
Ոսկու առևտուր. Չինաստանը դառնում է Լոնդոնի մրցակիցը
Տևական ժամանակ է՝ Լոնդոնը շարունակում է մնալ գլխավոր վայրը, որտեղ որոշվում է աշխարհի ամենաթանկարժեք և ամենապահանջված ապրանքների գինը: Վերջին տարիներին Չինաստանը ձգտում է փոխել ամեն ինչ և ստանձնել որոշիչ դերը:
Դեռ տարիներ առաջ լրատվամիջոցները սկսել են գրել Լոնդոնում ոսկու առևտրի մոնիպուլյացիների վերաբերյալ: Եւ միայն տարիներ հետո պարզ դարձավ, որ այդ մոնիպուլյացիան իրականում տեղի է ունեցել: Եվ դրանց մասշտաբները այնքան մեծ են եղել, որ կարգավորող մարմինները մինչև հիմա փորձում են շտկել հետևանքները:
Մինչև 2015 թվականի մարտը ոսկու գինը որոշվում էր, այսպես կոչված, «Gold Fix» ծրագրի միջոցով: Այս ծրագիրը օրը երկու անգամ սահմանում էր ոսկու միջին գինը և ղեկավարվում էր «London Gold Market Fixing Ltd»-ի կողմից:
Այն գործում է 1919 թվականից, և ոսկու գինը որոշվում էր ընդամենը չորս մասնակիցների կողմից, որն էլ թույլ է տալիս իրականացնել անհրաժեշտ մոնիպուլյացիա:
Անցած տարի «Barclays» բանկը տուգանվել էր 26 միլիոն ֆունտ ստերլինգով: Տուգանքի պատճառը թրեյդերներից մեկի նկատմամբ ոչ բավարար վերահսկումն էր, որի արդյունքում, ի վնաս հաճախորդների, հնարավոր է դարձել շուկայում իրականացնել դրույքաչափերի մանիպուլյացիա:
Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև «UBS» բանկին: Ավելի քան 25 հայց է ներկայացվել «Barclays», «Deutsche», «HSBC», «Bank of Nova Scotia» և «Societe Generale» բանկերի գործունեության նկատմամբ:
Հին համակարգին փոխարինելու եկավ հատուկ աճուրդը, որին թույլատրվել է մասնակցել ավելի շատ մասնակիցների: Վերջին տարվա ընթացքում Լոնդոնի ոսկու առևտրում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ սահմանվել են վերահսկիչ ցուցիչներ, և օրենսդիրները պնդել են հումքի առևտրով զբաղվող բանկերի գործունեության խիստ վերահսկում: Հունիսին ապրաքների շուկաների արդար գործունեության վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացնելու «Bank of England»-ը: Հունիսին իր առաջարկությունները կներկայացնի նաեւ «Ernst &Young»-ը:
Սակայն այս բարեփոխումները ոչ մի ազդեցություն չեն ունենա ոսկու առևտրի կարգավորման հավակնություն ունեցող նոր մրցակցի` Չինաստանի վրա:
Ըստ «Reuters» գործակալության տվյալների, Չինաստանը դեռ անցած ամիս փորձարկել է ոսկու գինը կարգավորող իր ծրագիրը:
Պետական «Shanghai Gold Exchange»-ը դառնալու է այդ հարթակը կարգավորող մարմինը: Այս գործընթացին մասնակցելու են մի քանի խոշոր չինական և արտասահմանյան բանկեր: Այսպիսով աշխարհում ոսկու սպառման երկրորդ ցուցանիշը ունեցող Չինաստանը սկսում է մասնակցություն ունենալ ոսկու գնագոյացման գործընթացին:
Լուսանկարը` chinadaily.com-ի
Մեկնաբանել