HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազանում լուծվեց Քարվաճառի մայրուղու հարցը

Կազանյան հանդիպումից հետո տողերիս հեղինակը ղարաբաղյան հակամարտության բանակցային այդ հանգրվանին տվեց ոչ թե ձախողում բնորոշումը, այլ հաջողում: Նման բնորոշման հիմքում բոլորովին էլ ընկած չէր այն ակնկալիքը կամ ցանկությունը, որ տապալելով Կազանում բանակցությունների սեղանին դրված առաջարկների ստորագրումը՝ կտապալվի նաև հակամարտության կարգավորման ողջ գործընթացը: Բանակցային գործընթացի այլընտրանքն անորոշ արդյունքով պատերազմն է և, հետևաբար, տարածաշրջանի ապագայի կործանարար տեսլականը, որն անընդունելի է բոլոր առումներով:

Հաջողումն այն հեռանկարներն էին, որ բացվելու էին մեր երկրի առջև՝ ՌԴ նախագահ Մեդվեդևի միջնորդական ջանքերից պաշտոնական Բաքվի ակնկալիքների չիրականանալու արդյունքում հերթական անգամ «արևմտյան» վերակողմնորոշում խաղարկելու, ինչպես նաև առաջիկա տարիներին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքական դաշտը ընտրական գործընթացներով ծանրաբեռնված լինելու պատճառով:

Մոսկվայի հետ հարաբերություններում սպասվող սրացումները, ընտրական շրջափուլերում հակամարտության բանակցային գործընթացում բեկում ակնկալելու անհնարինությունը և ալիևյան վարչախմբի Արևմուտքի ու Թուրքիայի հետ հատկապես էներգակիրների հարցում քաղաքական առևտրի մեջ մտնելը կարևոր խթան կարող էին դառնալ, որ գործարկվեին Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար կարևոր մի շարք կենսական ծրագրեր:

Հոկտեմբերի 23-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ, այցելեց Քարվաճառի շրջան և ծանոթացավ այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այցի հիմնական մեխը ռազմավարական նշանակություն ունեցող մի ծրագիր էր՝ Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցումը, որի մեկնարկը տրվեց օրերս:

Սա իսկապես ռազմավարական այն բացառիկ ծրագրերից է, որի կենսակոչման համար Հայաստանի իշխող վերնախավը չէր կարող ինքնուրույն քաղաքական որոշում կայացնել՝ առանց նախնական երաշխիքներ ունենալու, որ կկարողանա Ադրբեջանի շահարկումների դեմն առնել և դիմագրավել միջազգային հանրության ճնշումներին:

Խնդիրն այն է, որ եթե Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը բանակցային գործընթացում կողմերն ու միջնորդներն ընդունում են որպես հակամարտության կարգավորման կարևոր բաղադրիչ («միջանցք», որն իրար է կապում Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի Հանրապետությունը), ապա նույն այդ գործընթացում Սոտք-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհը բոլորովին խորթ մի «զավակ» է և, հետևաբար, միջազգային հանրության կողմից անընկալելի:

Քարվաճառի ճանապարհի շինարարությունն, այսպիսով, կարող է վկայել այդ գործում արտաքին ուժերի ներգրավվածության մասին: Ուժեր, որոնց երաշխիքը ՀՀ իշխանություններին մղել է գործարկել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երկրորդ ճանապարհային ծրագիրը: Ընդ որում, նման ծրագրի իրացման համար ԼՂՀ վարչապետի բերած հիմնավորումներն առավել ևս խոսում են թե ԼՂՀ և թե ՀՀ իշխանությունների համար շինարարության մեկնարկի անսպասելիության մասին:

Հոկտեմբեր ամսին սկսել մի ճանապարհի շինարարություն, որն անցնելու է բարձր լեռնային տարածքներով, այդքան էլ համոզիչ չէ, եթե, իհարկե, քաղաքական շահագրգռությունները վեր են ամեն տեսակ անհարմարություններից: Եվ այդ տեսանկյունից խնդիր է դառնում պարզել, թե որ շահերը ստիպեցին գործարկել այս ծրագիրը:

Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տեղեկացված աղբյուրները հայտնեցին, որ հաջորդ անգամ նման հանդիպում կարող էր կայանալ, միայն եթե նախնական պայմանավորվածություն լիներ որևէ համաձայնության ստորագրման մասին:

Դա նշանակում էր, որ համաձայնության կայացման գործում, որպեսզի նոր եռակողմ հանդիպում կազմակերպելու համար ինչ-որ միջանկյալ համաձայնություններ ձեռք բերվեին, այդուհետև կարևորվում էին երկկողմ ձևաչափով (Ռուսաստանի և Ադրբեջանի կամ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների միջև) հանդիպումները:

Սակայն դա միաժամանակ վկայությունն էր այն բանի, որ ռուսական իշխանությունների համար կազանյան տապալումը դիտվում էր արտաքին քաղաքական ցավագին ու խոշոր մի վրիպում, որի պատասխանատվությունն ընկնելու էր բանակցությունների երկկողմ ձևաչափում ամենից ընդդիմացող կողմի վրա:

Այդ պատասխանատվության հասցեատերն իրեն շատ սպասել չտվեց: Օգոստոսի 9-ին Սոչիում Ալիևի ու Մեդվեդևի անարդյունք հանդիպումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվեցին առաջին լուրջ բարդությունները: Բանակցություններից դժգոհ Ալիևը նախ բոյկոտեց սեպտեմբերի սկզբին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների հոբելյանական գագաթաժողովը, իսկ հոկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում հրաժարվեց ստորագրել ԱՊՀ ազատ առևտրային գոտու ձևավորման մասին պայմանագիրը։

Ի տարբերություն ռուս-ադրբեջանական օրեցօր բարդացող հարաբերությունների՝ հոկտեմբերի 23-25-ին ՀՀ նախագահի պետական այցը Մոսկվա ցուցադրեց հայ-ռուսական հարաբերությունների ողջ խորությունն ու ծավալը:

Ռուսական ճակատում նկատված այս միտումները դրական նոր զարգացումների հնարավորություն ստեղծեցին Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում: Սակայն հիմնվելով գազային համաձայնագրի շուրջ թուրք-ադրբեջանական բանակցային փորձի վրա՝ կարելի է ասել, որ Բաքվի կողմից թուրքական դաշտում հերթական վերախաղարկման գնալն այնքան էլ հեշտ չստացվեց:

Միայն հոկտեմբերի 25-ին հնարավոր դարձավ գազային համաձայնագրերի փաթեթի շուրջ ամիսներ տևած բանակցությունները բերել հանգուցալուծման: Ադրբեջանի նախագահի թուրքական այցի շրջանակներում նույն օրը կնքվեցին ադրբեջանաթուրքական գազային համաձայնագրերը:

Նշված համաձայնագրերը վերաբերում են ոչ միայն ադրբեջանական գազի՝ դեպի Թուրքիա արտահանմանը, այլ նաև թուրքական տարածքով դեպի Եվրոպա տարանցմանը։ Այսպիսով, մասնակիցը դառնալով Ռուսաստանը շրջանցող հաղորդակցային ծրագրի կենսակոչմանը՝ Ադրբեջանը ևս մեկ քայլ կատարեց ռուս-ադրբեջանական նկարագրված բարդ հարաբերությունները խորացնելու ճանապարհին:

Եվ քանի որ համաձայնագրերի ստորագրման հարցը Բաքվի համար նախկինում բազմիցս ծառայեցվել էր որպես ղարաբաղյան խնդրում շահաբաժիններ ձեռք բերելու միջոց, ապա այժմ կարելի է խոսել պաշտոնական Բաքվի գազային խաղերի հերթական փուլի (Շահ-դենիզ) ավարտի և իր շահաբաժինը ստանալու քաղաքականության ձախողման մասին:

Կազանյան հանդիպումից հետո բանակցային գործընթացում արձանագրված զարգացումները վկայում են, որ Իլհամ Ալիևը, Կազանում առաջ քաշելով 10 նախապայմաններ և տապալելով համաձայնության կայացումը, նպաստեց, որ ռուս-ադրբեջանական բանակցություններում երկուստեք շահերի առաջմղման գործում առանցքային խնդիրներից մեկը՝ «Ղարաբաղի հարցը», փոխակերպվի մի գործիքի, որի նպատակային նշանակությունը նրա պատժիչ գործառույթն է: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում նման զարգացումները սպասելի էին կազանյան հանգրվանի տապալման դեպքում միայն:

Այսպիսով, բարձր մակարդակով Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան, իսկ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա այցերի խորապատկերին նկատելի պետք է դիտվի ոչ միայն թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրերի ստորագրումը, այլ նաև Սոտք-Քարվաճառ ճանապարհի շինարարության գործարկումը:

Առաջին հայացքից իսկապես անհամեմատելի ռազմավարական երկու ծրագրեր, որտեղ Քարվաճառի և, հետևաբար, Լաչինի շրջանների՝ հայոց աշխարհի հետ վերջնականապես միահյուսված ապագան համեմատության մեջ է Բաքվի ստանալիք միլիարդավոր նավթադոլարների հետ:

Կգտնվեն մարդիկ, ովքեր ծանրության նժարը կտան առաջինին, իսկ մյուսները՝ երկրորդին: Սակայն հատկանշականն այստեղ միայն այն է, որ ամեն ինչ ընթացավ առանց Հայաստանի քաղաքական իշխանության գիտության ու կամքի: Միայն դեպքերի հաջող ընթացքին տուրք տալով՝ հեռու չես գնա:

Սարո Սարոյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter