HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձրևաջրերով լցված կիսակառույց դպրոցը և պատգամավոր Արագած Ախոյանի կուտակած պարտքերը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունը երրորդ տարին է՝ կառուցում է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցը, որն այդպես էլ ավարտին չի հասնում:

100 աշակերտի համար նախատեսված երկհարկանի շինությունը լցվել է անձրևաջրերով, որովհետև պատգամավորի ընկերությունը նախորդ տարի չի կարողացել տանիքի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել: Չնայած դրան՝ անցյալ տարվա վերջին շինության ներսում գաջապատման աշխատանքներ են կատարվել: Իսկ այժմ, որպեսզի երկրորդ հարկը ջրից ազատեն, շինարարները ծակել են պանելները:

«Պանելը ծակել են, որպեսզի ջուրը չմնա անցքերի մեջ, բայց դա անթույլատրելի բան է, ազդում է ամրության վրա»,-ասում է վարդենիսցի Բալաբեկ Պետրոսյանը, ով նախկինում շինարարության ոլորտում է աշխատել:


Շինարարության աշխատանքները համակարգող, ընկերության ներկայացուցիչ Ասատուր Քոչարյանը կարծում է, որ գաջապատումը խնդիր չէ, որտեղ թափվել է, իրենց հաշվին նորից կանեն:

«Փչացված մասը մենք ամբողջը հեռացնելու ենք, նորը քսենք: Մենք չէինք իմանում, որ չենք հասցնի տանիքը, մտածում էինք՝ զուգահեռ քսենք գաջը, արագ կլինի»,-այսպես բացատրեց Ասատուր Քոչարյանը՝ չհասցնելու փաստը եղանակի վատթարացմանը վերագրելով:

Վարդենիս համայնքին դպրոցի նախագիծը չի տրամադրվել: Որքանով գյուղացիները հասցրել են հասկանալ, հետևելով շինարարության ընթացքին, երեք հիմնական «անհարմարություն» են հայտնաբերել:

Դպրոցի կեղտաջրերի հորը կառուցվում է դպրոցի տարածքում, շենքին շատ մոտ՝ 20-25 մ հեռավորությամբ: Բալաբեկ Պետրոսյանն ասում է, որ չէր կարելի կոյուղաջրերի հորը շենքին այդքան մոտ կառուցել: Երկրորդ՝ դպրոցի ցանկապատումը ցանցային է (զաբոռ), ինչը 1-2 տարվա ընթացքում շարքից դուրս է գալու տարածքում մշտապես արածող անասունների պատճաոով և կարիք կլինի նորից ցանկապատել: Լավ կլիներ ցանկապատը քարով շարեին: Առավել ևս՝ դպրոցի հենց կողքին սովետից մնացած ախոռատներ կան, որոնք այժմ օգտագործվում են: Պետք էր առանձնացնել գոնե այդ հատվածը: 

Գյուղացիների մտահոգությունը նաև վերաբերում է դպրոցի երեսպատմանը: Նախագծով նախատեսված է այն սվաղել ցեմենտավազե շաղախով և ներկել ֆասադային ներկով, որը 1-2 տարի անց նորից վերանորոգման կարիք է ունենալու: Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանն ասում է, որ դպրոցն իր 91 աշակերտով փոքր բյուջե ունի և պահպանման կամ վերանորոգման համար շռայլություններ թույլ տալ չի կարող: Մինչդեռ երեսպատումը և երկար կծառայեր, և դպրոցի արտաքին տեսքին շուք կհաղորդեր:

Գործող դպրոցի սպորտդահլիճը 

Գյուղացիների մտահոգությունը գյուղապետ Կամո Պետրոսյանը գրավոր ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն:

«Շենքի գլխավոր ճակատի որոշ հատվածների երեսպատման խնդիրը կարող է դիտարկվել շինարարության ընթացքում առաջացող հնարավոր ֆինանսական տնտեսումների հաշվին: Տարածքի ցանկապատման աշխատանքները կիրականացնեն համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի»,-պատասխանել է քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Հ. Սարգսյանը:

Կոյուղաջրերի հորի առնչությամբ ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենային բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այժմ կառուցվող դպրոցների նախագծերի վերահսկողությունն իրենց տեսչությունը չի իրականացնում. «Կոյուղու հետ գործառույթները մերը չեն, ԱՆ սանիտարահիգիենիկ ծառայությունը նախազգուշական սանիտարական փորձաքննություն չի անցկացնում, դա նախկինում էր, այժմ ոչ մի նախնական հսկողություն չի կատարվում նոր կառուցվող օբյեկտների նկատմամբ»,-նշեց նա: Նախկինում, ըստ մասնագետի, հսկողություն իրականացվել է և սահմանված հեռավորությունը 50 մ էր դպրոցի շենքից: Այժմ դա կարգավորվում է շինարարական նորմերով: 

«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի լաբորատորիայի վարիչ Ռուսլան Խաչատրյանն ասում է, որ նվազագույն հեռավորությունը 6-9 մետր է, և 25 մետրը նորմայի սահմաններում է: «Եթե գյուղացիները մտահոգություն ունեն ֆուտբոլի դաշտի կամ տարածքի մեջ գտնվելու առումով, կարող են բանակցել նախագծողների հետ և տեղափոխել հորը»,-ասաց Ռ. Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ դեռևս 2011-ին կառավարությունը հաստատել էր 430,7 մլն դրամ արժեքով Վարդենիսի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները: 2011-ին այն չէր ֆինանսավորվել: 2012-ին նոր դպրոցի հիմքերը փորել էին, սակայն արդեն 2015թ-նն է, այն դեռևս պատրաստ չէ: 

Տնօրեն Ա. Ավետիսյան Գործող դպրոցը 4-րդ կարգի վթարային է

Վարդենիսի դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանն ասում է, որ հին դպրոցում այլևս անհնար է դասեր անցկացնել: Անցնող ձմռանը տանիքն էր փլուզվել և դժվարությամբ են կարողացել վերականգնել այն: Նոր դպրոցն ուղղակի անհրաժեշտություն է երեխաների համար:

Մինչ մենք վերադառնում էինք հին դպրոց, տնօրեն Ավետիսյանին զանգահարեց պատգամավոր Ախոյանը, ում մեր այցի մասին անմիջապես տեղեկացրել էին: Արագած Ախոյանը տնօրենին խոստացավ, որ սեպտեմբերի 1-ը երեխաները նոր դպրոցում են դիմավորելու, իսկ աշխատանքները երկու հերթափոխով կիրականացնեն, որպեսզի հասցնեն:

«Էդ որ հետ է ընկել շինարարությունը, հետ է ընկել էն պատճառով, որ մենք էդ դպրոցը փրկեցինք: Հին նախագծով բավականին խախտումներ կար, սպորտդահլիճը սխալ տեղ էր նախագծված, ամբողջովին փոխել ենք: Բացումը կլինի սեպտեմբերի 1-ին»,-«Հետքի» հետ զրույցում ասաց պատգամավոր Ախոյանը:

Արագած Ախոյանը խոստացավ ծանոթանալ գյուղացիների մտահոգություններին և հնարավորության դեպքում անպայման փոփոխություն կատարել թե հորի տեղի, թե երեսպատման մասով: «Մենք պայքարում ենք, որպեսզի երեսապատումը եթե ոչ ամբողջությամբ, գոնե տեղ-տեղ համահունչ լինի, որպեսզի գեղեցիկ դպրոց ստացվի: Մենք չենք ուզեցել սվաղել, գոմ չի դա, էլ: Նախագծողներն են այդպես արել, փառք Աստծո, ուղղվել է ամեն ինչ, մենք էլ մեր հերթին այնպես կանենք, որպեսզի արժանապատիվ դպրոց կառուցենք»,-ասաց Ա.Ախոյանը:

Անձրևաջրերի դպրոց լցվելը, Ա.Ախոյանի կարծիքով, խնդիրներ չի առաջացնի, «արևը մի հատ «կուտի»», տանիքը կհավաքեն և կավարտեն:

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Սպիտակ կամար» ընկերության միակ բաժնետերը Արագած Ախոյանն է, տնօրենը՝ որդին՝ Հայկ Ախոյանը: Պատգամավորի ընկերությունը պարտքեր է կուտակել և հայտնվել մի քանի դատական գործընթացներում: «Վալիռով» ՍՊԸ  -ն պատգամավորի ընկերության դեմ անցյալ տարի շահել է 1.3 մլն դրամի բռնագանձման դատական գործընթացը: Ավելի քան 8 մլն դրամի պահաջով հայց է ներկայացրել «Եվրոպա» ընկերությունը: «Տուֆաբլոկների գործարան» ԲԲԸ –ն 2.6 մլն դրամ պարտքի բռնագանձման պահանջով է դատարան դիմել: Հունիսին այս գործով նիստ է նշանակված: «Մաստեր լյուքս» ՍՊԸ-ն շուրջ 5 մլն դրամի հայցապահանջ է ներկայացրել, գործը դատարանում է: Ընկերության գույքի նկատմամբ արգելանքներ են կիրառված ԴԱՀԿ-ի կողմից: 

[gallery id=413]

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Արագած Ախոյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter