Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տնօրենի հետ
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ: Այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին և երկրորդ վարկային, ինչպես նաև «Հանրակրթության բարելավման ծրագրի նախապատրաստման» դրամաշնորհային և «Կրթության բարելավում» վարկային ծրագրերին:
Արմեն Աշոտյանն ասել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկն ավարտվել է, երկրորդը` մեկնարկել և անհրաժեշտ է հնարավորինս արագացնել վերջինիս ընթացքը, մասնավորապես, ավագ դպրոցների շինարարական աշխատանքների հետ կապված:
Ա.Աշոտյանը նշել է նաև, որ բարձր է գնահատում ՀԲ-ի աջակցությամբ «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնների գործունեությունը` ընդգծելով, որ այն կոնկրետ ծրագիր է` իր գիտական բովանդակությամբ և մասնավոր հատվածի ներդրումների կարևորության տեսանկյունից:
Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինը, բարձր գնահատելով գիտակրթական ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել է, որ հետաքրքված է հանրակրթական ուսումնական հաստատություններում «Շախմատ» առարկայի և 2015-2016 ուսումնական տարվանից հինգ առաջատար դպրոցներում փորձնական նոր ծրագրի` «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրման Հայաստանի փորձով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել