«Ներկայացված կարծիքներն ու գնահատականները զուտ սուբյեկտիվ են»
Հաշվի առնելով, որ «hetq.am» ինտերնետային լրատվամիջոցի կայքում 27.09.2011 թ. տեղադրված «Ծախսվել է մեկ մլն դոլար. նոր ծխատարը դեռևս չի արդարացնում» հոդվածում տեղեկատվություն է հրապարակվել Ալավերդու պղնձաձուլական գործարանի նոր ծխատարի կառուցման ընթացքի վերաբերյալ, որում որպես տեղեկատվության աղբյուրի` հղում է արվել «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ աշխատակցին`
«Տիտանյան եղբայրներ» ՍՊ ընկերությունը սույնով հայտարարում է, որ հիշյալ հոդվածում ներկայացված կարծիքներն ու գնահատականները զուտ սուբյեկտիվ են, և որևէ կերպ չեն արտահայտում «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի, որպես Ալավերդու պղնձաձուլական գործարանի նոր ծխնելույզի շինարարության աշխատանքներն իրականացրած կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ:
«Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ միջև կնքված պայմանագրի շրջանակներում դեռևս կատարվում են նոր ծխատարի որոշ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են նոր ծխնելույզի փորձնական շահագործմանը զուգահեռ: Վերջինիս պրակտիկ շահագործական բնութագրերը դեռևս լիարժեքորեն չեն արտահայտվել, և դրանց մասին խոսելու գործնական հիմքեր դեռևս չկան: Ուստի՝ վերոհիշյալ հոդվածում տրված գնահատականները համարում ենք անհիմն և ժամանակավրեպ:
Հարգանքներով` «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ս. Տիտանյան
Ես, ՀՀ քաղաքացի Սամվել Բեժանյանս, հավաստում եմ, որ 05.2010 թ. – 09.2011 թ. ժամանակահատվածում հանդիսացել եմ «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ աշխղեկ և այդ պաշտոնում մասնակցել եմ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նոր ծխատարի կառուցման աշխատանքներին:
Միաժամանակ հայտարարում եմ, որ «Հետք» ինտերնետային թերթի սեպտեմբերի 27-ի «Ծախսվել է մեկ մլն դոլար. նոր ծխատարը դեռևս չի արդարացնում» վերնագրով հոդվածում իմ անունից արված են կամ ինձ են վերագրված պնդումներ, որոնք ես իրականում չեմ արել:
Լարիսա Փարեմուզյանի հետ 27.09.2011 թ. տեղի ունեցած զրույցի շրջանակներում ես ընդամենն իմ ափսոսանքն եմ հայտնել առ այն, որ նոր ծխատարի կառուցման աշխատանքների ավարտից հետո այդ աշխատանքներում ներգրավված մեր շատ աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի: Իմ անվան հետ կապվող մնացած ամբողջ շարադրանքը լրագրողական երևակայության ծնունդ է, ինձ հետ իրականում որևէ կապ չունի:
Հայտնում եմ նաև, որ սույն հայտարարության հրապարակումը «Հետք» ինտերնետային թերթով ես կհամարեմ վերոհիշյալ հոդվածում ինձ անհիմն վերագրված պնդումների պատշաճ հերքում:
Հարգանքներով` Սամվել Բեժանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել