
էթիլային սպիրտի շուկան. ովքեր են Հայաստանի գործընկերները
Հայաստանի արտաքին առևտրում էթիլային սպիրտը մեծ մասնաբաժին ունի: Պարզվում է՝ ամեն տարի հանրապետություն մեծ քանակությամբ էթիլային սպիրտ է մտնում, մեծ քանակությամբ էլ՝ դուրս գալիս: ՀՀ մաքսային ծառայությունը դրա առևտուրը դասակարգում է երկու խմբով: Առաջին խմբում ներկայացված են 80 կամ ավելի տոկոս սպիրտ պարունակող լուծույթները, իսկ երկրորդում` սպիրտի 80%-ից պակաս խտությամբ ըմպելիքներ, լիկյորներ և ալկոհոլային այլ խմիչքներ: Երկրորդ խմբին է պատկանում կոնյակը, ռոմը, ջինը, օղին ու լիկյորը: Հիմնական մասնաբաժինը կոնյակինն է: Գինին այս խմբում չկա. այն ներկայացված է առանձին:
80%-ից ավելի խտությամբ սպիրտն, ի տարբերություն երկրորդ խմբի խմիչքների, արտաքին առևտրում առավել բարձր մաքսային արժեք ունեցողների մեջ չէ: Մաքսայինից ստացված տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարի աճել է սպիրտի ներմուծումը, փոխարենը՝ զգալի կրճատվել է արտահանումը: Ներմուծման մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 810 հազ. դոլար, իսկ արտահանմանը՝ 1,332 մլն դոլար:
Արտանման վերաբերյալ հարկ է առանձնացնել 2013-ի ցուցանիշը: Այդ տարի Հայաստանից արտահանվել է ռեկորդային ծավալի՝ 1,204 մլն լիտր 80%-ից ավելի խտությամբ էթիլային սպիրտ՝ 5,474 մլն դոլար մաքսային արժեքով:
Նախորդ տարի ցուցանիշը կտրուկ կրճատվել է՝ պայմանավորված դեպի Վրաստան արտահանման կրճատմամբ: Մասնավորապես՝ 2013-ին Վրաստան ենք արտահանել 4 մլն լիտր, իսկ 2014-ին՝ 1,3 մլն լիտր: Այս խմբի էթիլային սպիրտը Հայաստանը ներմուծում է հիմնականում Ռուսաստանից: Համեմատաբար քիչ քանակությամբ՝ Բելառուսից և Իսպանիայից: 2014-ին միայն 539 հազ. լիտրը ներմուծվել է Ռուսաստանից, որի մաքսային արժեքը կազմել է 516 հազ. դոլար: Ստացվում է, որ ՌԴ-ից Հայաստան ներկրված սպիրտի 1 լիտրն արժե 0,95 դոլար:
Նախորդ տարի 80%-ից բարձր թնդություն ունեցող էթիլային սպիրտ արտահանել ենք միայն Վրաստան:
Մյուս ապրանքախումը, որն ինչպես նշեցինք՝ 80%-ից ցածր սպիրտ պարունակող լուծույթներն են՝ ալկոհոլային խմիչքները, 2014 թվականի տվյալներով, Հայաստանից արտահանված երկրորդ ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքախումբն է՝ պղնձի խտանյութից հետո, իսկ ներմուծվողների շարքում՝ 13-րդն է: Ինչպես նշեցինք, դրանում մեծ մասնաբաժինը կոնյակինն է (կոնյակի արտադրության համար սպիրտի ներմուծման թեմային կանդրադառնանք առանձին հոդվածով): Նախորդ տարի ներմուծել ենք 6,8 մլն լիտր՝ 40,6 մլն դոլար արժեքով, արտահանել՝ 13 մլն լիտր՝ մոտ 165 մլն դոլար արժեքով: Ներմուծում ենք Ռուսաստանից, Իսպանիայից, Լիբանանից և Ուկրաինայից: Արտահանում ենք Ռուսաստան:
Նախորդ տարվա զեկույցներից մեկում «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը ներկայացրել է, որ Հայաստանում որոշակի լայն սպառման ապրանքների ներմուծման արդյունքում շուկայական ուժը ստեղծում է հզոր բիզնես խմբեր, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ գտնվելով մեկ անձի հովանու ներքո: Զեկույցում այլ ապրանքների կողքին նշված է նաև էթիլային սպիրտը, որի ներմուծումը իրականացվում է միևնույն բիզնես խմբի կողմից: Այս դեպքում խոսքը մեր ներկայացրած առաջին խմբի մասին է՝ 80%-ից ավելի խտությամբ սպիրտի: Դժվար չէ կռահելը, թե որ բիզնես խմբի մասին է խոսքը: Դրա համար բավարար են մի քանի փաստեր:
Դեռևս 2007-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ) ուսումնասիրության արդյունքում հայտարարել էր, որ էթիլային սպիրտի շուկայում, 2004-ի տվյալներով, գերիշխող դիրք է զբաղեցրել (86,73%) «Ֆլիտֆուդ» ընկերությունը, որը 2007-ին. լուծարվել է: Այնուհետև, 2006-ի. տվյալներով, գերիշխող դիրք ունեցող է ճանաչվել «Սալեքս Գրուփ» ընկերությունը, որը գրավել է շուկայի 91%-ը:
2009-ին էլ «Ալեքս Գրիգ» ընկերությունը գրանցվեց էթիլային սպիրտի շուկայում գերիշխողների գրանցամատյանում, իսկ «Սալեքս Գրուփը» հանվեց գրանցամատյանից: Հայտնի փաստ է, որ «Ֆլիտֆուդը» և «Սալեքս Գրուփը», որոնց գործունեությունն այժմ դադարեցված է, պատկանել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Իսկ առավել հայտնի փաստ է, որ նրան է պատկանում «Ալեքս Գրիգը»:
Հետո ի հայտ եկավ նրա անվան հետ կապված մեկ այլ ընկերություն՝ «Ա և Գ» ՍՊԸ: 2010-ին, երբ մրցակցության հանձնաժողովը յոթ վարչական վարույթ հարուցեց և ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամի տուգանք կիրառեց այս ընկերության նկատմամբ՝ պարտադրելով դադարեցնել արտադրությունն ու կեղծ օղիների իրացումը, Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվող նմանակված օղիների պիտակներին որպես արտադրող հայտնվեց արդեն «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը։
Նախորդ տարի էլ այս ընկերությանը հարկային արտոնություններ տվեց ՀՀ կառավարությունը՝ 3 տարով ազատվելով ԱԱՀ-ից` «Ա և Գ» ընկերությունը պարտավորվել է տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ, ունենալ շուրջ 20,1 մլրդ դրամի արտադրանք, իսկ միջին աշխատավարձն էլ սահմանել 110 հազ. դրամը: Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեռ 2009-ին ևս որոշում էր կայացրել՝ արգելելով ռուսական և ուկրաինական ճանաչված օղիների՝ նրա ընկերության կողմից նմանակված տարբերակների վաճառքը: Այսինքն՝ ներկրված սպիրտը Ս. Ալեքսանյանի հետ կապված ընկերությունն օգագործում է կեղծ օղու արտադրության մեջ: Ներկրողն էլ հենց նրան պատկանող ընկերություններն են:
ՏՄՊՊՀ-ից տեղեկանում ենք, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն ներկայում ևս գերիշխող դիրք ունի էթիլային սպիրտի շուկայում՝ իրացման ծավալներով գրավում է շուկայի 99,88 %-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել