«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ոչ իրավակարգ իշխանության կողմից հերթական անգամ ՀՀ քաղաքացուն պարտադրվում են էներգետիկայի ոլորտում անարդյունավետ կառավարման ու յուրացումների պատճառով պայմանավորված նոր թանկացումներ եւ ստեղծված իրավիճակում, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, կրկին հետեւանքների ծանր բեռը դնում են քաղաքացու վտիտ ուսերին:
Մինչ օրս թանկացումներն, ընդհանրապես, եւ այս պարագայում՝ մասնավորապես, եղել են անհիմն, որոնք տեղիք են տվել ՀՀ քաղաքացիների նորանոր հուսալքությունների, արտագաղթի նոր ալիքների, հասարակության ցնցումների: Հերթական այս թանկացումները վտանգավոր են մի քանի նկատառումներով.
ա) առանց այն էլ ոչ գնողունակ քաղաքացիներին ծառայությունների համար բարձր վարձավճարներ պարտադրելը հանգեցնում է գնողունակության առավել վատթարացմանը,
բ) փոքր ու միջին բիզնեսի համար առկա ոչ շահավետ պայմաններն ավելի են ծանրանում էլեկտրաէներգիայի չհիմնավորված նոր թանկացումներով, որոնց հետեւանքով արտադրողականությունը նվազում է եւ շատ դեպքերում հանգեցնում բիզնես-գործունեության դադարեցմանը:
«Ժառանգությունը» վստահեցնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումն արդյունք է նաեւ Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովի կողմից ոչ բավարար վերահսկողության կամ անգործության, որի հետեւանքով մենաշնորհ ունեցող տնտեսվարողը, որպես կանոն, բարձրացնում է սակագները՝ ամենատարբեր չհիմնավորված ծախսեր ներառելով սակագնի մեջ:
«Ժառանգությունը» դատապարտում է որեւիցե քննադատության չենթարկվող իշխանությունների կողմից տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ կոչ է անում հեռու մնալ հերթական ճգնաժամային քայլերից:
Այս օրերին ՀՀ քաղաքացիների կողմից ձեւավորվող բողոքի ու դժգոհության դրսեւորումները հիմնավոր են, եւ իշխանությունները պարտավոր են ականաջալուր լինել, հակառակ պարագայում այսօրինակ անհեռատես քաղաքականությունը լի է անկանխատեսելի հետեւանքներով»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել