Շիրակի մարզում ճգնաժամային կառավարման կենտրոն է բացվել
Մայիսի 15-ին Գյումրիում բացվել է Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Գյումրիի փոխքաղաքապետ Ռ. Սանոյանը: Մարզային փրկարարական վարչության պետ Մ. Սարիբեկյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նորաբաց ՃԿԿ-ում, ծանոթացել խորհրդակցությունների սենյակի ու դահլիճի հնարավորություններին, աշխատակիցների հանգստյան սենյակի պայմաններին, ինչպես նաև հաշմանդամների համար նախատեսված հատուկ հարմարություններին:
ՏԿԱԻ նախարարը ծանոթացել է Շիրակի ՃԿԿ-ի աշխատակազմի հետ՝ նշելով, որ այն մեծամասամբ պետք է բաղկացած լինի բարձրագույն կրթություն ունեցող և օտար լեզուների տիրապետող կանանցից, իսկ տղամարդկանց ներուժը հարկավոր է օգտագործել փրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում: Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ, փ/ծ գնդապետ Մ. Մկոյանը նախարարին ներկայացրել է կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Ըստ նրա՝ օդերևութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները, որը գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին: ՃԿԿ-ում հստակ գրանցվում է նաև մարզի սեյսմիկ ակտիվությունը: Կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա երևում է, թե որտեղ է գտնվում շտապօգնության կամ փրկարարական մեքենան, ինչը թույլ է տալիս անձնակազմին ճիշտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ պետք է շարժվել: Տ
ԿԱԻ նախարարի հանձնարարականով՝ ամեն օր ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են Շիրակի մարզպետին, Գյումրիի քաղաքապետին, առողջապահության ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև իրավապահ մարմիններին: Ընդհանուր առմամբ, դրական գնահատելով Շիրակի ՃԿԿ-ի կառուցման աշխատանքները, նախարար Երիցյանը խստագույնս հանձնարարեց բնակիչների զանգերին պատասխանել առավելագույնս բարեհամբույր և պատշաճ կերպով: - 911 հեռախոսահամարին եկող բոլոր զանգերը պետք է պատասխան ստանան,-ասաց Ա. Երիցյանը,- այս հրամանը խախտողներն անմիջապես կհեռացվեն աշխատանքից: Պատասխան պետք է ստանան նաև այն զանգերը, որոնք դուրս են մեր գործառույթների շրջանակից: Լրագրողների հետ զրույցում նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզում «911» ծառայության տեղայնացումը մեծապես կբարելավի փրկարարական ծառայության որակը, քանի որ ոչ մի ահազանգ անպատասխան չի մնա: Նախարարն ավելացրեց, որ նորաբաց կենտրոնը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և սեյմսակայուն կառույց է. - Մոտ ապագայում կբացվեն նաև մյուս մարզային ՃԿԿ-ները, ինչն անկասկած մեծ արդյունավետություն կապահովի փրկարարական ծառայության մատուցման հարցում:
Բացի այդ` ստացված տեղեկությունները կփոխանցվեն անմիջապես մարզպետին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավապահ և առողջապահության ոլորտի մարմիններին,- ասաց նախարար Ա. Երիցյանը: Հարցին, թե արդյոք մարզի փրկարարական վարչությունների աշխատակիցները անհրաժեշտ չափով պատրաստվա՞ծ են մարզի դժվարհասանելի վայերում օգնություն ցուցաբերելու համար, նախարարը պատասխանեց. - Հայաստանն արդեն չորս տարի համագործակցում է ՄԱԿ-ի Միջազգային որոնողա-փրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հետ, որին անդամակցում են 34 պետություն: Սեպտեմբեր ամսին Հայաստանը կանցնի փորձաքննություն՝ կառույցի 35-րդ անդամը դառնալու համար: Տարածաշրջանային պետություների համեմատ Հայաստանն առաջնային դիրք է գրավում, ինչը փաստում է մեր տղաների բարձր պատրաստվածության մասին,- հավելեց Ա. Երիցյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել