HY RU EN

Աթանցիները չեն հավատում համայնքների խոշորացմանը

Մայիսի 17-ին  Լոռու մարզի  Աթան գյուղում կայացած  համայնքների խոշորացման հանրաքվեի քվեարկությանը մասնակցել են 99 ընտրողներ: Համայնքերի խոշորացմանը կողմ է քվեարկել 42 ընտրող,  55-ը` դեմ:

 Աթանը գտնվում է Թումանյան քաղաքից 28 կմ հեռավորության  վրա:

«Մեր գյուղյում ընտրություններին սովորաբար մասնակցում է 155 մարդ»,- ասաց  գյուղապետ Ռոլանդ Հակոբյանը: Գյուղը  1400 գլուխ խոշոր եղջերավոր և 330 մանր եղջերավոր անասուններ ունի: Աթանցիները աղքատ չեն ապրում, սակայն  գյուղի  տների մեծ մասը  խարխուլ, գյուղամիջյան ճանապարհներն էլ անբարեկարգ են: Գյուղապետ Ռ. Հակոբյանի ասելով Աթանի կարևորագույն խնդիրներից մեկը գյուղատնտեսական մթերքների իրացումն է: Շատերը Վանաձորում են իրացնում իրենց մթերքները:

«Գյուղացիները դժվարանում են սարերից կաթն իջեցնել գյուղ, դրանք Աթանից գտնվում են 3-8կմ հեռավորության վրա: Վերավաճառողներն էլ խուսափում են սարերից գնել կաթը»,-ասում է գյուղապետը: Նա գտնում է, որ համայնքերի խոշորացումը ի շահ Աթանի գյուղացիների կլինի. «Մեր համայնքի բյուջեն շուրջ 7 մլն. դրամ է, որի 3,5մլն. դրամը աշխատավարձ է` 4 հաստիք ունենք, մեր սեփական  եկամուտները հազիվ 3 մլն. դրամ է, ապարատի ծախսերն էլ, որ հանում ենք` հազիվ  մեկ մլն դրամ է մնում: Ինչ կարող ենք անել դրանով, սար գնացող ճանապարհներներին ենք փոսալցումներ  արել»,- հայտնեց Ռ. Հակոբյանը: Անմխիթար վիճակում էր Աթանի ակումբի շենքը, գյուղը  մանկապարտեզ չունի:

«Ես խոշորացմանը դրա համար եմ կողմ, որ գոնե մշակույթի տան, համայնքային կենտրոնի և գյուղը խմելու ջրի խնդիրը կլուծվի,- բացատրում է Ռ. Հակոբյանը: Վերջինիս ասելով վերջին մեկ տարում Աթանում 2 հարսանիք է եղել, 3 ծնունդ: Գյուղից  50 մարդ է արտագաղթել: Հինգ տարի առաջ Աթանն ուներ 320 բնակիչ, այժմ` 270 :

«Ոնց  չունենք համայնքերի խոշորացումից սպասելիք, բալի կովերներուս կարենանք ծախենք,  սենց, թե նենց խոշորացումից հետո գյուղից  քոչիլ տենք, քաղաք տենք քոչիլ, Ռուսաստան»,- ասաց Աթանի  գյուղամիջում կանգնած Հունան Փիրուզյանը:

«Ոչ մի սպասելիք չունեմ խոշորացումից: Ինչ սպասելիք պետք է ունենամ, դժար մեր գյուղը զարգանա:  Ամենաճիշտը նա է, որ ոնց կա,  էտենց էլ թողան: Մեր գյուղի երիտասարդությունը անասնապահությամբ է զբաղվում, էլ ուրիշ զբաղմունք չկա»,-ասում է Նվեր Ղազարյանը:

«Մեր գյուղին կաթի և մսի իրացման հիմնարկներն են պետք: Վերավաճառողները  մեզնից ուզում են կաթը գնել 80-100 դրամով:  Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեր կաթը կարողանանք իրացնել գոնե լիտր 200 դրամով: Մեզ հուզող ամենամեծ հարցերից  մեկը մեր գյուղի 1400 գլուխ խոշոր եղջերավոր անասունների մսի և կաթի իրացման խնդիրն է: Գյուղում էլ մթերային խանութ չունենք, ստեղ էլ ամեն ինչ թանկ է»,- դժգոհեց Արծրուն Բեժանյանը: Արամ Քառյանի ասելով Աթանին  առաջին հերթին ճանապարհ է պետք . «Ամեն ընտրության մեզ խաբել են: Մենք էլ ոչ մի բանի չենք հավատում: Հենց իշխանությունն է մեզ խաբել: Ես համայնքերի խոշորացման նկատմամբ էլ ոչ մի հավատ չունեմ»,- ասաց Արամ Քառյանը:

«Փողը կենտրոնացնում են մի տեղ, որ ուտեն էլի, կոնկրետ մի տեղից ուտեն,  հիմա  ստեղից , էնտեղից են հավաքում»,- իր կարծիքը հայտնեց  հավաքվածներից մի երիտասարդ:

«Համայնքերի խոշորացմանը հավատում ես»,- հարցրի տարեց  Գարեգին Քառյանին:  «Ի, դա բան ա, որ հավատամ»,- պատասխանեց նա: