
Հովիկ Աբրահամյանի կինն ու որդին ձևական դուրս են գալիս ընկերությունների բաժնետերերի ցուցակից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինն ու որդին «սրբագրում» են իրենց բիզնեսը և ձևական դուրս գալիս ընկերությունների բաժնետերերի ցուցակից: Աբրահամյանների բիզնեսի մասին «Հետքի» հետաքննությունից հետո մի քանի ընկերություններից դուրս են եկել Արգամ Աբրահամյանն ու մայրը՝ Ջուլիետա Աբրահամյանը:
«Հետքն» արդեն անդրադարձել է Արտաշատ քաղաքի կենտրոնում 2014 թ. աշնանը բացված «Արտաշատ Պլազա» սուպերմարկետին, որը պատկանում էր վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին: Սուպերմարկետի բացումից օրեր անց Արգամ Աբրահամյանը դուրս է եկել հիմնադիր «Արտաշատ Պլազա» ՍՊԸ-ից և ընկերության 100 % սեփականատեր է դարձել վարչապետի համագյուղացի Գոհար Ոսկանյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ընկերության նոր սեփականատերը պատահական մարդ չէ, վարչապետի ընտանիքի մտերիմներից է, իսկ սեփականատիրոջ փոփոխությունը ձևական բնույթ է կրում:
Հնարավոր է Արգամ Աբրահամյանը հրաժարվել է ընկերության միանձնյա բաժնետեր լինելուց, որպեսզի իրեն ամբողջությամբ նվիրի «քաղաքապետի պաշտոնին»: Նա հունիսի 7-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արտաշատի համայնքապետի թեկնածու է: Նրան առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Տեղեկացնենք, որ «Արտաշատ Պլազա» ընկերության տնօրենի պաշտոնում շարունակում է մնալ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռը՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայր Գագիկ Պողոսյանը: Վերջինս պետռեգիստրով հանդիսանում է մի շարք ընկերությունների սեփականատեր կամ տնօրեն, որոնց իրական տերը վարչապետի որդին է:
Այս սուպերմարկետը գնորդներին ՀԴՄ կտրոն չի տրամադրում: Ապրանքը «ֆիրմային» փաթեթի մեջ տեղադրելուց հետո դրամարկղի աշխատակցուհին արագ ապարատից տպած թղթի կտորը դուրս է բերում ու գցում տոպրակի մեջ: Սուպերմարկետից դուրս գալուց հետո է միայն պարզվում, որ այն սովորական կտրոն է, որը ցույց է տալիս միայն ներքին ապրանքաշրջանառությունը: Այդ թղթի կտորի վրա նույնիսկ խանութի անունը չի նշվում:
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է ստեղծվել, որը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, այն ունի տարբեր դրսևորումներ, որոնցից մեկը հովանավորչությունն է: Ի դեպ, այդ խորհրդի նպատակներից ամենագլխավորը «քայքայիչ» երևույթների դեմ պայքարն է: Թե ինչպես է վարչապետը պայքարում հովանավորչության դեմ, երևում է նրա ընտանիքի անդամների ու մերձավորների բիզնես գործունեությունից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մեր այցի ժամանակ ՀԴՄ կտրոն չէր տրամադրում նաև վարչապետի տիկնոջը պատկանող Արարատի մարզի Մրգավետ գյուղում գործող «ART city» սուպերմարկետը: Այս սուպերմարկետում էլ է սեփականատեր փոխվել, որը նույնպես ձևական բնույթ է կրում:
2014 թ. սեպտեմբերի 26-ին Ջուլիետա Աբրահամյանը հրաժարվել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասից, և նույն օրը սեփականատեր է դարձել նրանց ազգական Գագիկ Պողոսյանը, ով նախկինում էլ է եղել այս ընկերության սեփականատերը: Պատգամավորի եղբայր Պողոսյանը նաև ընկերության տնօրենն է:
Հայաստանում այսպես են պայքարում կոռուպցիայի, հովանավորչության դեմ, խթանում փոքր ու միջին բիզնեսը, քաղաքականությունն առանձնացնում բիզնեսից: Իզուր չէ, որ Հովիկ Աբրահամյանն ասում է, թե ինքը բիզնեսով չի զբաղվում: Առաջիկայում գուցե նման հայտարարություն անեն նաև որդին ու կինը, չէ որ «թղթով» նրանց անունով ոչինչ չի լինի, իսկ այն, որ բոլորը գիտեն իրական տերերին, փաստ չէ:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել