
Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը պարտքերը կուտակել է թալանի պատճառով
Էլեկտրաէներգիայի թանկացումը ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ է ունենալու՝ շղթայական ռեակցիայով բերելով առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը, տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը: Նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հայտարարությունների ժամին անդրադառնալով ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտին:
«Ակնհայտ է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով, որքան էլ փորձեն դրանում համոզել, այլ արվում է ՀԷՑ-ի կողմից կորտակած շուրջ 250 մլն դոլարի պարտքը փակելու նպատակով»,-հավելեց պատգամավորը:
Ս. Դեմիրճյանը նշեց, որ ՀԷՑ-ը պարտքերը կուտակել է տարիներ շարունակ, առաջինը՝ վատ կառավարման, իսկ ավելի պարզ ասած՝ համակարգում իրականացված «թալանի պատճառով»: Պատգամավորը շեշտեց, որ այս ամենը տեղի է ունեցել կառավարության աչքի առջև:
«Համակարգն առողջացնելու, մեղավորներին պատժելու, ընկերության կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու փոխարեն ընկերության պարտքը հիմա ուզում են փակել բնակչության հաշվին, ինչն անընդունելի է: Դա բնակչության մեծամասնությանը դնելու է պարզապես անելանելի վիճակի մեջ»,-ասում է Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքերով՝ ստեղված իրավիճակը պայմանավորված է նաև տարիներ շարունակ վարվող սխալ տնտեսական քաղաքականությամբ, ռազմավարական նշանակության օբյեկտները վաճառելու մոլուցքով:
Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ էներգետիկ ոլորտը ուսումնասիրելու նպատակով ՀԱԿ-ը նախաձեռնել էր պատգամավորական ստորագրահավաք, սակայն խմբակցությունը աջակցություն չի ստացել Ազգային ժողովում:
«Պետք է վեջ տրվի անպատժելիությանը, մշակվի և իրականացվի համակարգի առողջացման ծրագիր»,-եզրափակեց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Մեկնաբանել