Սեւանի մի քանի փողոցներ այս տարի կասֆալտապատվեն
Արփինե Մինասյան
«2015թ-ին Սեւան քաղաքում ասֆալտապատման բավականին լուրջ աշխատանքներ են կատարվելու: Ընդհանուր ծավալով կասֆալտապատվի 12 հազար քմ տարածք: Աշխատանքներ են տարվում Նաիրյան փողոցն ամբողջությամբ հիմնանորոգելու ուղղությամբ»,-այս մասին այսօր մայիսի 10-20-ը Սեւանում հայտարարված համընդհանուր շաբաթօրյակի հետ կապված հանդիպման ընթացքում տեղեկացրեց քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:
Սեւանի քաղաքապետարանի եւ Կապի ու տրանսպորտի նախարարության համագործակցությամբ Սեւան քաղաքի Պռոշյան, Կարմիր Բանակի, Ելենովկա, Խաչիկ Դաշտենց, Արա Գեղեցիկ փողոցներում եւ Իզերի հրապարակում ընթացիկ տարում կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսված է ամբողջությամբ ասֆալտապատել նշված փողոցները` շուրջ 2000 մ երկարությամբ եւ 19 311 քմ մակերեսով, հարակից մայթերը` 8297 քմ եւ Իզերի հրապարակը` 3833 քմ մակերեսով:
«Այս տարի վերջապես կսկսվի նաեւ Ցամաքաբերդ-Սեւան ճանապարհի ասֆալտապատումը: Եթե հաշվում ենք, ընդհանուր կազմում է մոտ 1 մլրդ 200 մլն-ից մինչեւ 1 մլրդ 400 մլն: Նման ծավալի աշխատանք Սեւանում երբեւէ չի կատարվել: Մենք պետք է անընդհատ աշխատենք ոչ թե փոսային նորոգումների, այլ ընդհանուր ասֆալտապատման վրա: Երկու օր առաջ փոսային նորոգումների մրցույթը հայտարարել ենք»,-հայտնեց քաղաքապետը:
Աշխատանքներն ընդգրկված են «Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրում» եւ կկատարվեն համաշխարհային բանկի միջոցներով:
Հանդիպմանը ներկա Սեւանի կրթական բոլոր հաստատությունների, հիմնարկ ձեռնարկությունների տնօրենները, հասարարակական սեկտորի ներկայացուցիչներն ուրախացան ոչ միայն քաղաքի ասֆալտապատման, այլ նաեւ քաղաքապետի հայտնած մյուս լուրերից:
Մայիսի 31-ին տեղի է ունենալու Սեւանի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի նորակառույց եկեղեցու բացման արարողությունը, մատուցվելու է պատարագ:
Պատրաստ են Սեւանի հիվանդանոցի նոր շենքի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, մրցույթը հայտարարված է: Հիվանդանոցի նոր շենքի կառուցման վայր ընտրվել է Սեւանի պոլիկլինիկայի հարակից տարածքում:
«Սեւան քաղաքում կունենաք ժամանակակից հիվանդանոց պոլիկլինիկայի տարածքում: Սա ավելի ձեռնտու է քաղաքի բնակիչներին, քան հին շենքը հիմնանորոգելը, ինչ ավելի ծախսեր էր պահանջում»,-ասաց քաղաքապետը:
Հատկապես Սեւանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Լիաննա Մկրտչյանին ուրախացրեց իր դպրոցի հիմնանորոգման մասին լուրը: Նախատեսվում է հիմնանորոգել նաեւ «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի շենքը:
Սեւանի Երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանը հետաքրքրվեց երաժշտական դպրոցի շենքի ճակատագրով. «Շենքի վիճակն անմխիթար է, վթարային, տանիքը կաթում է, հատակը նստած է, ճաքեր են առաջացել: Մենք վտանգում ենք 170 երեխայի կյանք»,-բարձրաձայնեց տնօրենը:
«Երաժշտական դպրոցն իր չափորոշիչներով չի համապատասխանում այսօրվա ստանդարտներին: Չի կարելի դա երաժշտական դպրոց համարել: Շատ նպատակային է, որ Սեւանում մեկ հարկի տակ ունենանք գեղարվեստի եւ երաժշտական դպրոց, ինչի համար նոր շենք եւ լուրջ աշխատանք է հարկավոր»,-պատասխանեց քաղաքապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել