HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոհեր Հայաստանի ապագայի շուրջը

Սամվել Հովասափյան, Բեռլին, մայիս 2015 

2011 թվականին հայկական մի քանի կայքէջերում տեղադրված էր Նուվել դ‘Արմենի խմբագիր Արա Թորանյանի հարցազրույցը, Շառլ Ազնավուրի հետ: Քանի որ այնտեղ բարձրացրած հարցերը նաև այժմեական են, ապա սխալ չէր լինի, անգամ ևս այստեղ մեջբերել այդ հարցազրույցից որոշ հատվածներ և փորձել նրա կողմից արտահայտած որոշ գաղափարներ ընդլայնել:

Իր այդ հարցազրույցում Շարլ Ազնավուրը որոշ տեղեր հոռետես և հուսահատ է հնչում, բայց որ մի պահ անդրադառնում ես Կովկասում քաղաքական և ռազմական ներկայիս լարվածության աստիճանին և պատկերացնում ես այդ տարածաշրջանում Հայաստանի ապագայի հեռանկարը, որպես անկախ պետականություն, ապա պարզ է դառնում, որ նա բոլորովին էլ չի չափազանցում, եթե ասում է.  

 «...Հայաստանը մեծ վտանգի մեջ է, եւ բոլորը հապաղում են ցեղասպանություն բառի վրա: Ես չեմ տեսնում, թե դա ինչպես է նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը...

...Ես միայն մի բան գիտեմ. մենք մի կտոր փոքր ու դժբախտ երկիր ունենք, որն արդեն երկրորդ անգամ գրեթե մեռնում է: Եվ մենք այլ բանի մասին ենք խոսում: Պետք է գոնե խելացի լինել: Պետք է հասկանալ իրերի դրությունը: Այս ամենը վերջացած է: Ես ավելի հեռուն կգնամ: Եթե անգամ նրանք մեզ վերադարձնեն տարածքները, ո՞վ կգնա: Ո՞վ կգնա ապրելու այդ տարածքների վրա: Ոչ ոք: Իրատես լինենք: Խելացի լինենք: Հաշվարկենք:

...Ոչինչ չենք անում այնտեղ ապրող մարդկանց օգնելու համար: Հակառակը: Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Շատերը ձեզ կընդունեն: Բայց դա ձեր երկրում մի արեք, սեփական ժողովրդի դեմ մի արեք, Աստծո սիրուն:

... Որքա՞ն են այնտեղ: Ինձ ասում են` 2,3 մլն: Իշխանությունները մատնացույց են անում 3,6 մլն: Բայց դա ճիշտ չէ…:

…Շատ կարճ ժամանակում նրանց թիվը կդառնա 1 մլն 800 հազար: Եվ կիջնենք մինչեւ 1 մլն բնակչություն` մաֆիոզների ձեռքում: Այդ պարագայում պետք է հույսներս չինացիների վրա՞ դնենք երկիրը վերաբնակեցնելու համար»:

Հասկանալի է, որ աշխարհում Հայաստանը երբեք էլ այն եզակի երկիրը չէ, որտեղ ուժեղներն ու մաֆիոզներն են տեր տնօրինություն անում և ոչ թե օրենքը, սակայն Հայաստանի աշխարհագրական դիրքը և երկու՝ արևելք, արևմուտք հարևանների հետ չկարգավորված և անցյալից մեզ ժառանգություն հասած տարածքային և սահմանային չլուծված հարցերի գոյության և նրանց բացահայտ թշնամանքի պատճառով, Հայաստանը դարձնում են այն եզակի երկիրը, որի ապագան՝ որպես անկախ պետականություն, վտանգված է...

Թույլ զարգացած երկրների ժողովրդների գլխին, ինչպես Հայաստանն է, ինչպես Հայաստանի նման աշխարհի մեծամաս երկրներն են, երկու պատուհաս է կախված. 

Նախ, արտաքին, դա արևմտյան կապիտալիստական երկրների բանեցրած հին և նոր  գաղութատիրական քաղաքականությունն է: Եթե անցյալում արևմտյան երկրներն իրենց ռազմական ուժերով, կամ իրենց վասալներին իշխանության լծակների մոտ կանգնեցնելով, գաղութացրել էին Աֆրիկյան, Ասիական և Լատին Ամերիկյան շատ երկրներ, ապա նրանք այսօր այդ երկրներին գաղութացրել ու գաղութացնում են, իրենց կապիտալով, համաշխարհային բանկի դրամական քաղաքականության միջոցով: Այդ թելադրական քաղաքականության ճնշումը այնքան մեծ է, որ ոչ մի աղքատ և զարգացող երկիր չի համարձակվում, կամ էլ ի վիճակի չէ, իր երկրում անկախ տնտեսական քաղաքականություն վարել: Համաշխարհային բանկը զարգացող և թույլ զարգացած երկրներին ստիպում է իրենց շուկաներում ապահովվել գների ազատություն և մթերքների մրցակցություն: Թե, դա, այդ երկրների համար ի՞նչ է նշանակում, չպետք է հեռուն գնալ, այլ բավական է նայել և իրար հետ համեմատել Երևանի «սուպերմարկետներում» վաճառքի դրված տեղական և արտասահմանյան մթերքների արժեքները: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում, աշխատավարձները համեմատած արևմտյան երկրներում աշխատավարձների հետ, մի քանի անգամ ցածր են, ապա պարզ կդառնա, թե որքան են արևմտյան զարգացած երկրների կառավարությունները այդ մթերքների ինքնարժեքները պետական նպաստների շնորհիվ իջեցնում: Ինքնին հասկանալի է, որ ոչ զարգացած և աղքատ երկրների կառավարությունները երբեք ի վիճակի չեն, իրենց երկրներում արտադրված մթերքների ինքնարժեքը, արտահանելու ժամանակ, նույնպիսի նպաստների միջոցով իջեցնել: 

Անկախության տարիներից հետո, որոշ ձեռներեցներ փորձեցին Եվրոպական շուկա հանել, Հայաստանի որոշ արտադրանքներ. գարեջուր, տարբեր պահածոներ, գինի և այլն, սակայն նրանք հաշվի չէին առել մի պարզ հանգամանք: Ստացվում էր, որ հայկական արտադրանքի ինքնարժեքը, մոտ երկու անգամ ավել էր, քան տեղի շուկաներում եղած, նույնանման արտադրանքներինը: Միայն Հայաստանում արտադրված կոնյակն է,  որ առայժմս միջազգային շուկա է դուրս եկել, որովհետև այն արդեն նախկինում ճանաչված էր և որովհետև այն իր որակով, կարողանում է մրցակցել ֆրանսիական և այլ երկրների համանուն արտադրանքների հետ: 

Անցյալ տասնամյակների ընթացքում միայն մի անգամ է կարողացել քարյուղ արտադրող երկրների՝ ՕՓԷՔ կազմակերպությունը, դեմ գնալ արևմտյան երկրների թելադրանքին, այդ այն ժամանակ էր, երբ նա 1973 թվականին քարյուղի արժեքի՝ բարելը 3 դոլարից բարձրացրեց մինչև 30 դոլարի, որից հետո արևմտյան զարգացած երկրներում լուրջ տնտեսական ճգնաժամ առաջացավ: 

Երկրորդը, ոչ զարգացած երկրներում իշխանություն են բանեցնում այն անձինք, ովքեր իրավական և դեմոկրատական ավանդություն չունեցող երկրներում են հասակ առել և իշխանություն ստանալով, չեն էլ ցանկանում, իրենց երկրներում նման իրավակարգ ստեղծել, որովհետև իրենք այն պորտաբույծ վերնախավի ներկայացուցիչներ են, որոնք երկրում տնտեսական անարխիայի առկայությամբ, իրենց և իրենց մոտ կանգնած մարդկանց համար ամենահեշտ, ամենաշուտ և անարգել հարստանալու պայմաններ են ցանկանում: 

Ստացվում է, որ Հայաստանի, - և ոչ միայն Հայաստանի, - չքավոր, աշխատող և գյուղացի բնակչությունը հարստահարվում է երկու կողմից, նախ արևմտյան երկրների տնտեսական (կամ դրամի) գաղութարարական քաղաքականության և հետո երկրում իշխանության աթոռների հետ սերտաճած, իրենց հայ կոչող, հավատացյալի դիմակ դրած և  ամենուր եկեղեցիներ կառուցող վերնախավի կողմից: 

Շարլ Ազնավուրը իր վերոհիշյալ հարցազրույցում զգուշավոր անդրադառնում է նաև մի այլ հարցի. 

«...Պետք է գոնե խելացի լինել: Պետք է հասկանալ իրերի դրությունը: Այս ամենը վերջացած է: Ես ավելի հեռուն կգնամ: Եթե անգամ նրանք մեզ վերադարձնեն տարածքները, ո՞վ կգնա: Ո՞վ կգնա ապրելու այդ տարածքների վրա: Ոչ ոք: Իրատես լինենք: Խելացի լինենք: Հաշվարկենք:»

Այս խոսքերից կարելի է հասկանալ, որ նա հարց է բարձրացնում: Մինչև ե՞րբ ենք ցանկանում Թուրքիայի հետ առճակատման գնալ: Ի՞նչն է մեզ համար կարևոր, կառչե՞լ սին երազներից, մեր ուժերից վեր պահանջատիրության վրա պնդե՞լ, թե՞ հանուն լարվածության թուլացման, հանուն Հայաստանի բարգավաճման, ռեալ, մեր ուժերին համապատասխան, քաղաքականություն վարել: Դա ինչպե՞ս կարելի է կատարել: Շառլ Ազնավուրը այստեղ զգուշությամբ շոշափում է նաև արևմտահայության զգացմունքները: Ի՞նչ պայմաններով Թուրքիան հայությանը կվերադարձնի տարածքները և եթե անգամ նա վերադարձնի, ապա ո՞վ կգնա այնտեղ ապրելու: Սրանք տարբեր հարցեր են, բայց մի պատասխան ունեն...

Վերջին օրերին բարեկամիս հետ խոսելով այդ հարցի շուրջ նա պատմեց հետևյալը.

«Ինչ որ մի հավաքում Մարշալ Բաղրամյանը, ներկաներից մեկի նման հարցին, պատասխանում է. «Հողը վերցնում են արյուն տալով, արդյո՞ք մենք այդքան արյուն ունենք տալու»: 

Մյուս կողմից, Կովկասի տարածաշրջանում, ներկայիս քաղաքական լարված մթնոլորտը, իրոք որ լուրջ վտանգներ է սպառնում Հայաստանի ապագային: Ցավոք Հայաստանի իշխանությունները չունեն այն համարձակությունը և հեռատեսությունը, իհարկե, ժողովրդից չունեն նաև այն մանդատը, որպեսզի արմատական քայլեր ձեռնարկեն, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Արցախի և Հայաստանի սահմանային հարցերը կարգավորելու միջոցով, հասնեն լարվածության թուլացման:

Թե դա ինչպե՞ս կլինի, ինչպե՞ս պետք է լինի, նախօրոք չի կարելի գուշակություններ անել, բայց որ փոխզիճումների պետք է գնալ, դա պարզ է և ժամանակի հրամայականն է:

1970 թվականի դեկ. 7-ին  Արևտյան Գերմանիայի դաշնային պետության կանցլեր՝ Վիլի Բրանդը, որպես մեծ և հեռատես քաղաքական գործիչ, մեծ համարձակություն ցուցաբերեց, և նրա կողմից գլխավորած լիբերալ Դեմոկրատների հետ կոալիցիոն կառավարությունը Լեհաստանի հետ կնքեց Վարշավայի պայմանագիրը: Ըստ այդ պայմանագրի, Գերմանիան ճանաչեց, պատերազմից հետո Գերմանիայի և Լեհաստանի միջև հաստատված Օդեր - Նայս սահմանները: Դա Գերմանիայի կառավարության համար ցավատանջ ընթացք էր, որովհետև նա ընդմիշտ կորցնում էր բավականին տարածքներ, սակայն Վիլի Բրանդը անվարան գնաց դրան, ցանկանալով տարածաշրջանում վերացնել լարվածությունը, կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ: Լավ գիտակցելով, որ Գերմանիային երբեք չի հաջողվի, խաղաղ պայմաններում Գերմանիայի օգտին փոփոխություններ կատարել այդ սահմաններում: Այն ժամանակ Գերմանիայի աջերը, նաև ազգայնամոլները նրան որակեցին որպես ազգի դավաճան, նույնիսկ անբարո ծննուդ, ով Գերմանիան ծախել է Ռուսներին և այլն: Բայց կյանքը ցույց տվեց, որ նա ճիշտ էր, որ նա որպես պետական պատասխանատու անձ, տասնամյակներ առաջ էր մտածում, քան հասարակ ժողովուրդը, քան ժամանակի աջ և պահպանողական կուսակցությունների ղեկավարները:

Ուրեմն այսօր Հայաստանի իշխանությունների և բոլորից առաջ Հայաստանի նախագահի ուսերին նույնպիսի մի մեծ ծանր բեռ է դրված. Դա հարաբերությունների կարգավորումն է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Հասկանալի է, որ Հայաստանի պարագայում, վերը հիշված պատմական համեմատությունը այնքան էլ ճիշտ չէ: Բայց պետք է նկատի առնել, որ Հայաստանը, և Արցախը որպես անկախ պետականություններ և տեղի հայ ազգաբնակչությունը, չեն կարող մշտապես նման լարված վիճակում և նման աղքատության պայմաններում ապրել: Ուրեմն պետք է հնարավոր միջոցներով աշխատել, միջայզգայնորեն ճանաչված պայմանագրերով հասնել տարածաշրջանում լարվածության թուլացման: Ո՞ւր է այն հեռատես հայ քաղաքական գործիչը, ով բանակցելով Թուրքիայի և Ռուսաստանի հետ սահմանների վերաբերյալ, գոնե որոշ փոփոխությունների հասնելով, գոնե Արարատը և Անին վերստանալով, ինչպես նաև առևտրի ազատ ճանապարհ դեպի Տրապիզոն ստանալով, զիճումների կգնա և Թուրքիայի հետ կկնքի սահմանները կարգավորող պայմանագիր:

Պետք է նաև Ադրբեջանի հետ փոխզիճումների գնալով, հասնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման և նրա ապահովությունը կարգավորող միջազգաին երաշխիքներ ստանալով, Ադրբեջանի հետո կնքել խաղաղության պայմանագիր:

Իհարկե այլ հարցեր են՝ 

ա- Արդյո՞ք Հայաստանի վերնախավը ցանկանում է, տարածաշրջանում լարվածության թուլացման գնալ: Իրականությունը ցույց է տալիս, որ ո'չ: Որովհետև նա, ներկայիս լարված մթնոլորտում, կարողանում է դյուրին կերպով Հայաստանի բնակչությանը մշտական շախի տակ պահելով, առավելագույնս հարստահարել նրան, անպատիժ սեփականացնել երկրի ազգային հարստությունը, առավելագույնս սեփական շահերին  ծառայեցնել, երկրի ընդերքի հանքային հարստությունները: 

բ - Արդյո՞ք Թուրքիան և Ադերբեջանը պատրաստ կլինեն նման խաղաղության պայմանագրեր ստորագրել: Դժվար է այդ պատկերացնել, որովհետև նրանք գիտեն, որ իրենք՝ իրենց ժողովրդի քանակով, իրենց տնտեսական կարողությամբ, ավելի երկար լծակների վրա են նստած և հայ ժողովուրդը երբեք չի կարող առանց պատերազմների, սահմանների փոփոխության հասնել, իսկ թե պատերազմները հայերին ուր կտանեն, դա արդեն պարզ է, մարգարե չպետք է լինել, դա կանխագուշակելու համար: 

Մի այլ հարց էլ է ծագում: Հայաստանի իշխանությունների նման հավանական քայլը, արևմտահայության համար դավաճանություն է նշանակելու: Բայց պետք է ռեալիստ լինել, ո՞ւմ վրա են նրանք հույս դնում, ո՞ր ուժերի: Ո՞վ է տուժելու հնարավոր պատերազմի ընթացքում, կամ ո՞ւմ երեխան է այսօր ծառայում Արցախի սահմաններում և կանգնած է Ադրբեջանի բանակի դիպուկահարներին դեմ դիմաց: 

Պետք է հաշվի առնենք ապագայի մեր հնարավորությունները: Մինչև ե՞րբ կարելի է վստահել Ռուսաստանի զորակցության երաշխիքներին: Որքա՞ն հեռանկարային են Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, որքա՞ն կարելի է վստահել նրանց: Մենք այսօր մի փոքրիկ Արցախ ունեք, բայց տեղի իշխանությունները չեն կարողանում այն այնպես զարգացնել, որ ժողովուրդը կարողանա տեղում արժանավայել ապրել: Ըստ Շառլ Ազնավուրի, գուցե դա մի քանի մաֆիոզիների օգտին է, բայց ոչ հասարակ ժողովրդի, ոչ էլ տեղի հայ գյուղացիության: Որքա՞ն խելացի կեցվածք է, խելացի քաղաքականություն, ազգովին կառչել ինչ որ անիրագործելի երազանքների իրականանումից և վերջում ունենալ լիովին աղքատացած և լքված մի երկիր: 

Մեկնաբանություններ (1)

Սամվել Հովասափյան
Հարգելի Հետքի խմբագրություն, ինչո՞ւ եք այդքան լիբերալ դարձել, որ այստեղ տեղադրում եք նաև վիրավորանքներ: Դա խոսքի ացատություն չէ, այլ դաստիարակության մակարդակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter