Ծնելիություն. որո՞նք են լուծումները
Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան
2015 թվականին, Մեծ եղեռնից հարյուր տարի անց, Հայաստանում խոսում են հայությանը պատած հրեշավոր մի այլ արհավիրքի՝ «սպիտակ» ցեղասպանության մասին։ Մեր ազգի մեջ արմատներ է ձգել սեփական բնօրրանում «ցեղի» վերացման վախը։ Եվ այդ մտավախությունը լուրջ հիմքեր ունի. բնակչության արտագաղթը եւ ծնելիության կտրուկ նվազումը ներկայում երկրի անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերներն են: Հայաստանի Հանրապետության ամենից մեծ հիմնախնդիրներից մեկը բնակչության ժողովրդագրական անմխիթար պատկերն է. տարեց տարի երկրի բնակչությունը պակասում է` պետությանը զրկելով նրա անվտանգության հիմնական երաշխավորից` մարդուց:
Արտագաղթի պատճառների ու հետեւանքների վերացման մասին վերջին տարիներին շատ է խոսվել: Սակայն, ծնելիության անկման հարցում պատճառների ու դրանք հաղթահարելու գործուն մեխանիզմների մասին հանրության շրջանում կա առավել անորոշ մոտեցում: Անշուշտ, արտագաղթը գործող վարչախմբի վարած քաղաքականության անմիջական հետեւանքն է, եւ կա մեզանից յուրաքանչյուրի ուղղակի գիտակցումը պատկան մարմինների ու երկրի բարձրագույն ղեկավարների մեղքի եւ նրանց երբեւէ պատասխանատվության կանչելու մասին: Ծնելիության անկման հարցում, սակայն, հանրային գիտակցության մեջ գոյություն ունի որոշակի երկատվածություն: Հատկապես ծնելիության խթանմանն ուղղված պետական քաղաքականության ձեւական բնույթը որոշակի պատկերացում է ստեղծում պետության ղեկավարների պատասխանատվության շուրջ: Սակայն, միաժամանակ, գոյություն ունի այն ընկալումը, որ բազմազավակ ընտանիքներ հիմնելու գործում ծնողները շահագրգռություն չեն ցուցաբերում: Ուստի, անուղղակի կերպով գիտակցվում է, որ պետության մեջ բնակչության թվաքանակի անկման մեղքի որոշակի, մի մեծ բաժին ընկած է նաեւ առանձին ընտանիքների վրա: Քաղաքացիները չեն ուզում երեք եւ ավելի երեխաներ ունենալ:
Անշուշտ, ինչպես ուրիշ խնդիրներում մեր ազգի ընդհանրական մոտեցումներն են, այնպես էլ ծնելիության անկման պատճառները ու խթանմանն ուղղված ելքերը կարելի է վերագրել մեզանից դուրս եղած գործոններին եւ պատասխանատվությունը գցել արտաքին աշխարհի վրա: Կարելի է սպասել՝ մինչ մեզանից դուրս գործող սուբյեկտների ցանկությունը համընկնի յուրաքանչյուրիս սպասումների հետ, ու այս կամ այն մեխանիզմների, պետական ու մասնավոր հոգածությունների, նպատակային ֆինանսական ներդրումների միջոցով այդ սուբյեկտները խթանեն օբյեկտի կարգավիճակում հայտնված ժողովրդի ծնելիության աճը: Սակայն, դրանով այդ հիմնախնդիրը չես լուծի:
Այլ է, երբ քաղաքացիական հանրությունը գիտակցում է իր անվտագության այդ հիմնասյունը հաստատուն պահելու անհրաժեշտությունը եւ իր գիտակցական վարքով հասնում է այդ հիմնախնդրի լուծմանը: Նման ճանապարհի կանգնելու համար հարկ է պատկերացում կազմել այն գործոնների մասին, որոնք անցյալում խթանել ու ներկայում այլ երկրներում խթանում են բնակչության աճը:
Առանձին հետամնաց երկրներում այսօր շարունակվում է բնակչության աճը: Սակայն զարգացող ու զարգացած շատ երկրներում ծնելիությունը մտահոգության առարկա է: Պետական անվտանգության խնդիրները լուծելու համար մեծ տերությունները վերջին հարյուրամյակում բավական գործուն մեխանիզմներ են բանեցնում այլ երկրներից վերարտադրման տարիքում գտնվող մարդկային ռեսուրսները (աշխատուժն ու գիտական ներուժը) դեպի սեփական երկրներ ուղղորդելու համար: Առանձին պետություններ դրա համար ներդնում են ֆինանսական ու նյութական միջոցներ եւ այլ երկրների քաղաքացիներին գրավիչ առաջարկներ անելով` տեղափոխում են նոր բնակության վայրեր: Իսկ զարգացած արեւմտյան տերություններն ավելի առաջ են անցել եւ սեփական երկրների բարեկեցության, սոցիալական պաշտպանվածության հաշվին, ինքնաբերաբար, խթանում են նորանոր էմիգրանտական հոսքեր դեպի իրենց երկրներ: Արդյունքում այդ տերությունների պատկան մարմիններին մնում է միայն ընտրություն կատարել՝ ում թողնել մուտք գործել իրենց երկրներ: Այն է` հետեւել, որ որակյալ մասնագիտական կադրերը, առողջ ու վերարտադրման տարիքում գտնվող աշխատուժը քաղաքացիություն ստանա ու բնավորվի իրենց պետություններում:
Ներկայացված պատկերը մի հարց է առաջադրում` ո՞րն է մի կողմից հետամնաց, իսկ մյուս կողմից՝ զարգացող ու զարգացած երկրների՝ ծնելիության հարցում ունեցած անհամապատասխանության պատճառը: Ինչո՞ւ հետամնաց երկրներում բնակչությունն աճում է, իսկ բնակչության վերարտադրման համար սոցիալական երաշխիքներ ստեղծած զարգացած երկրներում բնական աճի տեմպերը շատ թույլ են կամ զրոյական, եւ դեմոգրաֆիական պատկերը վերականգնելու համար աղքատ կամ զարգացող երկրներից մարդկային ռեսուրսներ ներգրավելու կարիք կա:
Պատճառն առանձին երկրների ավանդական կենսակերպի մեջ մնալու, իսկ մյուսների` նոր կենսակերպի անցնելու մեջ է: Ավանդական կենսակերպի տեր հանրություններում բնակչության աճը բնական կենսագործունեության հետեւանք է: Անցյալում, այդ թվում՝ Հայաստանի պատմության նախախորհրդային ու վաղ խորհրդային ժամանակահատվածներում, հենց ավանդական կենսակերպի պատճառով էր, որ բնակչությունը շարունակական աճ էր ապահովում: Ինչպե՞ս էր դա տեղի ունենում:
Ավանդական կենսակերպը մարդուն կանգնեցնում է բնությանը դեմ հանդիման` առանց միջնորդի ու նրա կյանքի համար որեւէ պատասխանատվություն ունեցող ինստիտուտի: Այս կենսակերպով ապրող հանրությունները, անկախ այն հանգամանքից, որ ձեւականորեն նրանց գոյությունը հաշվեգրված է որեւէ պետության տարածքում, իրենց գոյությունը պահելու, կեցությունն անվտանգ ու ապահով դարձնելու համար ստիպված են ամենօրյա պայքար մղել իրենց շրջապատող աշխարհի հետ: Առաջնային պահանջմունքների` սննդի, հագուստի, ապաստանի բավարարումը բնությանը մոտ կանգնած հանրությունները պետք է կարողանան իրացնել միմիայն մի աղբյուրից՝ բնությունից: Բնությունը նրանց թե՛ թշնամին է` տարերքի միջոցով մահ ու ավեր սփռող, թե՛ կենսական բարիքներ շնորհող ստնտու մայրը: Հենց բնության առաջադրած դժվարությունները հաղթահարելու, բնությունից սնունդ հայթայթելու, աշխատանքի գործիքներ, միջոցներ ստեղծելու, սեփական բնակարանը շահագործելու, ապահով ու նաեւ անվտանգ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է ֆիզիկական մեծ ուժի ներգրավում: Ընտանիքներն այդ հարցի լուծման համար ունեն մի միջոց` ավելացնել իրենց թվաքանակը բնական վերարտադրման ճանապարհով: Աշխատող ձեռքերը բազմապատկում են աշխատանքի արդյունքը ու համայնական կյանքում ավելացնում անվտանգության երաշխիքները: Բնության ու այլ մարդկանց հետ հարաբերվելիս մի բան է՝ երբ ներկայանում ես երեք-չորս զույգ ձեռքերով, մի այլ բան` հինգ-վեց տասնյակ ձեռքերով:
Աֆրիկյան շատ ցեղերի տղամարդիկ մինչ օրս շահագրգռված են ամուսնանալ այրի ու մի քանի երեխա ունեցող կանանց հետ: Պատճառը հենց աշխատող նոր ձեռքերի առկայությունն է, որը կազմավորվող այդ ընտանիքներում միանգամից տվյալ ընտանիքներին բազմապատիկ առավելություններ է տալիս՝ ի համեմատ դեռեւս երեխաներ չունեցող կամ քիչ երեխաներ ունեցող այլ զույգերի:
Որքան մարդը հեռանում է բնությունից, որքան նա կտրվում է կոլեկտիվ համակեցական կյանքից ու մտնում անհատական հարաբերությունների դաշտ, որքան իր սնունդը, ապաստանը, անվտանգությունը ապահովելու խնդիրները կախման մեջ են հայտնվում տեխնիկական հագեցվածությամբ այնպիսի կենսագործունեությունից, որում բնությունը դեր չունի, ու մարդը վարձատրվում է ինչ-որ գործատուի հատկացրած ֆինանսական միջոցների շնորհիվ, այնքան նրա ընտանեկան կյանքը պարփակվում է մի քանի անձերի շրջանակում: Այդուհետ նոր ծնվող երեխաները ոչ թե դառնում են ընտանիքի բարեկեցության ու անվտանգության սոցիալական խնդիրները լուծելու միջոց, այլ միմիայն տեսակի պահպանման բնական պահանջմունքի իրացման օբյեկտ: Երկրորդ, երրորդ երեխաներն արդեն անընդունելի հոգս են դառնում անապահով, արեւի տակ իր տեղն ապահավելու համար կենաց-մահու պայքար մղող մարդ արարածի համար:
Տեխնիկական ու տեխնոլոգիական ներկա դարաշրջանում, երբ մի մեքենան կարող է փոխարինել անցյալի հարյուրավոր ու հազարավոր մարդկանց աշխատանքին, յուրաքանչյուր պետությունում մարդկանց աշխատանքով ապահովելը խնդիր է դառնում, հետեւաբար յուրաքանչյուր ծնողի համար խնդիր է դառնում իր ու իր ընտանիքի կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսների հայթայթումը: Գործազրկությունը ներկա աշխարհի առաջնային մարտահրավերն է, եւ այդ հարցում հիմնարար լուծումներ փորձում են գտնել միայն առաջադեմ հանրություններն ու նրանց կազմավորած պետությունները:
Ասվածը հիմք է տալիս եզրակացնել, որ Հայաստանում բնակչության բնական աճի խթանման համար երկու ճանապարհ կարող է լինել: Առաջինը հար եւ նման է անցյալի ավանդական կենսակերպին` նրա մոդիֆիկացված տարբերակն է: Յուրաքանչյուր երեխա ծնվելիս չպետք է այնպիսի բեռ դառնա ընտանիքի համար, որ ծնողը մտածի, թե ինչպես հոգա նրա առաջնային կարիքները: Ընդհակառակը, պետությունը ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդից հետո, նրա ծննդով պայմանավորված, անցյալից եկող, բայց այսօր կորսված երեխայի սոցիալական գործառույթը պետք է վերականգնի: Նոր ծնվող երեխայի` ընտանիքի բարեկեցության ու անվտանգության գրավականը լինելու հանգամանքի բացակայությունը պետությունը պետք է ինչ-որ ձեւով փոխհատուցի տվյալ ընտանիքին: Այդ նպատակով երկրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր ծնվող երեխային պետությունը պետք է հատկացնի սեփականություն` անշարժ գույքի (հողակտորի) տեսքով, որը երեխայից անօտարելի պետք է լինի: Այդ սեփականությունը տիրապետելու եւ օգտագործելու իրավունքը` բարիք ստեղծելու հնարավորությունը, թողնելով ծնողին՝ պետությունը միաժամանակ պետք է որոշակի հանձնառություն վերցնի ստեղծվող բարիքի իրացումը կազմակերպելու հարցում` ի նպաստ տվյալ երեխայի ապահով մանկության եւ ընտանիքի բարեկեցության:
Երկրորդ ճանապարհը կապված է գործատեղերի պլանային ներդրման եւ վերարտադրման տարիքում գտնվող ծնողների շրջանում գործազրկության երեւույթը վերացնելու հետ: Հատկապես քաղաքային բնակչության համար, որը հեռու է հողագործությունից, առավել մեծ աշխատավարձ ենթադրող գործատեղով փոխհատուցելով ընտանիքում նոր երեխայի ծնունդը` կարելի է հասնել սոցիալական այն գործառույթի վերականգնմանը, որը գոյություն է ունեցել ավանդական հանրություններում:
Այսօր քաղաքային ու գյուղական բնակչության աճի խթանման համար տարաբնույթ մեխանիզմներ կարելի է առաջարկել: Սակայն, առավել կարեւոր է, որ հանրությունը գիտակցի բնակչության աճի հիմնական գործոնի նշանակությունը, այն գործոնի, որը դարեր շարունակ աշխարհում բնակչության թվաքանակի ավելացմանն է ծառայել: Իսկ դա ֆիզիկական ուժի պակասորդի գործոնն է եղել:
Ներկայում խախտված այն հարաբերակցությունը, երբ կա մարդու ֆիզիկական ուժի ավելցուկ, խանգարում է կյանքի կոչել մեր ազգի վերարտադրման ռազմավարական նպատակները: Հայաստանի Հանրապետությունը որպես սոցիալական պարտավորություններ ստանձնած պետություն վերարտադրման տարիքում գտնվող իր քաղաքացիներին նաեւ հողակտորով ու գործատեղով ապահովելու հանձնառություն պետք է վերցնի, որով եւ ֆիզիկական ուժի իրացման նոր դաշտեր կստեղծի: Միաժամանակ, այդ գործում բանակի նշանակությունը մեր պետության կայացման ու զարգացման գործում անգնահատելի կարող է դառնալ: Մարդու ֆիզիկական ուժը ներգրավելու, գործատեղեր ստեղծելու հանձնառությամբ առաջնորդվող պետության համար բանակը լրացուցիչ ենթակառուցվածքներ կապահովի: Քաղաքացու կողմից իր ֆիզիկական ուժի օգտագործումը սեփական հողակտորի վրա, ինչպես նաեւ` բանակում եւ նրան սպասարկող ենթակառուցվածքներում, կծառայի տարբեր տարիքային խմբերի փոխգործակցության կապակցված շղթայի գոյությանն ու, հետեւաբար, բնակչության բնական աճի ապահովմանը:
Ինչպե՞ս հասնել այդ ամենին: Խնդիրը հանրային այն գիտակցության ամրապնդումն է, որ իր անվտանգ ու ապահով կեցության համար հանրությունը չունի այլ տարբերակ, քան ինքնուրույն լուծել սեփական անվտանգության ու ապահովության երաշխիքները: Պետության մեջ քաղաքացիական հանրության գիտակցության բարձրացումն այն աստիճանի, որ նա ընկալի իր անվտանգ գոյության համար բազմանդամ ընտանիքի նշանակությունը ու դրա համար պայքարի՝ նոր սոցիալական երաշխիքներ ձեռք բերելու համար հենց այն ճանապարհն է, որ երբեւէ կարող է լուծել մեր երկրի ժողովրդագրական հիմնախնդիրը: Ոչ ոք, բացի հենց իրենից` հանրությունից, չի կարող շահագրգռված լինել պետության անվտանգության ու ապահովության հարցում: Ուստի, ինչպես ժողովուրդը պայքարում է իր տարաբնույթ իրավունքների հաստատման համար, նույն կերպ նա պարտավոր է պայքարել իր՝ բազմանդամ ընտանիք ունենալու պետական երաշխիքները ստանալու համար:
Մեկնաբանել