
Հայաստանյան բանկերում պահվող ավանդների մեծ մասը արտարժույթով են
Հայաստանյան բանկերում պահող ավանդների ու հաշիվների ծավալները մարտին նվազել են: Նախորդ տարեվերջին դրամի արժեզրկումը հետևանքներ է թողել նաև այս տարվա մարտին: ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) ներկայացրած վիճակագրությունը հստակ արտացոլում է այդ պատկերը:
Այսպես, ԿԲ-ի՝ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալների վերաբերյալ ամսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2015 թվականի մարտին ՀՀ 21 բանկերում պահվող ավանդներն ընդհանուր կազմել են 1 տրլն 711 մլրդ 299 մլն դրամ: Դա ավելի քիչ է թե փետրվարի ցուցանիշից, թե՝ նախորդող երեք ամիսների: Դրանում ընդգրկված են ոչ ռեզիդենտ ձեռնարկությունների, տնային տնտեսությունների (բնակչություն), շահույթ չհետապնդող կազմակերպությունների և ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների ցպահանջ (ներառյալ հաշիվները) և ժամկետային ավանդները: Կուտակված տոկոսներն ընդգրկված չեն:
Ընդհանուր դինամիկան ունի հետևյալ տեսքը.
Ստացվում է, որ ավանդները բանկերում մարտին պակասել են 17,174 մլրդ դրամով: Այդ նվազումը պայմանավորված է նախորդ տարեվերջին դրամի արժեզրկման հետևանքով առաջացած խուճապով, որը որոշ ավանդատուների մղեց բանկերից հանել իրենց գումարները: Արդյունքում ունենք նվազում: Այդ նվազմանը պետք է գումարել ևս մեկ հանգամանք: Դա բացատրելու համար այստեղից կառանձնացնենք բնակչությունից ներգրավված ավանդները և կներկայացնենք դրա օրինակով:
Աճ, սակայն՝ հարցականներով
Կենտրոնական բանկը բնակչության ներգրաված ավանդները ներկայացնում է որպես ավանդներ, որոնք ներգրավված են տնային տնտեսություններից: 2015թ. մարտի վերջին դրանք կազմել են 881 869 մլն. դրամ՝ փետրվարի նկատմամբ նվազելով 7 336 մլն. դրամով կամ 0,8%-ով, իսկ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճելով` 73 388 մլն. դրամով կամ 9,1%-ով: Սա, իհարկե, ոլորտի պատասխանատու պաշտոնյաները կարող են ներկայացնել որպես աճ, բայց մենք այն կանվանենք չակերտավոր աճ: Բանն այն է, որ ըստ ԿԲ-ի՝ նշված 881 869 մլն. դրամից բնակիչները բանկերում դրամով միայն 255 824 մլն դրամն են պահում, իսկ արտարժույթով՝ 626 045 մլն դրամը (71%-ը):
Համեմատության համար նշենք, որ 2014-ի մարտի դրությամբ բնակչությունից ներգրավված ավանդների 255 911 մլն դրամը պահվել է դրամով, իսկ 552 570 մլն դրամը (68%-ը)՝ արտարժույթով: Ինչ է ստացվում՝ մեկ տարում բանկերում դրամով պահվող ավանդները նվազել են 87 մլն դրամով, իսկ արտարժույթովը՝ 73,4 մլրդ դրամով աճել: Այսինքն՝ այն տարեկան 9,1% աճը, որը ներկայացրել է ԿԲ-ը, գրանցվել է արտարժույթով ավանդների հաշվին: Բայց սա չի նշանակում, որ մարդիկ դրամով վարկերը հանել ու արտարժույթով են պահ տվել: Կամ արատարժույթով ավանդներ ներդնել ցանկացողների թիվը 1 տարում աճել է: Նախ դրամով պակասածը շատ ավելի քիչ է, քան արտարժույթով ավելացածը: Հետո՝ սա վկայում է այն մասին, որ դոլարայնացման մակարդակն է բարձրացել, որը դրամի դիրքերի թուլացման մասին է խոսում: Ինչու՞ չի կարելի ոգևորվել այդ աճով: Նախորդ տարեվերջին դրամ-դոլար ցնցումները մեծապես նպաստեցի դրամի արժեզրկմանը, ինչը նշանակում է, որ մեկ տարի առաջ դրամն ավելի մեծ գումար է եղել, քան այսօր: 2014-ի մարտին, ըստ ԿԲ-ի, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414,22 դրամ, իսկ այս տարվա մարտին՝ 477,65 դրամ: Հիմա պարզ հաշվարկ ենք անում: Այս տարվա մարտին բնակչությունից ներգրավված ավանդների 626 045 մլն դրամը պահվել է արտարժույթով, հիմնականում՝ դոլարով ու եթե հաշվում ենք այս մարտի միջին փոխարժեքով, ստացվում է, որ բանկերում արտարժույթով եղած գումարը դոլարով կազմել է 1 310,6 մլն դոլար, իսկ երբ նախորդ տարվա մարտի ցուցանիշն ենք հաշվարկում այդ ամսվա փոխարժեքով, ստանում ենք, որ այդ ամիս արտարժույթով եղած գումարը դոլարով կազմել է 1 334 մլն դոլար, որը 23,4 մլն դոլարով ավելի է այս տարվա մարտի ցուցանիշից: Ստացվում է, որ դոլարային արատահայտությամբ ոչ միայն 9,1% աճ չի գրանցվել, այլև՝ նվազում է եղել: Այիսնքն՝ արտարժույթային ավանդները վերածել դրամի և ներկայացնել ավելի մեծ թիվ, դեռ չի նշանակում իրական աճ արձանագրել:
Եվ, առհասարակ, հայաստանյան բանկերում պահվող ավանդների մեծ մասը արտարժույթով են: Դրանք առավել մանրամասն ներկայացնում ենք ԿԲ-ից ստացված վիճակագրությամբ.
Լուս.՝ myitalia.me-ից
Մեկնաբանել