HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանգիստ թողեք մեզ, կամ վերջապես փոխեք Հայաստանի դատաիրավական համակարգը

Հոգնել եմ բոլոր այդ կոչերից. «հայեր, միացե՛ք», «ո՜վ հայ, քո փրկությունը քո միասնության մեջ է», «մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում», … : Իսկապե՞ս:

Չեմ հասկանում այս  կոչերի ֆունկցիոնալ իմաստը. չեմ էլ ուզում արդեն հասկանալ: Ես այլ բան եմ ուզում հասկանալ. ե՞րբ է հայը կայացա՛ծ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալու:

Չհամարձակվեք ասել, թե հայը  երբևէ այն ունեցել է: Պատճառներն էլ ինձ այլևս չեն  հետաքրքրում. արդյու՛նքի  մասին խոսեք:

Բոլոր ազգերն են տառապել. հայը միակը  չէ: Ոչ էլ հայի աշխարհագրական դիրքն է(ր) «մեղավոր»:

Հայի բոլոր պետությունները ստրկա-ֆեոդալական էին. հոտային. երբեմն էլ՝ ոհմակային (որտեղ հոտ, այնտեղ ոհմակ): Չափից ավելի միասնական, միագույն ու միակերպ: 1+1-1=1:  Իշխանական էլիտա (երբեմն՝  խունտա)՝  եկեղեցականի հետ. իսկ ներքևում՝ ... թշվառություն. ամայություն:  Բուրգ: Փուչիկ: Վակուում:  Նույնն էր 405-ին, 905-ին… նույնն է 2015-ին:  Բնությունը վակուում չի սիրում. պատմությունը՝ առավել ևս.  վակուումի «տիրոջը» միշտ  է  պատժում:

Փողի խնդիրը փողո՛վ  չի լուծվում: Քյասիբին կես մլն  դոլար տուր. 5 տարի հետո  նույն քյասիբն է: Հային պետություն տուր.  5 տարի հետո  նույն անպետություն ազգն է:

Հայն իր երկրից փողի՛ պատճառով չէ, որ հեռացել  է: Հայն իր երկրից  փողի պատճառով չէ, որ հեռանում է: Հայն իր երկրից  հեռացել ու հեռանում է նույն այդ վակուումից:

Հայի փրկությունն  իր «միասնության» մեջ չէ: Դա  բլեֆ է. միֆ. ազգին  հնազանդ պահելու միջոց: Այլապես բազում կոտորածներ, գաղթեր ու …1915 չէր  լինի: Հայի փրկությունն  իր   բազմազանությա՛ն, բազմակարծությա՛ն  ու բազմակերպությա՛ն  մեջ է. դա  կոչվում է …պետություն: Սա  քեզ չեն ասում:

Քաղաքակիրթ ազգն այդպիսի՛  կոտորածների չի ենթարկվում.  քաղաքակիրթ ազգը նախ ամրոց ու տուն է կառուցում, նոր հետո միայն եկեղեցի ու դղյակ: «Մեկ ազգ, մեկ եկեղեցին»  քաղաքակիրթ ու հեռատես ազգի կարգախոս չի՛ կարող լինել. այն էլ այդքան փոքր(ացող) մի ազգի: Դրա՛ համար է Հայաստանը միշտ նմանվել գերեզմանոցի. ամենուրեք եկեղեցիներ ու խաչեր... բայց թշվառ  ու տառապող ժողովուրդ:

A diabolo, qui est simia dei : Եթե «հայր մերը» որոշողը լիներ, 1915 չէր լինի. բայց...եղավ: Ուրեմն՝  երկնքու՛մ չէ փրկությունը:  Ոչ էլ երկինք նայելն է փրկություն: Եվ՝ ընդհանրապես՝ «փրկությունը» չէ փրկությունը:

Քե՛զ պիտի նայես: Ու քե՛զ պիտի հավատաս: Երկրիդ անվտանգությունն  էլ  դու՛ պիտի ապահովես՝ տերեր ու հովանավորներ փնտրելու փոխարեն (որտեղ տեր, այնտեղ ստրուկ): Դա՛  է(ր)  Վահագն աստծո պատգամը. սա էլ քեզ չեն ասում: Քաղաքակիրթ ազգի կարգախոսը «մեկ ազգ, մեկ պետությունն» է. կամ գոնե «մեկ ազգ, մեկ հայրենիքը»: Եվ՝  վերջապես՝ հայ է նա, ով իրեն հայ է զգում՝ իր սրտի խորքում. սա որպես ի գիտություն:

Դու  անհանդուրժող ես դարձել, հայ: Միշտ էիր այդպես:  Դա  քո «մարդ-պետություն» լինելու հետևանքն  է: Դա դառնություն է, որ փորձում ես թափել  քեզնից թույլի ու տարբերի վրա: Քո՛ ցավը չես ուզում դիմակայել. անկեղծ չես:

Քաղաքակրթությունը երգ ու տաղ գրելը չէ. ոչ էլ շենք ու խաչ կառուցելը: Քաղաքակրթությունը (քեզնից տարբեր) քո ազգակցին էլ ընդունել-հանդուրժել-հարգելն  է՝ ինչպես որ նա կա՛. ու նրա՛ն էլ մի բան կամենալը: Սա՛ է բանալին (որը դու դեռ չունես):

Հայաստանի ներկա հանրապետությունն էլ  իբր  «դեռ ջահել» է: STOP. հոգնել եմ նույնն անվերջ լսելուց:

Դու սա երևի  չգիտես. ԱՍԱԼԱ-ն հիմնադրել  է 16 տարեկան (կրկնում եմ՝  16 տարեկան)   Հակոբ Դարակջյանը (Hagop Darakjian) : Այս բեյրութահայ պատանին  էր, որ առաջին  5 տարում միայնակ կառուցեց կազմակերպությունը՝ ռազմապես: Նա, հիվանդության պատճառով,  մահացավ  23 տարեկանում՝  1981թ. մարտի 17-ին. դա ԱՍԱԼԱ-ին ամենամեծ հարվածն էր:

Բայց ահա «16»-ի հետ կապված մեկ այլ կողմ. 16 տարբեր կազմակերպություններից ու կառույցներից բաղկացած Կապանի    «Երիտասարդական խորհուրդը»  քաղաքապետին կի՛ց է: Եվ այս «Երիտասարդական խորհուրդի» նախագահը Կապանի  նույն  փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանն է, որը նաև Լիսկայի կողմից ստեղծված «Դավիթբեկյան ուխտեր» կոչված ՀԿ-ի նախագահն է: Նրանք այդպես էլ չե՛ն բացատրում, թե ինչ նպատակով են  (ՀՀԿ-ական) քաղաքապետին «կից»: Միակերպ ու միագույն «միասնականության» վառ օրինակ. ահա. կրկին:

Նույնի տեսակից է  կապանցի փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ 05.05.2015թ. կայացված  դատավճիռը, ըստ որի նա մեկ դրվագով  ճանաչվեց մեղավոր՝ դատապարտվելով 1 տարվա ազատազրկման (ՀՀ քրեական օրենսգրքի 200 (3)  հոդվածով): Դատավոր Նապոլեոն Օհանյանը որտե՞ղ է «ապացույցներ» գտել՝ փաստաբանին «մեղավոր» ճանաչելու համար:

Այսօրվա Հայաստանի դատավորներն ու դատախազները  նմանվում են սովետական գործարանի ցեխի վարիչների. նույնը՝ իրավապահ մարմինների ղեկավար պաշտոնյաները: Սա հատկապես ցայտուն երևաց Լիսկայի տան մոտի ու Գյումրիի Ավետիսյանների դաժան սպանությունների ժամանակ (ու հետո): Դեռ չեմ խոսում բանակում «ինքնասպան» եղած զինվորների, քաղբանտարկյալների ու բազում նման  այլ  գործերի մասին:

Հայաստանում օրենքը կերակրատաշտակ է դարձել: Փտած է Հայաստանի ներկա դատաիրավական համակարգը: Ու դա միակ կառույցը  չէ, որ փտած է:

Ինչպես ներքևում՝ այնպես վերևում: Ինչպես վերևում՝ այնպես ներքևում:

Հռչակագրեր, իրավարար վճիռներ ու հողեր պահանջելուց առաջ նախ կարողացեք  մի փոքր քաղաքի քաղաքապետ գոնե մեկ անգամ արդար ընտրել: «3000 տարվա» ազգը պիտի որ սա կարողանա(ր) անել: Հակառակ դեպքում  էլ ի՞նչի համար եք. սգո մատյաններ լցնե՞լու համար:

Որտե՞ղ ես դու, Հայաստանի ՔԱՂԱՔԱՑԻ: Քվեդ վաճառում, հետո ու՞մ վրա ես «մունաթ» գալիս:  Վե՛ր կաց ու  հետ վերցրու քվեդ. դա քո՛նն է: Տվողն էլ դու՛ ես:  Ո՞վ պիտի սա անի քո փոխարեն. սփյուռքահա՞յը, կողքի պետության քաղաքացի՞ն, կուսակցություննե՞րը:

Կա՛ն ճշմարտություններ (աքսիոմաներ). դրանցից մեկն այն է, որ նախագահական համակարգ ու երկպալա՛տ պառլամենտ ունեցող երկրներն են (ավելի) հզոր ու դեմոկրատական. ինչպես նաև այն երկրները, որտեղ տեղական անկա՛խ կուսակցություններ կան:

Մյուս ճշմարտությունն  այն է, որ դատաիրավական համակարգի վրա  քաղաքացիակա՛ն վերահսկողություն միշտ պիտի լինի. այսինքն՝ ԺՈՒՐԻՈՎ (երդվյալ ատենակալներով) նախաքննությու՛ն և դատավարությու՛ն:  Հատկապես Հայաստանի պես երկրում սա պարտադիր պիտի լիներ  արդեն  վաղուց:

Նույնիսկ թիվ մեկ երկիր ԱՄՆ-ն է կիրառում այս համակարգը. այն կոչվում է «grand jury indictment»: Այսինքն՝ (հատկապես լուրջ) քրեական օրինախախտումների ժամանակ  ոչ թե դատախազն է որոշում գործ հարուցել, թե ոչ, այլ «Նախնական քննությամբ զբաղվող երդվյալների հանձնաժողովը», այսինքն՝ «grand jury»-ն: 

Շարքային քաղաքացիներից բաղկացած այս «Նախնական քննությամբ զբաղվող երդվյալների հանձնաժողովի»  նպատակը պետության/իրավապահ մարմինների ու կասկածյալի միջև անջրպետ (մրցավար)  լինելն է: «Նախնական քննությամբ զբաղվող երդվյալների հանձնաժողովը» չի՛ որոշում, թե կասկածյալը մեղավոր է, թե ոչ: Դա որոշում է դատավարության ժուրին՝  «Դատավարության երդվյալների հանձնաժողովը» (trial jury), իսկ դատավորը որոշում է պատժի չափն ու հսկում կանոնակարգը:

Դատախազը (առանց փաստաբանների ներկայության)  «Նախնական քննությամբ զբաղվող երդվյալների հանձնաժողովին»  ներկայացնում է իր փաստերը, որից հետո  երդվյալ ատենակալները որոշում են, թե արդյո՞ք դատախազի ներկայացրած փաստերը բավարար ու օրինական են՝  կասկածյալի դեմ պաշտոնական մեղադրանք առաջադրելու  համար:

Կա նաև «common jury»-ն. երդվյալների դատական հանձնաժողովը՝ քաղաքացիական և փոքր քրեական գործերի համար:

Քաղաքացիական վերահսկողություն պիտի  լինի նաև դատավորների ընտրությա՛ն նկատմամբ. այսինքն՝ վերադաս դատավորների ընտրություն՝ ժողովրդի (քաղաքացու) կողմից:

Ու՞մ են պետք «սահմանադրական բարեփոխումները», երբ երկրիդ դատա-իրավական համակարգը չի գործում: Սահմանադրությունը լուսամոտի գոգին դրված ծաղիկ չէ, որ ցերեկը ձախ կողմ քշտես, կեսօրին՝ մեջտեղ, իսկ երեկոյան՝ աջ կողմ: Ո՞վ է հարգում մի երկրի, որտեղ ամեն 10 տարին մեկ նոր սահմանադրություն են  «խփում»: Թղթի վրա գրված գեղեցիկ նախադասություններո՞վ  է:

ԱՄՆ-ի պես երկրի  միակ սահմանադրությունը 1787 թվից է և  ընդամենը  7 հոդված (Article)  ունի: 228 տարում (1787-2015)  միայն  27 փոքր ուղղումներ (Amendments) են կատարել: ԱՄՆ-ի ողջ սահմանադրությունն այսօր  ընդամենը  7 թերթ է՝   ուղղումների հետ միասին: Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան ու Իսրայելն ընդհանրապես սահմանադրություն, որպես այդպիսին, չունեն:

Խորհրդարանական համակարգն այն երկրների համար է,որտեղ կայացա՛ծ կուսակցական համակարգ և տրադիցիա կա: Նայեք այսօրվա ՀՀ Կուսակցությունների մասին օրենքին ու հայաստանյան կուսակցական համակարգին. ոտից գլուխ փտած է:

Հայաստանում համայնքներից շատ կուսակցություններ կան. մեծագույն մասը՝ մարդ-կուսակցություններ: Նախ՝ բոլոր այդ  կուսակցությունները, որոնք  2 անգամ  ընտրությունների չեն մասնակցում, օրենքով պիտի լուծարել: Եթե ընտրությունների չեն մասնակցում, ի՞նչ «ղալաթ» են անում քաղաքական դաշտում. թող իրենց համար ուրիշ տեղ կերակրատաշտակ գտնեն:

Հետո՝ ինչպես արդեն գրել եմ իմ նախորդ հոդվածներում՝ պիտի՛ վերջապես վերացնել  ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի այդ  անհասկանալի  5 (1) հոդվածը, որպեսզի մարզերում էլ վերջապես տեղական անկա՛խ կուսակցություններ ստեղծելու հնարավորություն լինի:

ՀՀ կուսակցությունների մասին օրենքի այդ հոդված 5(1)-ը հիմա հետևյալ բովանդակությունն ունի.

«Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին»:

Իսկ ԻՆՉՈ՞Ւ: Հայաստանի քաղաքական կյանքը միայն Երևանն ու ԱԺ-ն է՞: Իսկ մարզե՞րը: Ո՞րն է այս անդեմոկրատական հոդվածի նպատակն ու իմաստը. որ ամբողջ քաղաքական դաշտը (տնտեսականի պես) կառավարելի լինի միայն Երևանի՞ց: 

ՀՀ  կուսակցությունների մասին օրենքի այս 5(1) հոդվածի ամենամեծ  հասցրած վնասն այն է, որ հանրապետական կուսակցությունները ՉԵՆ ՄՐՑՈՒՄ մարզային/տեղական անկախ կուսակցությունների հետ, որովհետև մարզերում պարզապես հնարավոր չէ տեղական կուսակցություններ ստեղծել: Սա աններելի՛  բաց  է. առանց անկախ տեղական կուսակցությունների Հայաստանում  իսկական դեմոկրատիա չի՛ լինելու:

Նույն ոճով՝ Հայաստանում տնտեսական մրցակցություն չկա՝ մենաշնորհնե՛րի պատճառով: Դրա՛ համար  Հայաստանում գործարան չեն  կառուցում: Դրա՛ համար գազ ու հոսանք  են անընդհատ  թանկացնում, իսկ դրամն արհեստականորեն պահում «կայուն»: Սրանից միա՛յն  մենաշնորհային  (քաղաքական «տանիք» ունեցող)  «բիզնեսներն» են  (գեր)հարստանում: Կոռուպցիայի դրախտավայր: Վերևում գրածս նույն վակուումը:

Փաստորեն  փոքրիկ  Հայաստանն  արտահանում է իր ընդերքի սահմանափակ հումքն ու… իր  քաղաքացիներին՝ որպես էժան աշխատուժ. աֆրիկյան երկրի պես:  10 տարի հետո՞ Հայաստանն ինչ պիտի արտահանի. խիստ հետաքրքիր է:

Եթե ժողովրդի  մասին իրո՛ք մտածում են, թող սկսեն նաև (պետական) գործարաններ կառուցել ու գոնե որոշ հանքեր ազգայնացնել. բա էլ ինչի՞ համար են պետության կողմից վերցված մլրդ դոլարների այդ պարտքերը: Նույնիսկ  (թեկուզ փոքր) նորմալ գործող մի  ազգային ավիաընկերություն չկա, երբ ազգի 2/3-ն արտերկրում է ապրում: Էլ ի՞նչ «արի տուն» : Թե՞ «գնացեք Մոսկվա»:

Ամեն ինչ Երևանից չպիտի՛ կառավարվի: Դա հիվա՛նդ երկրի նշան է, երբ բնակչության կեսն ապրում է մայրաքաղաքում: Դրա՛ համար եմ արդեն առաջարկել Կապանը դարձնել Հայաստանի 2-րդ մայրաքաղաք և այնտեղ տեղափոխել առնվազն Պաշտպանության նախարարությունը: Երկրի բնակչության 2/3-ն ապրում է ռազմա-ստրատեգիապես խիստ խոցելի մի փոքր հողակտորում՝ Արարատյան դաշտավայրում:

Ահա՛ ձեզ կոնկրետ (ու այլ երկրներում վաղուց կիրառվող)  իրագործելի առաջարկներ: Արե՛ք այն, կամ վե՛րջ տվեք ձեր ձևական կոչ-կանչերին: Acta  Non Verba.

Փոխե՛ք վերջապես Հայաստանի դատաիրավական համակարգը, կամ հանգիստ թողեք մեզ: Հայ լինելուց առաջ մենք  մարդ արարածներ ենք՝ այս արևի տակ ծնված:

Վարազ Սյունի

Ամստերդամ, 25.05.2015

Մեկնաբանություններ (15)

patron
СЮНИ ХОТЬ ФАКТЫ ПОДВЕРГАЕТ СИСТЕМНОМУ АНАЛИЗУ И ДЕЛАЕТ ЛОГИЧНЫЕ ПРЕДЛОЖЕНИЯ, А ОСТАЛЬНЫЕ ,В ОСНОВНОМ, СТАРАЮТСЯ ИЛИ ОПРОВЕРГНУТЬ ИЛИ ОСКОРБЛЯТЬ .ВОТ ТАК И В АРМЕНИИ.НИ КАКОГО КОНСТРУКТИВА, НИ КАКОЙ КОНСОЛИДАЦИИ.ТОЛЬКО БОЛЕЗНЕННЫЕ АМБИЦИИ, ГОРДЫНЯ И МЕРКАНТИЛЬНЫЕ ИНТЕРЕСЫ.ПО ЭТОМУ ИМЕЕМ ТО. ЧТО ИМЕЕМ. И МЫ ДОСТОЙНЫ ЭТОМУ СТАТУСУ.
Արմեն Թ.
Քաղաքացի Տիգրան Ավետիսյան, ելնելով Ձեր տեքստում տեղ գտած բազմաթիվ ուղղագրական սխալներից, հայոց լեզվի շարահյուսությունից, օգտագործած բառապաշարից միանշանակորեն կարող եմ պնդել, որ Դուք ԱԺ-ի պագգամավոր եք, կամ նախարար եք, կամ էլ ինչ որ ոստիկանական բաժնի պետ եք: Ըստ այդմ էլ Ձեզ համար բացարձակապես անհասկանալի և անընդունելի է սթափ, կշռադատված, վերին աստիճանի գրագետ կերպով շարադրված տեքստը հարգելի Վարազ Սյունեցու: Այնպես որ հենց Ձեր աբիժնիկության պատճառները գնացեք և փնտրեք Ձեր փողոցում, ավելի ճիշտ Ձեր տանը և Ձեր տերերի մոտ, որոնց վերջին շատ շուտով և անակնկալ կերպով ականատես կլինեք Դուք և Ձեզ նմանները:
hay ordi
Համաձայն եմ գրետե լիովին, վորոշ վերապահումներով։ Ա. Միասնության մասին քո ընկալումը տակավին սխալ է։ Այդ միասնության բացակաճությունն է հենց հասցրել մեզ անդունդի եզրին։ Միասին էինք 451-ին, 1918-ին, 1988-ին և արձյունքները ակնառու էին։ Միասնոթյան բացակայությունը հանգեցրեց ցեղասպանության։ Դրոն դեմ էր երիտթուրքերին իսկ դաշնակները նրանց էին սատարում, Նժդեհը դեմ եր ռուսներին իսկ դաշնակները հանձնեցին հայաստանը ռուսներին, հայության մի մասը ազատության պայքար եր մղում 2008-ին, բայց ոմանք հանգել էին միասնականության քո ընկալմանը և վորոշեցին լռել՝ արձյունքում մարտի 1-ը։ Ներքին թշնամու դեմ պայքարում նույնպես միասնությունն է հաղթանակի երաշխիկը։ Իսկ բազմազանությունը, բազմակարծությունu միասնության հետ փոխկապակցված չէ, Ճապոնիան քեզ վառ օրինակ։ Բ. Պատմությունը ցուց է տվել, վոր հենց քաղաքակիրտ ազգերն են զոհ գնացել կոտորածների՝ հայեր, հույներ, ասորիներ, հրեաներ։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տիգրան Ավետիսյան(3) - Հայաստանում ոմանք դժգոհում են, որ՝ «սփյուռքահայերը/արտերկրի հայերը չեն մասնակցում Հայաստանի ներքին գործընթացներին»: Բայց երբ մեկը դրսից սկսում է (իր հնարավորությունների սահմաններում) մասնակցել ու կոնկրետ առաջարկներ անել, սկսում են ասել՝ «հեռվից մեծ մեծ խոսում ու խրատներ է տալիս»: Հետո՝ ԳՈՐԾ պիտի անեն Հայաստանի համապատասխան ընտրված մարմինները և կառավարության անդամները: Հենց դրա՛ համար են իրենք հարկատուներից աշխատավարձ ստանում: Պարզապես արդար չէ դա էլ (իրենց փոխարեն) դնել դրսի հայերի ուսերին: Սփյուռքահայերը/արտերկրի հայերը (իրենց փորձով կամ այլ ձևով) միայն ՕԳՆԵԼ կարող են, բայց իրենք ոչ մի պաշտոնական պատասխանատվություն չունեն ՀՀ քաղաքացու առաջ: ՀԳ. Կոնտակտ ինձ հետ ՖԲ-ով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի hay ordi(4) - Իսկ քո համար կոնկրետ ի՞նչ է նշանակում «միասնականություն»:
hay ordi
Վոչ Հանրապետական, ոչ դաշնակ, վոչ Կոնգրեսական, այլ՝ Հայ։ Վոչ ռուսամետ, վոչ արևմտամետ, այլ՝ Հայամետ։ Ասածիս իմաստը չըմբռնողի համար միգուցե այն վերացական թվա։ Կարճ պարզաբանե՛մ։ Դաշնակը կոնգրեսականի հետ միասին չի ըմբոստանա ներքին թշնամու դեմ, իսկ Հայը Հայի հետ ...
Անտիարյուսակ
Իսկ Մասոներից ինչ գիտեք?: Ձեր ամբողջ հոդվածի իմաստը նայե, որ հեռուանանք Աստծուց ու մեզ ասենք մեր մեջա աստվածությունը, 1915թվին էտքան զոհ ունեցանք որովետև ձեր կոչերի պես կոչեր կաին այն վաղտ ու Աստված տեսնելով մեր դավաճանությունը իր հանդեպ երես թեքեց իրենից հոգնածներից:Ընդամենը պետք էր սպասել համաշխարհային պատերազմի ավարտին ու մենք կունենաինք անկախ Հայաստան, բայց հապաղեցինք դեռ 19-րդ դարի սկսբից, հետևանքնել եղավ թուրքերի այն վախը թե օձը իրենց դոշին թաքացնում են:
ՏԻգրան ԱՎետիսյան
Զարմանում եմ, էդքան ինքնասիրահարված ես-հոդվածներդ էս ստեղ-ընդեղ շաղ տալիս:Ափսոս: Առաջ լավ էիր գրում:
Нара
Очень хорошая статья и еще, абсолютно поддерживаю мнение Армена Т.-- верно подмечено !
Տիգրան Ավետիսյան
Զարմանումեմ Վասակ Սյունի, գնացել ես ու լրիվ կտչվել ես հայ իրականությունից, խոսուլ ես երկրի մասոին ՝ առանց զգալու երկրի պուլսը, հետվից օտարի կաղապարներով ու չկամությամաբ, մանավանդ ասենք Լևոն Տեր պետրոսյանի նկատմանբ։ պատմության իրավունքի ու մարդու նկատմամբ ինճ վերաբերմունք՞։ հերիք ա քո գազան մտքերը շաղ տաս։ իսկ իրալան խոսակցությունից ուշփումից ինչի ես փախնում։ ես ֆեյսբուքում չկամ։ ինչից ես վախենում մեծ մեծ խոսալ կարումես,դասեր տալ ամենալավը, բայց ուղղակի շփման հարցում՝ զրո, ՀՀ պետական գործիչների նկատմամբ՝ աբիժնիկու հոգեբանություն։ էդքան անցյալով ապրել ու ատելությամբ՞՞
hay ordi
Շատ բարի, ամաձայն եմ։ Հայամետ կուսակցություններ ներկայիս Հայքում գրեթե չկան, համենայն դեպս պետական կառավարման օղակներում։ Հանրապետականը ծառաճում է բացառապես Ռուսաստանին, Դաշնակները ու Բարգավաճը հանրապետականին։ Ամբողճ իշխանական վերնախավը՝ բաղկացած վերը նշված կուսակցականներից, հայատյացների վոհմակ։ Ժողովուրդը անձամբ պետք է ստանձնի իր վորոշումներն ի կատար ածելու պատրաստակամությունե, այլ ելք չկա։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
hay ordi(7) - Բայց քո նշածը նույն իմ գրած «միասնականության» մեկ այլ տարբերակ է՝ ուղղակի «հայամետ» անվան ներքո: Բոլոր կուսակցություններն են ասում,որ իրենք «հայամետ են»: Եվ ի՞նչ է կոնկրե՛տ նշանակում «հայամետ». ըստ երևույթին՝ հանուն հայկական ՊԵՏՈՒԹՅԱՆ. այսինքն՝ նորից գալիս ենք նրան,ինչ գրել եմ հոդվածում: Հետո՝ գրածս հիմնականում ուղղահայաց/վերտիկալ «միասնականության» մասին է. հոդվածում օրինակ եմ բերել՝ «16»-ի հետ կապված: Հորիզոնակա՛ն միասնություն (ավելի ճիշտ՝ համագործակցություն) լավ է ու անհրաժեշտ: Դրա համար հայը նախ մարդ արարածի/անհատի (human being/individual) կեցվածք ու գործելաձև պիտի ընդունի,այլապես նորից «հոտային միասնականությանում» կհայտնվի:
Տիգրան Ավետիսյան
Վարազ Սյունի հեռվից գրում ես, մեծ մեծ խոսում խրատներ տալիս։ Acta non verba. ճիշտ ես, արի ու գործիր։ ես ջվել էի քեզ իմ մեյլը, ինչու չես գրում՞։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոդվածում գրածս 2 հայտնի լատիներեն ասացվածների թարգմանությունը՝ Acta Non Verba = «գործով, ոչ թե խոսքով», A diabolo, qui est simia dei = «որտեղ աստված եկեղեցի ունի,սատանան այնտեղ մատուռ կունենա» («որտեղ աստված, այնտեղ սատանա»):
hasmik
այո, հայ լինելու փոխարեն հայի, մարդու իրավունքները պետք է պաշտպանվի, ոչ թե ոտնահարել այն աստիճանի որ մարդիկ փախչեն Հայաստանից ու դադարեն հայ լինելուց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter