
Երվանդ Զախարյանը ՀԷՑ-ում չի բացառում գողության և կոռուպցիոն ռիսկերը
Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ վաղուց հայտնի է, որ էներգետիկ համակարգի, համակարգին առնչվող այլ պաշտոնյաների անձնական հարմարավետությունն ապահովվում է տասնյակ միլոնավոր դրամներով, որոնք գոյացնում են էլեկտրաէներգիայի սակագինը: Պատգամավորը նշեց, որ ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարները քանիցս նկատողություն են ստացել կորուստների սահմանված նորմերը գերազանցելու համար, սակայն պաշտոնանկ չեն արվել: Պատգամավորը հետաքրքրվեց՝ այդ ցանկից որևէ մեկը արդյոք պատասխան տալու է:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ նման մեծ կորուստների դեպքում իրոք հնարավոր են և գողության և կոռուպցիոն ռիսկեր: Դրանից ելնելով էլ՝ էներգետիկայի նախարարությունը շուրջ 5 ամիս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով ուսումնասիրություններ է կատարում էներգետիկայի ամբողջ համակարգում, և ուսումնասիրության արդյունքում, հաշվի առնելով մեծ կորուստները, պարզել են բոլոր այն պատճառները, որոնք բերել են այդպիսի մեծ կորուստների:
Նախարարը նշեց, որ պատրաստվել է միջոցառումների ծրագիր, ներկայացվել է ՀԷՑ-ին, կառավարություն և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մոտակա տարիներին իրականացվեն այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսվել են:
«Մեր հաշվարկներով մոտակա 2 տարիների ընթացքում կորուստները կիջնեն 1-2 տոկոսով, որը կբերի զգալի ֆինանսական միջոցների կայունության և կկրճատի գողության և կոռուպցիոն ռիսկերն այդ համակարգում»,-ասաց Ե. Զախարյանը:
Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե արդյոք չարժե նյութերն ուղարկել դատախազություն, ապա հավելեց, որ ՀԷՑ-ը հիմա կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է, գլխատում է վճարող քաղաքացիներին, իսկ դրա դեմ պետք է կոշտ միջոցներ ձեռնարկվեն:
Երվանդ Զախարյանն ասաց, որ այսօր նախարարությունը որևէ տեղեկատվության, փաստի չի տիրապետում, որպեսզի համապատասխան նյութեր ուղարկի պատկան մարմիններին:
«Եթե դուք օգնեք այդ հարցում, ներկայացնեք այն տեղեկատվությունը, որը դուք եք ասում և այն մարդկանց անունները, որոնք դուք եք ներկայացնում, մենք պատրաստ ենք ընթացք տալ»,- հավելեց նախարարը:
Մեկնաբանել