HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սուրեն Բեկիրսկի. «Էլեկտրաէներգիայի թանկացումը որոշ արդյունաբերողների համար «մահացու» կամ ճակատագրական հարված կլինի»

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը  եթե ոչ «մահացու», ապա՝  ճակատագրական հարված կլինի հանրապետության թեթև արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների համար: Հնարավոր թանկացման վերաբերյալ «Հետքի» զրույցում նման համոզմունք հայտնեց «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին:

Ս. Բեկիրսկին  նաև ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահն է: Նրա խոսքով՝ այդ հարվածը կստանան հատկապես այն ձեռնարկությունները, որոնք ձմեռային ջեռուցումը լուծում են հոսանքի միջոցով: Դրանց թվում է նաև «Տոսպը», որի նախորդ տարվա ընդհանուր արտադրանքը չի գերազանցել 300 մլն դոլարի շեմը։

Ըստ Բեկիրսկու՝ էլեկտրաէներգիայի թանկացումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ տնտեսության ցանկացած ոլորտի վրա: «Տոսպի» օրինակով նա ներկայացրեց, որ իրենց արտադրանքի ինքնարժեքի մոտ 5-10%-ը կազմում է էլեկտրաէներգիայի ծախսը: «Եթե դրա թանկացման դեպքում փորձում ենք պահել արտադրանքի գները, ապա մենք տուժում ենք և վնասով աշխատում: Մեզ մնում է թանկացնել արտադրանքը»,- նշեց ձեռնարկության ղեկավարը:

Նա դժվարացավ ասել, թե կոնկրետ որքանով կթանկանա «Տոսպի» արտադրանքը, քանի որ դա կախված է տվյալ պահին արտադրական հզորություններից:  Ներկա պահին կազմակերպությունն օգտագործում է իր արտադրական հզորությունների 40%-ը: «Եթե  աշխատենք մեր ամբողջ հզորությամբ, ապա  թանկացումը կլիներ 2-3%, բայց քանի որ չենք կարող օգտագործել ամբողջ հզորությունը, չեմ կարող ասել, թե կոնկրետ որքանով կթանկան՝  5,10, թե 15%-ով: Դա արդեն ցույց կտա այդ պահին մեր ծանրաբեռնվածությունը»,- ասաց Ս. Բեկիրսկին:  

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի թանկացումն արտադրողներին մրցակցային խնդիրների առաջ է կանգնեցնում տեղական և դրսի շուկայում: Այն տեղական արտադրողները, որոնց գործում էլեկտրաէներգիայի արժեքը մեծ է, վաղ թե ուշ ստիպված են լինելու թանկացնել արտադրանքի գները, որ կարողանան կարգավորել իրենց ծախսերը: Պարզ է, որ ոչ մի արտադրող չի ցանկանա զրոյական շահույթով կամ վնասով աշխատել:  Տեղական շուկայում էլեկտրաէներգիայի թանկացումը կբերի նույն խմբի տեղական ապրանքների ընդհանուր գների թանկացմանը: Այսինքն՝ եթե տեղական տեքստիլ ձեռնարկությունը շապիկ է արտադրում և թանկացնում ապրանքը, այս դեպքում նա հետ չի մնում տեղական արտադրող մրցակցից, քանի որ վերջինին ևս վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացումը, և նա ևս բարձրացնում է իր ապրանքի գինը: Բայց քանի որ հայկական շուկայում շատ են նաև ներկրված ապրանքները, ապա նրանց հետ մրցակցային խնդիրներ են առաջանում գնի առումով, քանի որ այստեղ էլեկտրաէներգիայի թանկացումը չի վերաբերում դրսի արտադրողին և նա իր արտադրանքի գինը թողնում է նույնը։ Արդյունքում ստացվում է, որ տեղականը թանկանում է, ներկրվածը՝ ոչ: Հայ ժողովուրդի մեծ մասն էլ առայժմ, ելնելով իր գնողունակության ցածր մակարդակից, ավելի մեծ կարևորություն է տալիս  գնին, հետո նոր՝ որակին։ Այդ դեպքում ներմուծվածի պահանջարկն ավելի է մեծանում, տեղականինը՝ նվազում։

Մրցակցության խնդիր առաջանում է նաև, երբ տեղական արտադրողն արդեն բարձր գնով է փորձում արտահանել իր ապրանքը: Դրսի շուկայում նա թուլացնում է մրցակցային իր դիրքերը, քանի որ իր ապրանքը, փաստորեն, ավելի թանկ է լինում, քան մեկ այլ երկրից արտահանվածը, որի գինը նույնն է մնացած լինում: Օրինակ, եթե Հայաստանն ու Վրաստանը նույն ապրանքից՝ նույն որակի և գրեթե նույն գնի, արտահանում էին Ռուսաստան, ապա Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումից հետո կստացվի այնպես, որ վրացականը կշարունակվի վաճառվել նախկին գնով, իսկ հայկականն՝ ավելի թանկ:

Հիշեցնենք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել իր գնային առաջարկը, որով նախատեսվում է բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացնել միանգամից 17 դրամով՝ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանելով 58.93 դրամ, իսկ գիշերայինը` 48.93 դրամ: Կարգավորող հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է ՀԷՑ-ի առաջարկը։ Վերջինը պնդում է, որ իրենք աշխատում են վնասով, հսկայական կորուստներ և պարտքեր ունեն: Ու ընկերությունը ցանկանում է սպառողների գրպանի հաշվին լուծել այդ խնդիրները, քանի որ գտնում է՝ միայն էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է իրենց փերկել սնանկացումից: Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՀԷՑ-ի սեփականատեր է դարձել 2006-ին ու արդեն  չորրորդ անգամն է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հայտ ներկայացնում: Նրա առաջարկով՝ 2009-ին  սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը  25 դրամից դարձավ 30 դրամ, իսկ գիշերային 12-ից՝ 20 դրամ: 2013-ին ցերեկային սակագինը դարձավ 38 դրամ, գիշերայինը՝ 28:  Ընդամենը մեկ տարի անց նորից բարձրացվեց ու ցերեկայինը գինը դարձավ 41.85 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter