HY RU EN

Համայնքների խոշորացման հանրաքվե. պասիվ մասնակցություն Լորուտ եւ Մարց համայնքերում

Երեկ  տեղի ունեցած համայնքների խոշորացման քվեարկությանը Լորուտ գյուղի 710 ընտրողներից  քվեարկությանը մասնակցել է 245 ընտրող: Նրանցից  համայնքների խոշորացմանը կողմ է քվեարկել 125 ընտրող, դեմ՝ 115: Մարց գյուղի 384 ընտրողից հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 139 ընտրող, որից համայնքների խոշորացմանը «այո» է ասել 99 ընտրող, «ոչ»՝ 31: Լորուտում և Մարցում օրվա ընթացքում հանրաքվեի քվեարկությանը գյուղացիները ցուցաբերեցին պասիվ մասնակցություն: Լորուտի ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը դա բացատրեց գյուղացիների զբաղվածությամբ և եղանակային խնդիրներով: «Գյուղացիները մինչև ժամը 11-ը զբաղվում են իրենց անասունների հոգսերով: Դրանից հետո կաթ են մշակում, ընտրողների հոսքը ընտրատեղամաս սկսվում է ժամը 11-12-ը, այն էլ անձրև սկսվեց: Ակնկալում եմ, որ մինչև ժամը 18-ը ընտրատեղամասում  քվեարկողների մեծ հոսք է լինելու»,- ասաց նա եւ խնդրեց հանրաքվեն չշփոթել մնացած ընտրությունների հետ: «Ընտրությունների ժամանակ անձնավորված խնդիրներ կան, ու ընտրողների քանակը մեծ է լինում: Մեզ մոտ ընտրողների մասնակցությունը եղել է առավելագույնը 547 ընտրող: Հանրաքվեի քվեարկության մասնակցությունը, իհարկե, այդ չափ չի լինի»,- բացատրեց հանձնաժողովի նախագահը:

Լորուտում և Մարցում գյուղացիները համայնքների խոշորացման պատճառներին տեղյակ չէին: «Դեռ չգիտեմ՝ խոշորացումից հետո ինչ ծրագրեր կան, դրա համար չեմ կարող պատասխանել՝ խոշորացումը Լորուտի համար լավ կլինի, թե վատ»,- հայտնեց  Լորուտի գյուղամիջում կանգնած մի երիտասարդ, ով չցանկացավ ներկայանալ: «Եսիմ, ոչ մի պարզ բան չեմ տեսնում: Շատ պրոբլեմների առաջ է հասարակ գյուղացին կանգնել: Լորուտը, փառք Աստծո, մի քիչ մեծ է, փոքր չէ, հարկերը մուծելուց հետո էլի համայնքում կարողանում էինք ջուր քաշել, ջրագիծ վերանորոգել, հիմա փայլուն ապագա չեմ տեսնում Լորուտի համար»,- ասաց գյուղի բնակիչ Սանդրո Ստեփանայանը: Վերջինիս կարծիքով՝ եթե յոթ համայնքներ միանան, խնդիրները շատ են լինելու, և էդ ֆինանսական միջոցները չեն կարող գյուղերի վրա ծախսվել: «Կարող է 10 տարում մի անգամ խոշորացվող գյուղերում մի գործ անեն: Կարելի է ասել՝ ես մի 70 տոկոս լավատես չեմ համայնքների խոշորացման առումով»,- ասաց Սանդրոն: Լորուտցի Սամվել Շաքարյանը  համայնքների խոշորացմանը նորմալ է վերաբերվում. «Վերնախավը ինչ ուզի՝  խոշորացումը էն էլ կտա Լորուտին: Լորուտի վիճակը ո՛չ բավարար է, ո՛չ էլ՝ անբավարար:  Իմ կարծիքով՝ համայնքների խոշորացումը գոնե մի լավ բան էլա կանի համայնքերի համար: Լորուտցի տիկին Լենան նույնպես  համայնքների խոշորացումից ակնկալիք չուներ. «Մենակ գյուղի  ծերացում կտեսնենք, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա: «Կամ լավը կլինի, կամ՝ վատը: Մին փորձենք, տեսնենք ինչ կլինի»,- կարծիք հայտնեց Արթուր Ասատրյանը:  Մարցում նույնպես համանքների խոշորացման հանրաքվեի քվեարկության մասնակցությունը օրվա կեսին ակտիվ չէր: Մարցի տեղամասային ընտրական հանձնաժողովում ժամը 16:50-ին հայտնեցին, որ 384 ընտրողից 106-ն է քվեարկել: «Միշտ մեր ընտրություններին 200-ից ավելի ընտրող է մասնակցում»,-հայտնեց Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը: Իսկ թե ինչու են  հանրաքվեի քվեարկությանը ընտրողները պասիվություն ցուցաբերում, Ռ. Գալստյանը  բացատրեց. «Մեր ընտրություններին ընտրողներին շալակով  ու  ուսած ենք բերում ընտրատեղամաս: Շահագրգռված էինք` մեզ էին ընտրելու: Հանրաքվեի քվեարկությունը ժողովրդի քեֆին է, ով ոնց կուզի»: