
Կալիֆորնիայում բացահայտվել է հանցախումբ. ձերբակալվածների մեջ կան հայեր
Հյուսիսային Կալիֆորնիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել 33 անձանց դեմ: Ձերբակալված անձանց մեծ մասը հայեր են: ԱՄՆ-ի հետաքննությունների ազգային բյուրոն գործը բնորոշում է որպես «համազգային դավադրություն», որի հիմնական դերակատարներն են հայազգի 45-ամյա Արա Կարապետյանը, 29-ամյա Միհրան Ստեփանյանը և վերջինիս զարմիկ 38-ամյա Արթուր Ստեփանյանը` առնվազն 18 այլ անձանց հետ:
Նրանք մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ` չլիցենզավորված դեղերի վաճառք, պատվիրված մահափորձ, անհատական տվյալների գողություն, բանկային խարդախություն և այլն: «Նախաձեռնությունն իրագործվել է Կալիֆորնիայում և տարածվել մինչև Մինեսոտա, Օհիո, Պուերտո Ռիկո նահանգներ»,- տեղեկացնում է բյուրոն:
Արա Կարապետյանն ու Ստեփանյանները մասնավորապես մեղադրվում են նրանում, որ 2014թ, օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում փնտրել են մեկին, ով կարող է պատվերով սպանություն կատարել: Իսկ զոհը լինելու էր մեկը(փաստաթղթում անունը նշված չէ), ում հետ գործարքի ընթացքում խնդիրներ էին ունեցել: Ի վերջո վարձու մարդասպանը համաձայնել է կատարել գործը 1500 ԱՄՆ դոլարով, սակայն պատվերն այդպես էլ ավարտին չի հասել:
Մեղադրանքի մեկ այլ հատվածում որպես հիմնական դերակատար նշվում է 50-ամյա ամերիկացի Դեյվիդ Միլլերի անունը, ով դեղերի մեծածածախ առևտրով զբաղվող Minnesota Independent Cooperative (MIC) ընկերության սեփականատերն է: Նա 2010-2014թթ. Միհրան և Արթուր Ստեփանյաններից գնել է 157 միլիոն դոլար արժողությամբ դեղորայք: Քրեական գործում ենթադրվում է` Միլլերն ու նրա աշխատակիցներն իմացել են, որ Ստեփանյանները չեն լիցենզավորել դեղերը, և որ մատակարարում են դրանք չլիցենզավորված աղբյուրներից:
Այնուամենայնիվ, նրանք շարունակել են դեղեր գնել Ստեփանյանների տարբեր ընկերություններից, որոնցից վեցի անունները նշված են բյուրոյի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դեղերը եղել են օրինական, սակայն ԱՄՆ-ում դրանց առքուվաճառքը պահանջում է հատուկ լիցենզիա, որը ըստ դատախազների, դեղերի արդյունավետության և անվտանգության համար է: Այդպես է պահանջում նաև ԱՄՆ կառավարության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան:
Դատախազության փաստաթղթով` Կարապետյանն ու Ստեփանյանները մեղադրվում են նրանում, որ կատարել են առանց լիցենզիայի, անօրինական առևտուր: Միլլերը այդ ընկերություններից գնված դեղորայքը վաճառել է որպես օրինական ապրանք` ԱՄՆ 38 նահանգներում: Միլլերը մի շարք աշխատակիցներ է ունեցել` հստակ գործառույթներով, որոնցից ամեն մեկի գործողությունները մանրամասն նկարագրված են մեղադրական եզրակացության մեջ: Այդ աշխատողներից մեկի գործն էլ եղել է հայազգի Արթուր և Միհրան Ստեփանյաններից դեղեր գնել և առաքելը Մինեսոտա և Պուերտո Ռիկո նահանգներ: Վաճառքն իրականացվել է 2009-2014թթ-ին: Ըստ դատախազների` ապօրինի առևտուրը կատարվել է կեղծ ընկերություններով, և այդ ընթացքում խմբի անդամները ներկայացել են կեղծանուններով:
Խմբի անդամների մի մասը, ըստ մեղադրական եզրակացության, այդ թվում` Կարապետյանը, նրա աղջիկը` Լաննան, և վերջինիս ամուսինը` Արմեն Պետրոսյանը, մեղադրվում են խաբեությամբ ստացված, 500 հաշիվներից ավելի քան 5 միլիոն դոլար կանխիկացման փորձերի մեջ: Ինչպես հաստատում է դատախազությունը մեղադրական փաստաթղթում, մեղադրյալներ Ասատուր Մագզանյանը, Տիգրան Սարգսյանը, Հռիփսիմե Խաչատրյանը և Խաչիկ Գեյուջյանը, թույլ են տվել տասնյակ անձանց անձնական տվյալների արտահոսք, որոնց անուններից այնուհետև ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:
Ըստ դատախազների` անօրինական դեղերի և կեղծ հաշիվների կանխիկացումը մեղադրյալներին միլիոնավոր դոլարների շահույթ է ապահովել, որը պետք է հայտարարագրվեր: Ենթադրվում է, որ փողերը լվացվել են տարբեր անհատների և ընկերությունների անուններով բացված բանկային հաշիվներով:
Ձերբակալվել են հանցախմբի բոլոր անդամները բացի մեկից: Կարապետյան-Ստեփանյանների ամերիկացի գործընկեր Դեյվիդ Միլլերը դեռ ազատության մեջ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել