
Հայ պանրագործները լուրջ խնդիրների առաջ են հայտնվել
Հայաստանում պանիր արտադրող ընկերությունները լուրջ խնդիրների առաջ են կանգել կաթի փոշու միջազգային գների նվազման հետևանքով: Եթե 2014-ին կաթի փոշու մեկ տոննայի համաշխարհային միջին գինը, ըստ արտասահմանյան տարբեր կազմակերպությունների ներկայացրած վիճակագրության, կազմում էր 4,5-4,6 հազ. դոլար, ապա այս տարվա մարտին՝ մոտ 2,8-2,9 հազ. դոլար է եղել, ներկա դրությամբ՝ 2,6-2,8 հազ. դոլար: Հայաստանը կաթի փոշի ներկրում է հիմնականում Ուկրաինայից, որտեղ ևս գնանկման նույն դինամիկան է:
«Լարի» պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Հետքի» հետ զրույցում բացատրեց, որ կաթի փոշու գնանկումը հանգեցրել է դեպի Հայաստան դրա ներմուծման ծավալների աճին, ինչն էլ բերել է տեղական կաթի պահանջարկի նվազմանը: Դա պատճառ է դարձել, որ արտադրողները գյուղացիներից կաթը մթերեն ավելի էժան գներով: Գյուղացիները, որոնք չեն ուզում նախկին գնի համեմատ ցածր գնով վաճառել կաթը վերամշակողին, անձամբ են պանիր պատրաստում տնային պայմաններում և փորձում վաճառել այն: Սա պանրի շուկայի վրա, ըստ Ա. Գիգոյանի, երկու բացասական ազդեցություն է թողնում: Նախ՝ տնային պայմաններում պատրաստված պանիրը որակապես զիջում է գործարանային պայմաններում արտադրվածին. դա կարող է որակյալ պանրի դեֆիցիտ առաջացանել: Երկրորդ՝ այս երևույթը պանիր արտադրող ընկերություններին ստիպում է, մրցակցության պայմաններից ելնելով, զգալիորեն իջեցնել պանրի գինը, ինչը կրճատում է նրանց եկամուտները: Գործարաններն ապահովում են աշխատատեղեր, տեղական շուկային նորմալ գործարանային արտադրանք են տալիս, հարկեր են մուծում: Հաճախ նրանց արտադրանքը չի կարող մրցակցել շատ ավելի ցածր գնով առաջարկվող տնական պանրի հետ: Դա որոշ արտադրողների կարող է փակման վտանգի առաջ կանգնեցնել: Էլեկտրաէներգիայի թանկացումը, որի մասին արդեն խոսվում է, լրացուցիչ խոչընդոտ է դառնալու ոչ միայն պանրագործների համար: «Մեր ժողովուրդը, ելնելով իր ցածր վճարունակությունից, դեռևս նախընտրում է ցածր գին, հետո՝ որակ: Դա հաշվի առնելով՝ ֆերմերները ստիպված նվազեցնում են առաջարկվող պանրի գինը, որը հարվածում է նորմալ գործարանների շահութաբերությանը: Դրանք դառնում են ոչ եկամտաբեր: Այս դեպքում գործարանը հայտնվում է ճգնաժամի մեջ և չի կարողանում համարժեք քանակ ապահովել արտահանման համար: Նման պարագայում արտադրության ոլորտում տուժողները պանրագործներն են, քանի որ պանիրը պատրաստում են միայն բնական կաթից, իսկ մնացած մթերքները կարելի է արտադրել կաթի փոշուց՝ թթվասեր, մածուն և պաղպաղակ»,- ասում է պանրագործների միության նախագահը:
Ըստ նրա՝ այս ընդհանուր վիճակը կարող է ռազմավարական նշանակության բացասական հետևանք ունենալ հանրապետության համար: Քանի որ ոչ բոլոր գյուղացիներն են ի վիճակի տնային պայմաններում պանիր պատրաստել և վաճառել, ուստի նրանց մի մասը կամ պետք է ստիպված ցածր գնով այն հանձնի մթերողներին, ինչը կարող է չարդարացնել նրա ծախսերը, կամ պետք է մորթի կաթնատու անասուններին: Եթե անասունը չի արադարացնում իր ծախսերը (կերի գումար, նախրապանի վճար և այլն), գյուղացուն կմնա մեկ տարբերակ՝ մորթել անասունին և գոնե վաճառված մսից օգուտ ստանալ: Դա կարող է հանգեցնել զանգվածային մորթի, ինչը շատ վտանգավոր է, որովհետև նույն կաթնատվությունն ապահովելու համար 3-4 տարի ժամանակ է հարկավոր: Բացի այդ, պանրագործները հումքի՝ կաթի ձեռքբերման խնդիրներ են ունենում: «Իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե հիմա կաթի կտրուկ լճացում է, հաջորդ տարի մենք հակառակ պատկերն ենք ունենալու հենց անասունների մորթի հետևանքով: Իսկ եթե մենք կարողանանք գոնե արտահանել արտադրված կաթը, մորթը քիչ կլինի»,- նշում է Ա. Գիգոյանը:
Նրա խոսքով՝ այստեղ մեղավորներ պետք չի փնտրել: Նորմալ է, որ գյուղացին փորձում է իր ապրանքը պանիր դարձնել, նորմալ է, որ թթվասեր ու մածուն արտադրողը նախընտրում է էժան հումքը՝ կաթի փոշին, որով ավելի շատ եկամուտներ է ստանում: Միակ մեղավորը, գուցե, արտաքին շուկան է, որի պարագայում կոնկրետ հայ արտադրողը ոչինչ անել չի կարող:
Ըստ «Լարի» պանրագործների միության՝ իրավիճակը փոքր-ինչ կարող է հարթել ՀՀ կառավարության միջամտությունը: «Թեկուզ, դա փոքր-ինչ անհավատալի է: Փորձը ցույց է տալիս, որ կառավարության հետ հույսեր կապելը ոչ միշտ է արդարացված, բայց այս պարագայում միջամտության կարիքը կա: Համակարգային փոփոխություն (հարկեր և այլն) պետք չեն, պարզապես պանիր արտահանողներին հարկավոր է յուրաքանչյուր 1 կգ-ի միավորով գին նշել և փոխհատուցել: Այսինքն՝ բյուջեն նրան անմիջապես գումար տա: Մենք հաշվարկ ենք արել, որ պանրի արտահանման խթանման շրջանակներում բյուջեի վրա այդ ծախսը կարժենա ընդամենը 3-4 մլն դոլար: Դրանով մենք կկարողանանք մեղմացնել այն վտանգները, որոնք կհանգեցնեն մեծ քանակությամբ անասունների մորթի: Կառավարությանը կդիմենք մոտ ժամանականերս: Դեռևս որոշ հաշվարկներ ենք անում, որպեսզի հարց-պատասխանները հնարավորինս քիչ լինեն՝ դիմենք, ընդունվի ու աշխատի»,- նշում է Ա. Գիգոյանը:
Նրա կարծիքով՝ այս տարի սահմանափակ քանակությամբ պանիր կարտադրվի, որովհետև դրա արտադրության և պահպանման հեռանկարները հարցականի տակ են: Բացի դա, հայկական պանիրը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, իսկ այնտեղ պահանջարկը նվազել է՝ կապված տնտեսական վիճակի վատացման, ռուբլու արժեզրկման հետ:
Իսկ ինչ վերաբերում է 2014 թվականին, Ա. Գիգոյանի խոսքով, տարին բարենպաստ է եղել պանրի արտադրության համար:
Պաշտոնական տվյալներով ևս պանրի գինն ընկել է
Ըստ Ա. Գիգոյանի՝ խանութներում վաճառվող պանրի գինը նվազել է 100-200 դրամով՝ 1 կգ-ի հաշվով: Ճիշտ է, որպես կանոն, խանութներն ավելի ուշ են արձագանքում գների նվազմանը՝ էժան ընդունում են ու նախկին թանկ գնով վաճառում, բայց որոշ ժամանակ հետո ստիպված են լինում իջեցնել գինը: Հայ սպառողն արդեն պանիրը գնում է ավելի էժան գնով: Խոսքը գործարանային արտադրանքի մասին է: Իհարկե, սպառողի համար լավ է, որ էժան է գնում, սակայն այս տեմպերի շարունակման դեպքում նույն սպառողը որակյալ պանրի համար փնտրտուքների մեջ կլինի: Ա. Գիգոյանի խոսքով՝ գործարաններ կան, որ նույնիսկ 400 դրամով են էժանացրել պանիրը: Այսօր խանութներում վաճառվող պանրի տեսականին և գները շատ տարբեր են, ուստի միջին գին նշելն անիմաստ է:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա ապրիլին, 2014-ի նույն ամսվա համեմատ, հայաստանյան շուկայում «Չեդեր», «Չանախ» և «Լոռի» պանրատեսակների գները նվազել են համապատասխանաբար 2,8%, 1,7% և 0,9%-ով:
Ռուսաստանը հայկական պանրի արտահանման հիմնական շուկան է
2014-ին Հայաստանում արտադրվել է 18,317 հազ. տոննա պանիր՝ 5,4% -ով ավելի, քան 2013-ին: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 3,1 հազ. տոննա պանիր՝ 3,5%-ով ավելի նախորդ տարվա առաջին եռամսյակից: Ներկայացված են արտադրող կազմակերպությունների տվյալները: 2014-ին Հայաստանից արտահանվել է 1,542 հազ. տոննա պանիր և կաթնաշոռ՝ 4,89 մլն դոլար մաքսային արժեքով: Ներմուծել ենք 1,188 տոննա՝ 6,313 մլն դոլարով: 2013-ի նկատմամբ փոփոխությունը քիչ է:
Ռուսաստանը հայկական պանրի արտահանման հիմնական շուկան է՝ նախորդ տարի արտահանվել է 1,540 տոննա` 4,878 հազ. դոլար արժեքով: 1 տոննա էլ արտահանվել է Վրաստան: Այլ երկրներում հայկական պանիրը գործնականում հայտնի չէ:
Դատելով ներմուծման վիճակագրությունից՝ հայերը, բացի հայկական պանրից, նախընտրում են հիմնականում նորզելանդական, ռուսական, գերմանական, ֆրանսիական, ֆինլանդական պանիրները: Ցանկության դեպքում կարելի է գտնել նաև հոլանդական, բելառուսական, բուլղարական ու լեհական պանիր:
Լուսանկարը՝ armlur.am-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել