
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 15-20%-ն արտահանվում է Իրան
2014 թվականին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի առնվազն 15%-ն արտահանվել է: Էլեկտրաէներգիան արտահանվել է հիմնականում Իրանի Հանրապետություն: Միայն նախորդ տարի փոքր ծավալով արտահավել է նաև Վրաստան: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 7 750 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա (0.5%-ով ավելի 2013 թվականից): Իսկ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ նույն տարում Հայաստանից արտահանվել է 1 166,2 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, այսինքն՝ արտադրվածի 15%-ը: Իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը 2014 թվականը ամփոփող իր ասուլիսում հայտարարել է, որ 2014-ին էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 1305,3 մլն կվտ/ժ: Եթե հավատանք այս ցուցանիշին, ապա ստացվում է, որ նախորդ տարի Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 16,8 %-ն արտահանվել է: Վերջին տարիներին այս ցուցանիշը շատ չի փոխվել: 2012-ին, օրինակ, արտահանվել է 20%-ը:
Մենք ձեզ էլեկտրաէներգիա, դուք մեզ՝ գազ
Հայաստանը Իրանի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ, տալիս ենք էլեկտրաէներգիա, վերցնում՝ գազ: Ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ 2014-ին արտահանվել 1 165 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա ( 73,4 մլն դոլար), ներմուծվել՝ 383 մլն խմ գազ (72,4 մլն դոլար): Հայաստանի և Իրանի միջև գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը իրականացվում է 2009-ից սկսած: Հայաստանը պարտավորվել է մեկ խորանարդ մետր գազի դիմաց Իրանին տալ 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա: Այդ տարվանից սկսած՝ Հայաստանն Իրան է արտահանել առնվազն 757 մլն կվտ/ժ (20,7 մլն դոլար), առավելագույնը՝ 1587,51 մլն կվտ/ժ (95,25 մլն դոլար)՝ էլեկտրաէներգիա:
Հայաստանում բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը համադրելի չէ սահմանի վրա ստացվող ուսական և իրանական գազի գնի հետ: Այն հանրապետություն մուտք է գործում բարձր ճնշման խողովակով և բնակչությանը ցածր ճնշման խողովակներով մատակարարելու համար կատարվում են փոխադրման, օպերատորի ծառայության և բաշխման, գազափոխադրման և գազաբաշխիչ ցանցերի շահագործման և այլ սպասարկման ծախսեր, որոնց հաշվարկների հիմքով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի կողմից սահմանավում են ներհանրապետական գազի վաճառքի ակագները: Նույն տրամաբանությունն է գործում նաև Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի սակագնի դեպքում: Այսինքն՝ Իրանի բնակչությանն այդ էլեկտրաէներգիան մատակարարվում է ավելի թանկ, քան ստացվում է սահմանին:
Պարզվում է՝ Իրանից նաև ներմուծում ենք էլեկտրաէներգիա: Մաքսային ծառայության տվյալներով՝ 2014-ին Իրանից Հայաստան է ներմուծվել 55,5 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ 1,4 մլն դոլար արժեքով: 2013-ին՝ 46,7 մլն կվտ/ժ, 2012-ին՝ 11,4 մլն կվտ/ժ, 2011-ին՝ 71,6 մլն կվտ/ժ:
Իրանը գազ արդյունահանող երկրների առաջատարների թվում է: Այսօր իրանական գազի խոշորագույն գնորդ է Թուրքիան: British Petroleum բրիտանական նավթագազային ընկերության ուսումնասիրությունների համաձայն, 2014-ի տվյալներով, աշխարհում հենց Իրանն է տիրապետում գազի խոշորագույն պահուստներին: Գազի գնի վերաբերյալ Հայաստանն Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ քիչ է նստել: Դա տրամաբանական է, քանի որ Հայաստանին գազ մատակարարելու բացարձակ մենաշնորհը պատկանում է ռուսական «Գազպրոմին»: Այդ մենաշնորհը Հայաստանին զրկել է այլընտրանքից: Տարեկան ամփոփ ասուլիսիում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը 2015-ի անելիքներից նախարարը առանձնացրել է նաև Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի ու Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկը:
Կա տեսակետ, որ էներգակիրների արտահանման արգելանքի վերացման պարագայում Իրանը կարող է ոչ միայն էլեկտրաէներգիայի փոխանակման և համատեղ արտադրության կազմակերպման, այլև՝ ներմուծման պահանջ ունենալ: Նման զարգացման պարագայում Իրան էլեկտրաէներգիա արտահանելու Հայաստանի հնարավորությունները կարող են ընդլայնվել, եթե իհարկե՝ Հայաստանի կառավարությունն օգտվի այդ հնարավորությունից: Հիշեցնենք` այս տարվա ապրիլի 2-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանը և միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան երկարատեւ բանակցություններից հետո շրջանակային համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
2014-ին Հայաստանից Վրաստան 1,2 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանվել
Վրաստանը մինչև 2006 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի իրացման շուկա էր: Դեռ 1990-ականներից տարիներ շարունակ Հայաստանը եղել է Վրաստանի էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարներից մեկը: ՀՀ պետական բյուջե բավականին լուրջ եկամուտներ է ստացել դրանից: Իսկ այսօր մեր հարևանը բավարարում է էլեկտրաէներգիայի սեփական պահանջարկը: Ըստ վրացի տնտեսագետների՝ առաջիկա 25-30 տարում Վրաստանը էլեկտրաէներգիա ներմուծելու կարիք չի ունենա, քանի որ արտադրական հզորություններն այստեղ աճում են: Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական հզորությունները հիդրոէլեկտրակայաններն են:
Վերջին տարիներին, միայն 2014-ին Հայաստանից Վրաստան է արտահանվել 1,2 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ 73,4 մլն դոլար մաքսային արժեքով: Մյուս տարիներին արտահանում չի եղել:
Ավելին՝ այսօր Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում: 2010-ին գնել է 31,1 մլն կվտ/ժամ, 2011-ին՝ 157,5 մլն կվտ/ժ, 2012-ին՝ 85,3 մլն կվտ/ժ, 2013-ին՝ 72,8մլն կվտ/ժ և 2014-ին՝ 139,6 մլն կվտ/ժ: Երևանի ՋԷԿ-ի տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը մի առիթով հայտարարել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում միայն Երևանի ՋԷԿ-ն է Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրում:
«Մենք Վրաստանից ներկրվող էլեկտրաէներգիան տրանզիտ պայմաններով փոխանցում ենք Իրան: Տարվա ընթացքում հնարավոր է՝ ստացվի այնպես, որ այդ էլեկտրաէներգիայի համապատասխան քանակ Իրանից հետ ստանանք անհրաժեշտության դեպքում: Էստեղ փող չկա կամ դա կարող ենք փոխարինել իրանական գազով՝ 1/3 հարաբերակցությամբ»,- ասել է նա: Դրա վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել նաև նախարար Երվանդ Զախարյանը. «Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա չի գնել, այլ առանձին բանակցությունների արդյունքում ձեռք է բերել համաձայնություն էլեկտրաէներգիան արտահանելու Իրան` լրացնելու այն բացը, որն առաջացել է վթարների կամ վերանորոգումների ժամանակ: Թյուրիմացություն է, ասել թե Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում: 2009 թվականից` Հայաստանը Իրանին գազի դիմաց մատակարարում է էլեկտրաէներգիա: Այդ ընթացքում եղել են վերանորոգման աշխատանքներ կամ վթարներ, և որպեսզի ստացած գազի դիմաց մենք կարողանայինք ամբողջովին ապահովել մատակարարվող էլեկտրաէներգիան, որոշակի քանակ վերցրել ենք Վրաստանից»
Հայաստանն ուզում է էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը դեռ նախորդ տարի հայտարարել է, որ Մաքսային միության սահմաններում էլեկտրաէներգետիկ համագործակցության համար պետք է հնարավորություն լինի բարձրավոլտ գծեր կառուցել: «Վրաստանի հետ մենք տարիներ շարունակ աշխատել ենք, բայց դա զուգահեռ աշխատանք չէր, իսկ զուգահեռ աշխատանքի պայմաններում մենք կարող ենք միայն ապահովել տարանցիկություն և դուրս գալ Ռուսաստանի հարավային մարզերը, որտեղ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա: Ծրագիր կա Վրաստանի հետ բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելու, որը հնարավորություն կտա անմիջապես ՀՀ-ում առկա ավելցուկ էլեկտրաէներգիան տեղափոխել Ռուսաստան: Ծրագիրը կյանքի կկոչվի մինչև 2018-ը»,- ասել է նա:
Սակայն Վրաստանի հետ բարձրավոլտ գծերի կառուցման հարցն արդեն մի քանի տարի քննարկվում է: Ի. Իսայան այս կապակցությամբ ասել է, որ այստեղ խնդիրը վարկային պայմանագիրն է: Սրա վերաբերյալ առայժմ նորություններ չկան:
Մեկնաբանել