
Սյունեցի պատգամավորի անձնուրաց պաշտպանությունը՝ հօգուտ Սուրեն Խաչատրյանի ու նրա որդու
Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանի ձայնը խորհրդարանում քչերն են լսել: Նա լուռ ու մունջ նստում է Ազգային ժողովի վերջին շարքերում իրեն հատկացված աթոռին, քվեարկությունների օրերին սեղմում իշխանությոունների համար ցանկալի կոճակը և լուռ հեռանում: Այսօր պատգամավորը «խախտեց» ավանդույթը: Պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անվան հետ կապվող հերթական արյունոտ միջադեպի վերաբերյալ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վերջին օրերի հայտարարություններն էին:
Իհարկե, Հայկ Գրիգորյանը Զարուհի Փոստանջյանի անունը չհնչեցրեց ԱԺ ամբիոնից, սակայն ակնարկը պարզ էր: Սյունեցի պատգամավորը խոսքը սկսեց նրանով, որ չի ցանկացել ելույթ ունենալ, սակայն իր գործընկերներից մեկը զարկ է տվել «մթագնած երևակայությանը» և «անիմաստ ու բովանդակազուրկ» մտքեր արտահայտել ԱԺ բարձր ամբիոնից, ինչն էլ ստիպել է իրեն պատասխանել:
«Ընդհանրապես դահլիճում կան հատուկենտ մարդիկ, որոնք շունչները պահած սպասում են, որ մի դժբախտ դեպք տեղի ունենա Սյունիքում, հատկապես՝ Գորիսում, և նրանք էլ սկսեն իրենց նեխած մտքերը, կամ՝ Գյուլնազ տատու հեքիաթները մատուցեն հանրությանը: Խոսքս անշուշտ վերաբերում է Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքերին, որոնք ցանկացած բանական մարդու համար անընդունելի են ու դատապարտելի»,-ասաց Հայկ Գրիգորյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ իր մոտեցումը հստակ է՝ ցանկացած մարդ, եթե անօրինական քայլ է կատարել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Բայց «դատապարտել» բառը, ըստ Հ. Գրիգորյանի, իր որոշ գործընկերների մոտ դարձել է «փնովել» բառի հոմանիշը:
«Գործընկերս իր ողջ ջանքերը գործադրում է, որպեսզի Սյունիքի մարզպետի որդուն սարքի մեր ժամանակների հակահերոս: Նման բան միայն նրա ճղճիմ մտածելակերպի արգասիքն է: Եվ ընդհանրապես, կոչ եմ անում վերջ տալ այդ տգեղ սովորությանը, քաղաքական դիվիդենտներ հավաքելով ուրիշներին փնովելը՝ նրանց վրա ցեխ շպրտելով: Եթե հիմա հետաքննությունը պարզի, որ այս գործում Տիգրան Խաչատրյանի մեղքը հավասար է զրոյի, այսինքն եթե նա ընդհանրապես կապ չունի տղաներին հարվածելու կամ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, մեջներդ կլինի՞ այն աստիճան բարոյականություն, որ հրապարակային ներողություն խնդրեք ձեր կողմից հնչեցված արտահայտությունների համար: Անկեղծ ասած՝ շատ եմ կասկածում»,-ասում է Հայկ Գրիգորյանը:
Այս ամենի մեջ Հ. Գրիգորյանին մտահեգել և անհանգստացրել է իր «գործընկերներից մեկի» հոգեկան և մտավոր վիճակը, նրա առողջական խնդիրները, «որովհետև մարդասիրության սկզբունքները ենթադրում են կարեկցել հոգեկան պրոբլեմներ ունեցող որոշ անձանց»:
«Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել համապատասխան հոգեկան և բժշկական աջակցություն, որի համար անհրաժեշտության դեպքում, կդիմեմ համապատասխան մասնագետների: Այդօրինակ մոտեցումը պայմանավորված է բացառապես պայմանավորված է գործընկերոջս ընտանիքում խաղաղության հաստատմամբ».-խոսքը եզրափակեց պատգամավորը, ով ԱԺ ամբիոնի մոտ հայտնվելու եզակի դեպքն օգտագործեց ոչ թե հանրության համար կարևոր հարցեր բարձրացնելու, այլ բացառապես Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությամբ զբաղվելու համար:
Ի դեպ, երիտասարդ պատգամավորը եղել է Սյունիքի մարզպետի անգլերենի ուսուցիչը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել