
Ինչ ներուժ ունի Հայաստանը ոսկեգործության ոլորտում. hամաշխարհային կոնգրեսին ընդառաջ
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի ամենամյա կոնգրեսը (CIBJO) 2016 թվականին կանցկացվի Հայաստանում։ Դրան կմասնակցեն մոտ 1000 հյուրեր` աշխարհի տարբեր երկրներից։ Որոշումն ընդունվել է Բրազիլիայում մայիսի 4-6-ը կայացած հերթական կոնգրեսի ընթացքում։ Այս մասին օրերս հայտարարել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան:
Առհասարակ, ցանկացած միջոցառում՝ լինի կոնգրես, ցուցադրություն, թե մեկ այլ բան, որին մասնակցում են օտարերկրացիներ, Հայաստանի համար լավ հնարավորություն է տեղական արտադրանքը, ներուժն ու գաղափարները ներկայացնելու համար։ Հակառակ առկա բացթողումներին (ստվերային գործունեություն, որակի և գնի անհամապատասխանություն, դիզայներական խնդիրներ, մասնագիտական կրթության թերություններ, օրենսդրական դաշտի թերացումներ և այլն)` ոսկերչության ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր խթաններից մեկը։ Պետք է հաշվի առնել, որ այստեղ կան ոսկու հանքեր, ոսկու կորզման ֆաբրիկա, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ ոսկերիչներ և այլն։ Ի վերջո, այսօր ոսկերչական իրերի արտահանումը Հայաստանից արատահնվող առավել բարձր մաքսային արժեք ունեցողների խմբում է։
Թե այս ոլորտում ինչ ներուժ ունի Հայաստանը, կարելի է դատել արտադրության, արտահանման, ներմուծման և ներքին շուկայում իրացման ծավալներից: Դա թույլ կտա հասկանալ, թե ինչ կարելի է սպասել նշված կոնգրեսից և ընդհանրապես՝ այս ոլորտից ։
Ոսկերչական իրերի արտադրության ծավալները ճգնաժամից հետո վերականգնվել են
Ոսկերչական իրերի արտադրությունն Հայաստանի տնտեսության այն ոլորտներից է, որը 2008-ին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ոչ միայն վերականգնեց նախկին ծավալները, այլև եկավ ժամանակ, որ կրկնապատեց այն։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանում ոսկերչական իրերի արատադրության ծավալները ներկայացնում է դրամով։ Ուսումնասիրելով վերջին 8 տարիների վիճակագրությունը՝ 2007-ից սկսած, տեսնում ենք, որ ճգնաժամից հետո արտադրության ծավալները Հայաստանում անկում են ապրել, սակայն աստիճանաբար վերականգնվել են և 2013-ին մոտ երկու անգամ գերազանցել նախաճգնաժամային 2007-ի ցուցանիշը։
Ինչպես երևում է, նախորդ տարի արտադրությունը զգալի կրճատվել է՝ 45,2%-ով։ Այս տարվա հունվար-մարտի տվյալներով` ևս նվազում է արձնագրվել. արտադրվել են 3, 099 մլրդ դրամի ոսկերչական իրեր, որը 29%-ով պակաս է 2014-ի առաջին եռամսյակի ցուցանիշից։
Հայաստանում արտադրված ոսկերչական իրերի գերակշիռ մասն իրացվում է տեղական շուկայում՝ ներառյալ զբոսաշրջիկների կողմից գնումները: Իսկ մի մասն էլ արտերկրից ստացված պատվերներն են: Արտադրության ծավալների անկումը խոսում է այն մասին, որ նշված տեղական և արտասահմանյան պատվերների պահանջարկը նվազել է: Քանի այս ոլորտի հիմնախնդիրներից է ստվերային գործունեությունը, որը ներառում է ոսկերչական իրերի չգրանցված ներմուծումը, արտահանումը, արտադրությունը և այլն, պետք է հաշվի առնել նաև այդ գործոնը, բայց դրա վերաբերյալ թե պաշտոնական և թե ոչ պաշտոնական հաշվարկներ չկան: Հայաստանին դեռևս չի հաջողվել լուծում տալ այս խնդրին:
2013-ի հուլիսին Էկոնոմիկայի նախարարությունը Արդյունաբերական խորհրդի նիստին ներկայացրեց Հայաստանի ոսկերգործության ոլորտի զարգացման ռազմավարությունը։ Դրանով էլ պարզ դարձավ, որ Հայաստանի ոսկեգործության ոլորտն օգտագործում է բանկային ոսկի, որն ամբողջությամբ ներմուծվում է:
Հայաստանում բանկային ոսկու պաշարներ չեն պահվում և ներմուծված ոսկին ուղղվում է ոսկեգործության ոլորտ: Իսկ այստեղ արդյունահանվող ոսկին ամբողջությամբ արտահանվում է, քանի որ այն վերջնական մշակում չի անցնում այստեղ: Ոլորտում ձեռնարկությունների գերակշիռ մասը տեղական կապիտալով են: Դրանք մանր և միջին մեծության ձեռնարկություններ, անհատ ձեռներեցներ: Կան արտադրողներ, ովքեր իրենց արտադրանքը ամբողջապես կամ հիմնականում արտահանում են: Կան նաև ձեռնարկություններ, որոնք աշխատում են «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով և ոսկերչական արտադրության ծառայություն են մատուցում արտերկրյա պատվիրատու ընկերություններին: Արտադրողների մեծ մասը դեռևս որոշ չափով օգտագործում է խորհրդային և հետխորհրդային ժամանակներից մնացած սարքավորումներ, սակայն, զգալի տարածում ունեն նաև ժամանակակից արտադրական սարքավորումները և տեխնոլոգիաները:
Արտադրող ընկերությունների և անհատ ոսկերիչների մի մասը տեղակայված են Երևանի ոսկերչական իրերի շուկա-տոնավաճառներում («Ոսկու աշխարհ», «ՏԱՇԻՐ» առևտրի կենտրոն, «Մետաքս Գոլդ», «Ռոսիա» առևտրի կենտրոն, Մալաթիայի ոսկու շուկա և այլն):
Ներկայում ոսկերչական արտադրանքը մոտ 10 անգամ ավելի շատ արտահանվում է, քան ներմուծվում
ՀՀ մաքսային ծառայությունը արտահանման ծավալները ներկայացնում է դոլարով։ Մինչև 2009թ. արտահանման հիմնական շուկան հանդիսացել է ԱՄՆ-ը, որը 2001-2006թթ. ապահովել է հայկական ոսկեգործական արտադրանքի ողջ արտահանման 70-85%-ը: ԱՄՆ արտահանման ծավալների վրա էական ազդեցություն է ունեցել Սփյուռքի ներդրումներով ընկերությունների գործունեության դադարեցումը: 2010 և 2011թթ. Թուրքմենստանը և Թաիլանդը համապատասխանաբար հանդիսացել են Հայաստանից արտահանման ամենամեծ շուկաները: Պաշտոնական վիճակագրության արձանագրած արտահանման տվյալներից զատ, Հայաստանից ոսկեգործական իրեր արտահանվում են նաև առանց պաշտոնապես արտահանման դասակարգման՝ Հայաստան այցերի միջոցով ոսկեգործական իրերի փոքրածավալ գնման միջոցով:
Չնայած նախորդ տարի Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունն անկում է ապրելի, սակայն արտահանումն աճել է։ Արտահանվել է 744 կգ ոսկերչական իր՝ 23,3 մլն դոլար մաքսային արժեքով։
Արտահանման ներկայիս հիմնական շուկաներն են Թուրքմենստանը, ԱՄԷ-ը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թաիլանդը, Բելիզը, ավելի քիչ չափով արտահանվում է նաև Բելառուս, ԱՄՆ և Թուրքիա:
Հայաստան ոսկեգործական իրերի ներմուծումը փոքր ծավալներ ունի՝ համեմատած տեղական արտադրության, ներքին շուկայում վաճառքի և արտահանման հետ: 2014-ին, օրինակ, Հայաստան է ներմուծվել մոտ 252 կգ ոկերչական իր՝ 2,4 մլն դոլար մաքսային արժեքով: Եթե համեմատում ենք, ըստ մաքսային արժեքի, ստացվում է, որ համենայնդեպս վերջին երկու տարում մոտ 10 անգամ ավելի շատ արտահանվում է, քան ներմուծվում: Ներմուծվածի մի մասն այստեղ վերամշակվում, նոր տեսք է ստանում հայ ոսկերիչների ձեռքով և նորից արտահանվում: Վերջին 15 տարիներին Հայաստան ներմուծված ոսկերչական իրերի տարեկան ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցել 3,14 մլն դոլարի շեմը: Մինչև 2007թ. ներմուծման մեջ ամենամեծ մասնաբաժինը պատկանել է ԱՄՆ-ին, իսկ 2008թ.-ից սկսած՝ Իտալիային, իր ավանդաբար բարձրորակ և բարձրարժեք արտադրանքով: Ըստ ոլորտի ներկայացուցիչների փաստացի ներմուծումն ավելի մեծ է անհատների կողմից չգրանցված ներկրման պատճառով, հատկապես Թուրքիայից: Ներկա դրությամբ ներմուծվում է հիմնականում Իտալիայից, Թաիլանդից, ԱՄՆ-ից, Թուրքիայից:
Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը ոսկեգործության ոլորտում ունի ներուժ և աշխարհին պատշաճ ներկայանալու հնարավորություններ: Ոլորտի հիմնախնդիրների լուծումը թույլ կտա մեծացնել այդ ներուժը: Հայաստանի և Սփյուռքի հայ ոսկերիչներ արտադրած ոսկերչական իրերը սպառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Սա այն ոլորտն է, որը զարգացած է եղել Հայաստանում դեռ վաղուց և ձևավորել հարուստ ավանդույթներ:
Մեկնաբանել