Սևանը միացավ «Թանգարանային գիշեր»-ին
«Թանգարանային գիշեր» միջազգային նախագծին Սեւանը միանում է արդեն հինգերորդ անգամ: Եվրոպայի խորհրդի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող թանգարանային տոնն այս տարի Հայաստանում ընթանում է «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո եւ նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արմինե Ղուկասյան
Ի թիվս հանրապետության հարյուրը գերազանցող թանգարանների, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոն-բնագիտական թանգարանը, համագործակցելով Սեւանի քաղաքապետարանի հետ, օրվա առթիվ պատրաստել էր մշակութային եւ տեղեկատվական հագեցած ծրագիր, ճանաչողական ցուցադրություններ, որոնք ուղեկցվեցին տարբեր տարիքի այցելուների խմբերով:
Այցելուների կենտրոն-թանգարանի պատասխանատու Էմմա Քոչարյանը նշեց, որ բնագիտական թանգարանը ողջ տարին հյուրընկալել է տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մարդկանց, քիչ չեն եղել արտերկրից ժամանած հյուրերն ու զբոսաշրջիկները: «Արդեն մի քանի տարի մեր թանգարանը միանում է այս ինքնատիպ եւ շատ կարեւոր նախաձեռնությանը, որն ունի ճանաչողական մեծ նշանակություն եւ մեկ անգամ եւս կարեւորում է թանգարանների դերը մեր կյանքում: Վստահ եմ, որ այս անգամ էլ անցկացվող թանգարանային գիշերը նպաստեց մեր այցելուների իրազեկվածության բարձրացմանը, դարձավ մշակութային հարթակ, օգտակար եղավ նաեւ շփումների առումով»,- նշեց Էմմա Քոչարյանը:
Այցելուների կենտրոնի նախասրահի մի անկյունը, փաստավավերագրական նյութերի, լուսանկարների միջոցով «պատմում էր» եղեռնից հրաշքով փրկված եւ Սեւանում ապաստան գտած Բենիամին Սարգսյանի (Խաչերյանի) մասին: Օրվա համար պատրաստվել էր նաեւ ֆիլմի դիտում: «Սեւան երիտասարդական ակումբ» հ/կ-ի նկարահանած «Վերապրածների սերունդները» ֆիլմը պատմում էր այն սեւանցիների մասին, որոնց ծնողներն ապրել էին Եղեռնի սարսափները:
Սեւանում «Թանգարանային գիշերը» կշարունակվի նաեւ մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը նախատեսված է թանգարանի ցուցանմուշ-թռչունների բացօթյա ցուցադրություն, «Բիբլիական աղետ» ֆիլմի դիտում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել