Մի՛ դատիր, որ չդատվես
Պատասխան «Երուսաղեմի Ղևոնդ Վարդապետի արկածները» հոդվածին
Ապշահար, ցավով և ապա անզուսպ զայրույթով կարդացի Ձեր՝ «ուխտավորի» զրպարտական հոդվածը, որը և առիթ տվեց իմ պատասխան նամակին:
Ցավալի է, որ Ձեր (հրաժարվում եմ գրողին դիմել, որպես «մի խումբ հայ ուխտավորների», որովհետև նամակը հստակորեն գրված է միայն մեկ անձի կողմից) «ուխտագնացության» միակ նպատակը հայ կղերականների «բացասական» արարքների ի հայտ բերելն է և այն հրապարակելու ի լուր հավատացյալ աշխարհին:
Ի տարբերություն Ձեզ՝ ես հայ ուխտավորս չեմ թաքնվում որևիցե խմբի անվան տակ, այլ հստակորեն նշում եմ իմ անունը՝ Շողիկ Լևոնի Հովհաննիսյան և վստահեցնում Ձեզ, որ ոչ մի ազգակցական կապ չունեմ Հայր Ղևոնդի կամ որևիցե մեկ Երուսաղեմի հայ կղերականի հետ: Նաև ի տարբերություն Ձեզ, իմ բազմիցս Երուսաղեմ կատարած ուխտագնացությունների ընթացքում այցելել եմ այնտեղի սրբազան ուխտավայրերը, հոգեպես վերանորոգվել և ստացել Քրիստոնեական դարավոր սրբությունների օրհնությունները: Եվս մեկ տարբերություն ի Ձեզ, ես՝ ուխտավորս ուխտագնացության եմ մեկնել Երուսաղեմ միայն և միայն այդ նպատակով: Ուստի համարձակորեն կարող եմ ասել, որ Ձեր Երուսաղեմում գտնվելը ուխտագնացություն չի կարող համարվել, այլ պարզապես այցելություն, որից Ձեր հոգին (մեջ եմ բերում Ձեր շատ սիրած արտահայտությունը) գայթակղվել է չարության ոգով:
Ութ տարի առաջ էր, երբ առաջին անգամ պատանի որդուս հետ, ով ծնվել և մեծացել է Նյու Յորքում, իսկ այժմ բնակություն է հաստատել և աշխատում է Հայաստանում, ինչպես նաև իր հոգևոր ծառայությունն է մատուցում Սուրբ Սարգիս եկեղեցում, ուխտագնացության էինք մեկնել Երուսաղեմ, որտեղից երկուսս էլ վերադարձանք ոչ միայն հոգեպեսվերելք ապրած, այլ նաև վերածնված քրիստոնյաներ ի շնորհիվ մեր հայ հոգևոր հայրերի, որոնց թվում էին Հայր Նորայրը, Հայր Ղևոնդը, Հայր Բագրատը,Հայր Էմանուելը, Հայր Թեոդորոսը, , Հայր Հայրիկը, Հայր Թադեոսը, Հայր Խաթը և բոլոր մեր հայ այն կղերականները, որոնց հետ բախտ ունեցանք հանդիպելու: Ցանկը երկար է երախտիքս հայտնելու թե՛ որպես հայուհի և թե՛ որպես նվիրյալ քրիստոնյա մեր բոլոր հոգևոր հայրերին, ովքեր տարիներ շարունակ ծառայել են Երուսաղեմի հայ թեմին: Գալով Ձեր այցելությանը և գիշերելուն Երուսաղեմի քրիստոնյա սրբավայրերից մեկում՝ Սրբոց Հրեշտակապետաց Վանքում, որը արդեն մեծ օրհնանք է (եթե այդչափ գիտակցություն և հավատք ունեք) պետք է հասկանաք, որ եկեղեցուն տրված նվիրվատվությունը և գիշերելու , ինչպես նաև ծառայություններից օգտվելու համար վճարումները (Ձեր նշած $40 գիշերելու վճարը) տարբեր հասկացողություններ են: Վերադառնալով իմ առաջին ուխտագնացությանը և առաջին այցին Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, որի շրջակայքը բավականին անխնամ վիճակում էր,տարեցտարի մեծ բարեփոխումների ենթարկվեց Երուսաղեմի հայ բնակիչների բարեգործության և Հայր Ղևոնդի ջանքերի ու նվիրվածության շնորհիվ: Երեք թե չորս տարի առաջ էր, երբ նորից այցելեցի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին և հիացմունքով ականատես եղա նոր շունչ ստացած եկեղեցու շրջակայքին: Վերանորոգումների շնորհիվ Երուսաղեմի ուխտագնեցներին հնարավորություն էր ընձեռած իջևանելու քրիսոնեական հավատքի այդ սրբավայրում: Ձեր սխալ նկարագրությունը հարկ եմ համարում ուղղել՝ նախ վանքը չէ որ վերածնված է հյուրանոցի, ինչպես որ նշում եք Ձեր երկարաշունչ և մեղադրական 2-րդ պարբերության մեջ, այլ վանքի տարացքում վերանորոգվել են խաչակիրների ժամանակաշրջանից մնացած կառույցները, որտեղ էլ ժամանակին բնակվել են, թե՛ վանականները և թե՛ խաչակիր ասպետները: Իսկ վանքը մնում է սրբավայր և սրբությամբ էլ հոգ է տարվում, ուր մատուցվում է Սուրբ պատարագ:Վանքի շրջակայքի այդ կառույցները, որոնք դարեր ի վեր լքված էին, վերականգնվելուց հետո հնարավորություն պարգևեցին ուխտավորներին իջևանելու (գիշերելու) ոչ թե վանքում՝ այլ դարավոր այդ կացարաններում:Ինքներդ Ձեզ պարզ հարց տվեք, թե ին՞չ վատ բան կա դրանում: Տեղեկացնեմ Ձեզ նաև, որ որևիցե կառույց, լինի դա Ձեր բնակավայրը, դպրոց, հիվանդանոց, գրադարան և անգամ իսկ եկեղեցի, տևական աշխատանք և խնամք են պահանջում՝ այն պատշաճ վիճակում պահելու համար, որի միակ միջոցը նյութական (դրամական) եկամուտ ապահովելն է:
Ինչ վերաբերում է Հայր Ղևոնդի հրատարակած գրքերին, նորից ի գիտություն Ձեզ և ի հպարտություն մեզ՝ հայ հավատացյալներիս, այսօր մեր շատ հայ կղերականներ հրատարակում են իրենց գրքերը և նորից ի գիտություն Ձեզ որևիցե տպագրություն մեր օրերում, անկախ, թե որ երկրում է գիրքը տպագրված, բավականին ծախսատար է: Դա Ձեր ընտրությունն է այն գնել, թե՞ ոչ, բայց Ձեր իրավասության սահմանների մեջ չի մտնում որոշել, թե այն պետք է վաճառվի թե՞ ոչ:
Շատ ցավալի է և խղճալի, որ այդպիսի սրբավայրում գտնվելու Ձեր հետաքրքրությունը եղել է միայն այն «թե այդ բիզնեսների փողերը իր գրպանն են գնում, թե …» (§2)Իսկապես միայն Ձեր այս սահմանապակ լինելու համար խորը խղճահարություն եմ զգում Ձեր հանդեպ և որպես նվիրյալ քրիստոնյա աղոթում եմ Ձեզ համար, որ Տիրոջ կամքով Ձեզ ևս մեկ անգամ իրական ուխտագնացություն շնորհվի դեպի Երուսաղեմ, ուր մեր հոգևոր հայրերի և կղերականների «սև փարաջայի տակը» նայելու փոխարեն Ձեր հոգին (չարացած հոգին) կլցվի բարության և հավատքի լույսով և Ձեզ կշնորհվի ոչ թե փնովելու և վարկաբեկելու, այլ աղոթելու կարողություն՝ նախ Ձեր հոգու, Ձեր սիրեցյալների բարվոքության համար, ինչպես նաև Երուսաղեմի մեր հայ միաբանների և հոգևոր ծառաների համար, որպեսզի Տերը նրանց էլ ավելի ուժ և կորով պարգևի՝ դարերով պահված ու պահպանված մեր հոգևոր հավատքը, ինչպես նաև Երուսաղեմի հայ պատմությունը սերունդներին փոխանցելու համար:
Իսկ այժմ անցնենք Ձեր 2-րդ հարցին, որը զարմանալիորեն չկապակցված մի քանի հարցեր է արծածում: Ֆեյսբուքում Հայր Ղևոնդի տեղադրած կայքի մասին շատ տարաձայնություններ կարող են լինել: Ես հետաքրքրությամբ ունկնդրեցի և գիտակցեցի, որ այո՛ իրականում ես որպես հայ քրիստոնյա շատ քիչ տեղեկություններ ունեմ Հայ Սուրբերի մասին և այն դիտեցի որպես ուսուցողական հոլովակ: Տեղեկացնեմ Ձեզ, որ որպես նվիրյալ քրիստոնյա, ես հաճախակի եմ աղոթում կաթողիկե եկեղեցիներում և Երուսաղեմ կատարած ամենամյա իմ ուխտագնացությունից հետո նաև ուխտագնացության եմ մեկնում Մոնրեալ՝ Սուրբ Հովսեփի կաթողիկե տաճարը, որը կառուցվել է իմ կաթողիկե հոգևոր ուսուցչի՝ Սուրբ Անդրեի նախաձեռնությամբ: Ես բազմիցս զրույցներ եմ ունեցել Հայր Ղևոնդի հետ Սուրբ Անդրեի մասին և նաև (հուսամ, որ Հայր Ղևոնդը կհիշի այդ մասին) իր ընդունարանում նրան նվիրել կաթողիկե տաճարից բերված հոգևոր բնույթ ունեցող հուշանվերներ, որոնք երախտիքով, գնահատանքով և ջերմությամբ է ընդունվել Հայր Ղևոնդի կողմից:
Գալով Ձեր «ուխտագնացի» «խառնակիչ» բառին, որպես նվիրյալ քրիստոնեա խորհուրդ կտայի, որ զգուշությամբ ընտրեք Ձեր բառերն ու արտահայտությունները, նամանավադ, որ Ձեր գրածից հայտնի է, որ միայն մեկ առիթ եք ունեցել լինելու Երուսաղեմում և միայն այդ ընթացքում եք շփում ունեցել Հայր Ղևոնդի հետ, հետևաբար Ձեր «առաջինանգամը չէ», կամ «այլևս աչք չենք կարող փակել» արտահայտությունները պարզապես անհեթեթություններեն:
Վստահեցնում եմ, որ Ձեր տեղեկությունը այն մասին, թե ականատես եք եղել երբ Հայր Ղևոնդը «կռիվ է արել մի շարք միաբանների հետ» զուտ զրպարտություն է, քանզի անհնարին է, որ Դուք որպես ուխտավոր ներկա գտնված լինեիք կղերականների միջև տեղի ունեցած որևէ վեճի:
Շատ ցավալի է, որ նշել եք Հայր Էմանուելի և Հայր Թեոդորոսի անունները և Ձեր ընթերցողներին ներկայացրել մեր նվիրյալ վարդապետներին միայն Հայր Ղևոնդի հետ ունեցած տարաձայնություններով: Հայր Էմանուելը տարիներ շարունակ վարում է հոգևոր պատասխանատու պաշտոններ և որպես մայր հարկ եմ համարում նրան հայտնել իմ երախտիքս, նրա աջակցության և քաջալերանքների համար՝ որդուս հոգևոր աշխարհին ծառայելու գործում: Որպես հայուհի խորին երախտիքս եմ հայտնում նաև Հայր Թեոդորոսին՝ ով վարում է Սրբոց Հակոբանց Ժառանգավորաց Կրթական Վարժարանի տեսչի պատասխանատու պաշտոնը: Տարիներ շարունակ ականատես եմ եղել նրա նվիրյալ աշխատանքին, թե՛ որպես հոգևորականի և թե՛ որպես ուսուցչի, հիացել նրա գիտելիքներով ու կազմակերպչական ձիրքով: Ցավոք Ձեր մեջ բերած մյուս կղերականներին բախտ չի վիճակվել ճանաչելու, բայց վստահ եմ, որ նրանք էլ բացի կոնֆլիկտային իրավիճակներին մաս կազմելուց, շատ ուրիշ գնահատելի արժանիքներ ունեն, որոնք կարող էիք բացահայտել Ձեր «հրաշունչ» հոդվածում:
Զարմանալի է և իհարկե նաև հետաքրքիր, թե ի՞նչ արձագանք է տվել Արիս Սրբազանը՝ իր անունը կարդալով Ձեր հոդվածում: Շատ տարօրինակ է, որ Արիս Սչբազանը անձամբ ձեզ «ուխտավորներիդ» տեղեկացրել է իր հոգևոր եղբոր՝ Հայր Ղևոնդի «Էջմիածնի Գերագույն ժողովում նրան պատժելու» հարցի քննարկման մասին:
Ձեր նմաններին հիասքանչ պատասխան է տվել Երուսաղեմի Ամենապատիվ Պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանը՝ նշելով, որ «Մարդիկ իրենք իրենց իրավունք չպետք է տան ուզածնու պես մեկնաբանելու այն ինչ որ կպատահի, խնդիրներ են, որ կպատահեն որևէ բարեկամներու միջև, եղբայրներն նույնիսկ հարցեր կունենան, բայց ամեն ինչ կհարթվի, հարց չկա, որ չհարթվի», (Սուրբ Վարդան Մայր Տաճար, Նյու Յորք, Նոյեմբեր 2013): Ես խորապես հավատում եմ այս խոսքերին և հավատացնում նաև Ձեզ այս խոսքերի ճշմարտացիությանը:
Վերջացնելով պատասխան նամակս՝ պարզապես ուզում եմ հիշեցնել Ձեզ, որ 2015 թվականին ամբողջ աշխարհի հայերս համախմբված հիշատակում ենք Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, ինչպես նաև աշխարհով մեկ տոնախմբում հազարամյակների մեր գոյատևումն ու ազգապահպանությունը:
Դիտե՛ք նաև այդ նույն ֆեյսբուքում, ինչպես նաև համակարգչային այլ կայքերում և տեսեք այդ բռնցքվող, հպարտ ու հարատևող ազգային և հոգևոր նվիրյալուժերը և կզգաք, թե որքան ճղճիմ և ստորին է Ձեր արարքը:
«Մի՛, դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվե՛ք»
Մաթեոս Է : 1-2
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ազգիս խոնարհ ծառա` Շողիկ Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել