HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարն ընդունել է գերմանական «KfW» բանկի պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է գերմանական «KfW» բանկի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատելով «KfW» բանկի գործունեությունը տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում: Օգտվելով առիթից` բնապահպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ցուցաբերած քաղաքական կամքի և պատմական արդարության վերականգնմանն ուղղված վճռականության համար:

Անդրադառնալով մեր երկրի բնապահպանության ոլորտում «KfW»-ի հետ իրականացվող ծրագրերին` Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում բանկի հետ ակտիվ և հաջողված համագործակցության երկարամյա փորձը և շոշափելի հաջողությունները հատկապես Կովկասի կենսաբազմազանության պահպանության աջակցությանն ուղղված ծրագրերում:

Տարածաշրջանային տնօրեն Եվա Վիթթը, իր հերթին շնորհակալություն հայտնելով սերտ համագործակցության և դրական գնահատականի համար, անդրադարձել է «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում» և «Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրերին: Քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացիկ հարցերը:

Անդրադառնալով Զանգեզուր կենսոլորտային համալիրի խնդրին` Արամայիս Գրիգորյանը նշել է. «Պահպանվող տարածքների համալիր կառավարման փորձը Հայաստանում թեև նոր է, այնուամենայնիվ, մենք էական առաջընթաց ունենք այս ոլորտում և կարող ենք ասել, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրը, որպես այդպիսին, արդեն կայացած կառույց է»:

Կարևորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը` Արմայիս Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ մեկնարկել են «Տաթև» ազգային պարկի ստեղծման աշխատանքները, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն նաև աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման և կառավարման բարելավման ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և խնայողության խնդիրներին: Խոսելով Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի մասին` Եվա Վիթթը նշել է, որ այն բավականին լուրջ և կառավարության տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանք պահանջող գործընթաց է, և ակնկալում է բոլոր կողմերի ակտիվ գործունեությունը: Այս կապակցությամբ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ թեև ջրամբարաշինության և ոռոգման խնդիրները ՀՀ ԲՆ ենթակայությունից դուրս են, այնուամենայնիվ բնապահպանության նախարարությունը պատրաստ է իր ունեցած լիազորությունների շրջանակներում և մասնագիտական ռեսուրսներով աջակցություն ցուցաբերել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացին:

Կողմերն անդրադարձել են նաև նոր ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարներին և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու պատրաստակամություն հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter