատներին իր հետ տանելու համար հավելյալ ծախսեր են պետք: Ուստի, սովորաբար մրցումներին նա երկրպագուներ չի ունենում: 

Ավելին, Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ծախսերը ստպված է եղել ինքը հոգալ: Բայց այս անգամ հայրը և եղբայրը Ջավախքից եկել էին նրան երկրպագելու և Սիփանի ուսանողական ընկերները: 

«Հայ վրացի տարբերությունը միշտ էլ կա, միայն ես ուսման մեջ չեմ տեսել դա: Դասախոսները շատ մարդկային վերաբերմունք են ցուցաբերել և իմ նկատմամբ տարբերություն չեն դրել»,-ասում է Սիփանը: Նրա ասելով, բուհում կոռուպցիա չկա, քննության համար երբևէ որևէ մեկն իրենց գումար չի ուզել: Վրաստանի կրթական համակարգը դուր է գալիս Սիփանին: Համալսարանում էլ բարձր առաջադիմություն ունի: Արդեն տիրապետում է վրացերենին և կողմ է, որ հայերը իմանան երկրի պետական լեզուն: «Երևանում ապրողն էլ հայերեն չիմանալ չի կարող»,-ասում է նա: Սակայն կարծում է, որ, օրինակ, Հայոց պատմությունը, հայ երեխաները չպետք է սովորեն ընդհանուր պատմության դասագրքում, ընդ որում՝ տեքստի մի մասը հայատառ, մնացյալ մասը՝ վրացերեն: «Եթե դպրոցը հայկական է, ճիշտ է, վրացերենը պիտի սովորեն, բայց Հայոց պատմությունը մեկ էջի վրա մի էսքան հայերեն է գրած, էսքանը՝ վրացերեն (ցույց է տալիս ձեռքով-հեղ.), ո՞ւմ է պետք դա: Սրանք ուզում են մարդկանց վրացացնել, բայց չի ստացվի»,-ասում է Սիփանը:

Երիտասարդ իրավաբանը նկատել է, որ տարեցները հայերի նկատմամբ շատ ավելի լավ են տրամադրված, քան իր հասակակիցները: Նրանց մոտ ազգայնամոլությունն ավելի ընդգծված է:

Սիփանն ուզում է վերադառնալ Ջավախք և որևէ աշխատանք գտնել այնտեղ: Ասում է՝ հայերենի և վրացերենի իմացությունով մասնագետները Ջավախքին անհրաժեշտ են և կարող են օգտակար լինել: Իսկ մինչ այդ պարապելու է, որպեսզի 30 կգ-ով ավել բարձրացնի ծանրաձողի քաշը, չէ որ առաջիկայում Սևծովյան, այնուհետև աշխարհի առաջնության մրցումներն են:  Եվ միաժամանակ մտադիր է շարունակել ուսումը մագիստրատուրայում:

Թալիսման դարձած տատին

Օրերս Թբիլիսիի սպորտդահլիճի տատին նորից է տեսել Սիփանին. «Շիպակցյան, տես դու ուր հասար, ես ուր մնացի»,-կատակել է նա: Տատին խնդրել է Սիփանին՝ վերնաշապիկը նվիրել իրեն: Այժմ տատին Սիփանի վերնաշապիոկով է սպորտդահլիճ հաճախում:

Սիփանն ասում է, եթե մեկ միլիոն դոլար ունենա, սպորտդահլիճ կսարքի իր գյուղում կամ Ախալքալաքի շրջանում: Ջավախքում սպորտի զարգացման համար, ըստ նրա, պետք է սկզբում մարզադահլիճներ լինեն, նվազագույն պայմաններ ստեղծվեն, որպեսզի սերը, ձգտումը սպորտի նկատմամբ ավելանա. «Մեր Ջավախքի երիտասարդները շատ ուժեղ են, կոփված են, և եթե լինեն համապատասխան պայմաններ, շատ երեխաներ կուզենան դառնալ սպորտսմեն»,-կարծում է Սիփանը:

Զրույցի վերջում Սիփանին խնդրում եմ Եվրոպայի առաջնության իր լուսանկարներից ուղարկի, որ օգտագործեմ հոդվածում: Սիփանը ժպտում է՝ երևի չեն էլ նկարել ինձ, վրացիներին էին նկարում: