HY RU EN

Նախընտրական խոստումներ. կոլեկտիվ կինոդիտումից մինչև հայրենասիրական ներդրումներ

Հունիսի 7-ին կկայանա Ալավերդու քաղաքապետի ընտրությունը: Նախընտրական քարոզչությունը սկսվել է մայիսի 20-ին:

Երեկ քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանը նախընտրական հանդիպում ունեցավ Ալավերդու թիվ 2 դպրոցի ուսուցիչների և ծնողների  հետ: Թեկնածուին ընտրողներին ներկայացրեց Ալավերդու կրթության ոլորտի աշխատողների արհմիության  նախագահ Լեյլի Կարապետյանը: Պարզվեց՝ քաղաքապետի անկուսակցական թեկնածուն մասնագիտությամբ ինժեներ- էլեկտրամեխանիկ է: Նա ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: Կ. Փարեմուզյանը 1995 թ.-ից աշխատել  է  «Արմենիան Քափըր փրոգրամ» ընկերությանը պատկանող  Ալավերդու պղնձաձուլական գործարանում` որպես տեխնոլոգ, 2004-2008թթ.  ղեկավարել է  գործարանի մեխանիկական արտադրամասը,  2008-2011թթ. զբաղվել է մասնավոր բիզնեսով, 2011թ.-ին աշխատանքի  է անցել  Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի գծային տեղամասում` սկզբում պետի տեղակալ, ապա` պետ:

Լեյլի Կարապետյանը կոչ արեց  ընտրողներին  քաղաքապետի թեկնածուին աջակցել ոչ միայն ընտրվելիս, այլ նաև ընտրվելուց հետո: Կ. Փարեմուզյանը,  մինչ  իր նախընտրական ծրագիրը ներկայացնելը, հայտնեց, որ  իր կինը նույնպես աշխատում է թիվ 2 դպրոցում,  ընկերոջ` Ալավերդու գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի կինն էլ  դպրոցի տնօրենն է. «Ուզում եմ ասել, որ ես Ձեզ համարում եմ իմ հարազատ կոլեկտիվը»,- ասաց  նա:

Վերադառնալով իր նախընտրական ծրագրին Կ. Փարեմուզյանն  ասաց, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում ամրպնդելու է դպրոցների և քաղաքի մարզական հիմնարկների կապը: Աշխատելու է «Վերականգնլ հինը, կառուցել`նորը» կարգախոսով: Խոստացավ, որ նոր շունչ է հաղորդելու հին Ալավերդուն, այդ նպատակով քաղաքի արդյունաբերության ոլորտում  վերականգնելու է այն, ինչ հնարավոր է:  Նա կարևորեց Ալավերդիում փոքր արտադրությունների, այդ թվում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը: «Սոցիալական խնդիրների լուծման հիմքը մարդուն աշխատանքով  ապահովելն է»,- բացատրեց  թեկնածուն և հավելեց, որ  իր թիմում որոշել է ընդգրկել միայն քաղաքի համար մտածողներին:  

Ալավերդու սանիտարական վիճակի բարելավման գործում կարևորեց  բնակչության ներգրավումը մաքուր քաղաք ունենալու համար: Իր նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը Կ. Փարեմուզյանը համարեց նաև  բազմազավակ ընտանիքների և հայրենիքին ծառայություն մատուցած սոցիալալապես ծանր վիճակում հայտնված ազատամարտիկների   սոցիալական աջակցությունը: Անդրադարձավ  նաև Ալավերդիում տուրիզմի զարգացման խնդիրներին: Կարեն Փարեմուզյանը գտնում էր, որ նախկին քաղաքապետերը ահագին աշխատանքեր են կատարել Ալավերդու  զարգացման գործում. «Եթե մենք հիշենք Ալավերդին սրանից 10-15 տարի առաջ` քաղաքում լուսավորություն չկար, նորմալ աղբահանություն չկար, իհարկե ջրամատակարարումը, կոյուղին սարսափելի վիճակում էին, ահագին աշխատանք է արվել»:

Քաղաքապետի թեկնածուն  տեղյակ չէր, որ  Ալավերդու աղբահանության խնդիրն այսօր էլ շարունակվում է մնալ չլուծված, թեև  համայնքի բյուջեից  այդ նպատակով  տարեկան ծախսվում է 58 մլն դրամ: Նախընտրական  ծրագիրը ներկայացնելուց հետո  թիվ 2 դպրոցի ուսուցիչների և ծնողների կողմից  քաղաքապետի թեկնածուին հարցեր  չուղղվեցին. «Մեկ տարի աշխատելուց հետո, երբ կգաք մեզ հետ հանդիպման, մեր հարցերը կտանք»,-ասաց ուսուցիչներից մեկը:

Լևոն Հարությունյանը թեկնածուից պահանջեց ընտրվելու դեպքում  ուշադրություն դարձնել քաղաքի կինոթատրոնի  վերաշահագործմանը. «Մարդկանց հոգեբանության վրա դրական ազդեցություն է թողնում կոլեկտիվ կինոդիտումը»,-իր պահանջը հիմնավորեց Լ. Հարությույանը: Կ. Փարեմուզյանը խոստացավ լուծել խնդիրը: Դրանով էլ ավարտվեց  քաղաքապետի  հանդիպումը թիվ 2 դպրոցի  ուսուցիչների և ծնողների հետ:  

Հանդիպումից հետո Կ. Փարեմուզյանին խնդրեցինք հայտնել, թե ինչպես  է վերականգնելու հինը և կառուցելու նորը, հատկապես աշխատատեղերի ստեղծման գործում. «Դրսի ալավերդցիների հետ հանդիպումներով, բացատրական աշխատանքերով, մարդիկ պետք է վստահ  լինեն, որ իրենց ներդրումները չեն կորչի և Ալավերդիում կատարեն  ներդրումներ ու ստեղծեն աշխատատեղեր: Էդ հայրենասիրական քայլը իրենք պետք է կատարեն»,- պատասխանեց նա:  

Ասաց, որ ալավերդցի ներդրողներին աշխատատեղ ստեղծելու գործում նաև երաշխիք է տալու. «Երաշխիքը իմ աշխատանքային փորձն է: Ես արտադրությունում եմ աճել, ղեկավար դարձել: Այսինքն՝ ես գիտեմ, ինչ է պետք անել փակված արտադրությունները վերականգնելու համար»,- բացատրեց  Կ.Փարեմուզյանը:

Առայժմ մեր ջանքերը ապարդյուն են անցնում Ալավերդու քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Աբգարյանի հետ հանդիպելու համար: Թեկնածուի շտաբից  մայիսի 20-ին արդեն 2-րդ անգամ մեզ պատասխանեցին, որ  Արթուր Աբգարյանը գտնվում է Երևանում` իր նախընտրական քարոզչական նյութերի պատրաստման գործով եւ վերադառալու է 3 օր հետո: