HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք» .Հրաժարական է տալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը

Երեկ երեկոյան կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ավարտից հետո կուսակցության գրասենյակի մոտ խմբված լրագրողների հարցերին հակիրճ պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

- Կուսակցությունը որոշում է կայացրել, ինձ առաջարկել է նախընտրական շտաբի պետ, ես էլ առաջարկել եմ, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը հիմա թողնեմ, զբաղվեմ նախընտրական շտաբը ձևավորելով:

- Իսկ քննարկվե՞լ է արդյոք, թե ով է ԱԺ նախագահի պաշտոնում Ձեզ փոխարինելու:

- Ոչ, նման հարց չենք քննարկել, որովհետև դա պրոցես է, 14-ին նիստն է, կներկայացնեմ իմ հրաժարականը,- ասաց Հ.Աբրահամյանը:

Պատասխանելով հաջորդ հարցին, թե իր հրաժարականի դիմումը որևէ կապ չունի՞ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի և ՀՀԿ-ի հարաբերությունների հետ, ԱԺ նախագահը ասաց.

- Չէ, հիմա գոնե Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ-ն շատ ջերմ հարաբերությունների մեջ են:

Ըստ Հ.Աբրահամյանի` հիշյալ նիստում որևէ այլ հարց չի քննարկվել, իսկ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի` հրաժարական տալու վերաբերյալ լուրը չի համապատասխանում իրականությանը:

- Մենք նախընտրական շտաբի մասին ենք խոսել,- ասաց նա,- մենք շատ ենք կարևորում 2012 թվականի մայիսի ընտրությունները: Որպեսզի մեր կուսակցությունը հաղթի, դրա համար պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ աշխատանքներին:

Տարակուսանքին, թե մինչ այժմ խոսվում էր, որ ՀՀԿ-ի շտաբի պետը վարչապետն է լինելու, ԱԺ նախագահի արձագանքը հետևյալն էր.

- Է, հիմա որոշեցին` ես, կուսակցությունն է որոշում, դուք դրա համար ուրախ չե՞ք, որ ես եմ:

- Դուք ուրա՞խ եք, որ Դուք եք,- հարցին հարցով պատասխանեց լրագրողներից մեկը:

- Այո, ես ձեզ ասեմ` դա մեծ վստահություն և պատասխանատվություն է, այդպես չէ, որ շտաբը ղեկավարելը շատ հեշտ է,- ասաց Հ. Աբրահամյանը:- Շատ դժվար է, շատ պատասխանատու:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter