
Ծխախոտի բիզնես. ինչ ծավալի հարկեր է ստանում պետությունը
Հայաստանում ծխախոտ արտադրող երկու խոշոր ընկերություններն այս տարվա առաջին եռամսյակում բարելավել են իրենց դիրքերը 1000 խոշոր հարկատուների ցանկում: Խոսքը «Գրանդ Հոլդինգ»-ին պատկանող «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների մասին է:
Նրանցից ամենախոշորը՝ «Գրանդ Տոբակոն», հունվար-մարտին վճարել է 2,528 մլրդ դրամի` 2014-ի նույն ժամանակահատվածի 1,733 մլրդ դրամի դիմաց: «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը» վճարել է 1,374 մլրդ դրամի հարկ՝ 2014-ի առաջին եռամսյակի 1,287 մլրդ դրամի դիմաց, իսկ «Մասիս Տոբակոն», որը ևս պատկանում է «Գրանդ Հոլդինգ»-ին, նվազեցրել է հարկերի ծավալը 320 մլն դրամով և վճարել 120,8 մլն դրամ: Ի տարբերություն նախորդ երկուսի՝ այս շուկայում «Մասիս Տոբակո»-ի դիրքերն ավելի ցածր են:
«Հետքը» նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել է, որ Հայաստանում ծխախոտի արտադրությունը ծաղկում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 2 891 մլն հատ սիգարետ: Դա 28,4%-ով գերազանցում է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այսինքն՝ երկու խոշոր ընկերությունների վճարած հարկերի ավելուցումն ունի պարզ բացատրություն՝ ընդլայնվել են արտադրության ծավալները: Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընկերությունները արտահանում են իրենց արտադրանքի 80%-ը, ենթադրվում է, որ առաջին եռամսյակում աճել են նաև արտահանման ծավալները, սակայն դրանց վերաբերյալ ՀՀ մաքսային ծառայության տվյալները դեռևս չունենք:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՀՀ ՏՄՊՊՀ), ծխախոտի շուկայում այս երեք ընկերություններից ամենամեծ մասնաբաժինը պատկանում է «Գրանդ Տոբակո»-ին, մասնավորապես՝ ֆիլտրով ծխախոտի արտադրության 50.8%-ը և առանց ֆիլտրի՝ 92.3%-ը: Այսինքն՝ այն համարվում է շուկայում գերիշխող դիրք ունեցող:
Դատելով պետությանը վճարած հարկերի չափից՝ Հայաստանում սիգարետի առաջատար ներկրողներն են «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ առավել հայտնի է «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» «Մարլբորո» ապրանքանիշով, «Վիդիս դիսթրիբյուշնը», որը գրանցված է որպես «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլի» դիստրիբյուտր Հայաստանում, «Ավերսը»՝ «Դավիդով»-ով, «Հարդ Լայթսը»՝ կորեական КТ&G-ի «Էսսե»-ով, «Ջփեն տոբակո ինթերնեշնի» («Վինսթոն», «Քամել», «Մոնտե Կարլո», «Սոբրանիե») հետ կապված 3 կազմակերպությունները Հայաստանում՝ «Արսօյլը», «Ջեյ թի այ Արմենիան» ու «Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյ» հայաստանյան ներկայացուցչությունը, «Դիսթրիմէքս»՝ «Քենտ» ապրանքանիշով,
Ըստ Մաքսայինի՝ 2014-ին Հայաստան սիգարետի ներմուծման ծավալները կրճատվել էին, որն անհետևանք չէր մնացել նաև հարկային դաշտում: 2014-ին Հայաստան է ներմուծվել 44,6 մլն դոլարի սիգարետ՝ 16,8 մլն դոլարով պակաս քան 2013-ին: Դրա հետևանքով նախորդ տարի «Ֆիլիպ Մորիս» և «Ավերս» ընկերությունները նվազեցրել էին վճարած հարկերի չափը՝ 2013-ի համեմատ: Աճ էր գրանցել «Արսօյլը»: «Հարդ Լայթսի», «Վիդիս դիսթրիբյուշնի», «Ջեյ թի այ Արմենիայի» և «Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյի» յուրաքանչյուրի վճարած հարկերը չէին գերազանցում 1 մլրդ դրամը:
Բայց այս տարվա առաջին եռամսյակի տվյալները հետաքրքրական են նախորդ տարվա տվյալների ֆոնին: Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ծխախոտ ներմուծողների մի մասը դիրքերը բարելավել է: Ըստ երևույթին՝ դա եղել է ներմուծման ծավալների ընդլայնման հաշվին, սակայն դրանց վերաբերյալ դեռևս տվյալներ չկան ոչ ԱՎԾ-ից, ոչ էլ՝ Մասքային ծառայությունից: Այսպես՝ «Ջեյ թի այ Արմենիան» այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1,657 մլրդ դրամի հարկ, մինչդեռ 2014-ի հունվար-մարտին չի եղել խոշոր հարկատուների ցանկում, իսկ ամբողջ 2014-ին վճարել է ընդամենը 564 մլն դրամ, այն էլ՝ չորրորդ եռամսյակում: Այն, փաստորեն, այս ներմուծողը թռիչքային աճ է գրանցել:
Հետ չի մնացել նաև «Ավերսը»: Այս ներմուծողը վճարել է 1,334 մլրդ դրամի հարկ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում մուծել է ընդամենը 81 մլն դոլար, ամբողջ 2014-ին՝ ընդամենը 2,9 մլրդ դրամ:
«Ֆիլիպ Մորիսն» այս տարի վճարել է 1,33 մլրդ դրամի հարկ: Եթե համեմատում ենք 2014 առաջին եռամսյակի հետ, ստացվում է, որ «Ֆիլիպ Մորիսը»-ը, չնայած նախոր տարի գրանցած նվազմանը (2013-ի համեմատ), այս տարվա առաջին եռամյակում հարկերն ավելացրել է 259 մլն դրամով:
«Դիսթրիմէքսը» վճարել է 450 մլն դրամի հարկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 260 հազ. դրամի դիմաց: Վիճակագրություն ցույց է տալիս, որ այս ներմուծողի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են նախորդ տարվա վերջին երեք եռամսյակներում:
«Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյը» համեմատաբար փոքր ծավալների հարկեր է վճարում: Այս տարի վճարել է 61,7 մլն դրամ՝ 31 մլն դրամով ավելին նախորդ տարվանից: Իսկ ինչ վերաներում է «Արսօյլ»-ին, ապա այս ներմուծողն անցած տարի հունվար-մարտին պետությանը վճարել է 1,292 մլրդ դրամի հարկ: Ւսկ այս տարի, երևում է, կտրուկ նվազեցրել է ներմուծման ծավալները, քանի որ հունվար-մարտի խոշոր հարկատուների ցանկում չենք տեսնում: «Հարդ Լայթսն» այս տարի վճարել է 158,6 մլն դրամ՝ 2014-ի առաջին եռամսյակի 421,3 մլն դրամի դիմաց: «Վիդիս դիսթրիբյուշնը»՝ 35,7 մլն դրամի՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 50,1 մլրդ դրամի դիմաց:
Ի դեպ, երևում է՝ շուկա է վերադարձել երբեմնի հանրահայտ «ՍՊՍ Սիգարոն» ծխախոտ ներմուծող ընկերությունը: Այն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 105,6 մլն դրամի հարկ: Վերջին անգամ այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում եղել է 2012 թվականին, սակայն այդ ժամանակ արդեն թուլացած դիրքերով: Այս ընկերության, այսպես կոչված, ծաղկուն շրջանը եղել է 2009 թվականին, որի երկրորդ եռամսյակում այն վճարել է 703 մլն դրամի հարկ:
Այսպիսով, Հայաստանի 2015-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների առաջին 20-յակում տեղ են զբաղեցրել ծխախոտի բիզնեսով զբաղվող 5 ընկերություններ: «Գրանդ Տոբակոն» 7-րդ տեղում է պետության խոշոր հարկատուների ցանկում, «Ջեյ թի այ Արմենիան»՝ 11-րդ, «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը»՝ 13-րդ, «Ավերսը»՝ 14-րդ, «Ֆիլիպ Մորիսը»՝ 15-րդ: Համեմատության համար՝ 2014-ի առաջին եռամսյակում առաջին 20-ի մեջ էին ներառված «Գրանդ Տոբակոն», «Արսօյլը», «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել