
Մի ցուցանմուշի պատմություն. զմռսված հուշագիրը` Թամանյանի ստորագրությամբ
Աննա Բաբաջանյան
Ալեքսանդր Թամանյանի թանգարանում պահվում է մի պարկուճ, որն իր մեջ ամփոփել է տարիների պատմությունն ու մինչեւ վերջին հանգրվանին հասնելը երկար ժամանակ «ապրել է» ծածուկ տեղում: Թանգարանում այն հայտնվել է ոչ վաղ անցյալում` դառնալով ճարտարապետի կողմից իր վաղեմի նախագծի իրականացման և 125 հայ որբերի գյուղի հիմնադրման պատմության վկան: Այդ պատմության որոշ մանրամասներ, սակայն, հայտնի են դարձել բոլորովին պատահաբար:
1986թ. ապրիլի 28-ին ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում խողովակաշարի շինարարության հողային աշխատանքների ժամանակ էքսկավատորը պատահաբար բախվում է ինչ-որ ծանր իրի: Այն տնտղելուց հետո գյուղացիները հասկանում են, որ գտածոն սովորական քար չէ. ունի որոշակի պարունակություն: Եվ իսկապես, դրանում թաղված պարկուճից գտնվում է մի հուշագիր, որտեղ կարելի է կարդալ. «1925 թվի ապրիլի 26-ին Սարդարաբադի մանկական գաղութը հիմնադրեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության ժողովուրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սարգիս Սրապյոնյանը (Լուկաշին): Հիմնադրման որը ներկա յեն 125 պատանի բնակիչներ` վորբեր»: Հիմնարկեքի տեքստի ներքո մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ` Լուկաշինը, Թամանյանը, Հակոբյանը, Զարուբյանը, Քարմամբյանը թողել են իրենց ստորագրությունները:
![]() |
![]() |
Այս գրությունը պատմում է 1925-ին Լուկաշին գյուղի հիմնադրման մասին, որի տեղում նախկինում եղել է Ամերիկյան որբանոց: Մանկական աշխատանքային ավանի ստեղծումը, կարելի է ասել, սոցիալական նախագիծ էր, որը որբերի կյանքի պայմանները բարելավելու, նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակ ուներ: Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սարգիս Սրապիոնյանի (Լուկաշին) նախաձեռնությամբ եւ նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով որբանոցի տեղում 125 պատանիների (80 տղա, 45 աղջիկ) մասնակցությամբ հիմնադրվում է գյուղը: Հիմնարկեքի արարողության ժամանակ հիմնաքարի մեջ փոս են փորում, որի մեջ դնում են հրանոթի պարկուճը, վերջինիս մեջ էլ` հիմնարկեքի տեքստը: Այնուհետև պարկուճն իջեցվում է երկու մետր խորությամբ եւ թաղվում: Փաստորեն, այն գտնվում է 61 տարի անց միայն և տևական ժամանակ` մինչեւ 2010 թվականը, պահվում համայնքի դպրոցում: Եվ ընդամենը հինգ տարի առաջ` մարտին, ՀՀ Արմավիրի մարզպետարանում խորհուրդ է գումարվում ու միաձայն որոշվում է քար-տուփը, դրանում ամփոփված պարկուճն ու հուշագիրը հանձնել Ա.Թամանյանի թանգարան-ինստիտուտին:
Լուսանկարները` Hetq.am-ի, lragrox-zatik.blogspot.com-ի
Մեկնաբանել