HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դսեղի ծովերը» ջրազրկվում է

« Հինգ-վեց  տարեկան երեխեք էինք, անբան երեխեք. Էն ա հանդն էինք գնում, խաղ անում: Օհանեսն էլ շատ էր սիրում, տանից փախած սաղ օրը ման էինք գալիս: Գնում էինք Դըդի ուսը ապրանքը հետ էինք ածում, թռցնում: Ընտեղից  գեղի մյուս ծերն էինք վազում`Կաթնաղբյուրն ու  Առվյակը: Աղբրի մոտ հաց էինք ուտում, կամ թե Ծովերն էինք գնում `մոռ, մոշ ուտելու, ծտի բույն ման գալու, ձու հավաքելու…»

                                                                       Հ. Թումանյանի դասընկեր  Գաբո  բիձա

Դսեղ  գյուղից  3 կմ հարավ-արևելք Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ  լեռնագագաթի  հյուսիսային լանջի  ափսեաձև գոգավորությունում ընկած է «Դսեղի ծովեր» լիճը: Այն Հայաստանի բնության ջրագրական հուշարձան է: «Ծովերը» կարելի է համարել նաև մշակութային հուշարձան, այստեղ  Հովհաննես Թումանյանի հետ սեղան են նստել Ա. Իսահակյանը, Ա. Շիրվանզադեն, Վ. Բրյուսովը, Վ. Տերյանը, Լեոն և այլ երախտավորներ: Լիճը հիմնականում սնվում է ստորգետնյա քաղցրահամ աղբյուրներից և անձրևներից: Լճի երկարությունը 250 մետր է, լայնությունը ամենալայն տեղերում 200 մետր, առավելագույն խորությունը 4.5 մետր է:

Մի խումբ դսեղցիներ «Հետքին» տեղեկացրին, որ «Ծովերին» սպառնում է ջրազրկման վտանգ: Լիճը դրսից ջրահոսք չունի, ընդահակառակը դսեղցի  Շավարշ Շեկոյանը մի քանի տարի շարունակ լճից 50մմ խողովակով իր քարի արտադրամաս ջուր է տանում, որն էլ այսօր նպաստում է լճի մակարդակի  իջնելուն: Դսեղցիների ասելով, երբ գյուղի վարելահողերի ոռոգման համար Մարցագետից սնվող  ջրհան կայանը աշխատելիս է եղել, լճի մակարդակը  պահպանվել է: Այդ ժամանակ Շավարշի Շեկոյանի վերցրած ջուրը լճին չի վնասել: Անկախության տարիներին ջրհան կայանը չի աշխատել, լիճն էլ ջուր չի մտել և վերադարձել է իր բնական մակարդակին. «Տարեն տարու վրա Շ. Շեկոյանի քարի արտադրամաս գնացող լճի վրայի խողովակը  իջեցվում է, որովհետև իջնում է նաև լճի մակարդակը, որն արդեն մենք նկատում ենք: Խողովակը տզրուկի պես ծծում է լճի ջուրը»,- բացատրեց դսեղցիներից մեկը: Խողովակը ներկայումս ջրի տակ է:

Զրուցակիցներս վստահ էին, որ գյուղապետ Նորիկ Քոչարյանը տեղյակ է, սակայն աչք է փակում լճից կատարվող ջրագողությանը: Լճի և վերջինիս հարող տարածքի սեփականատիրոջ իրավունքը պատկանում է Դսեղ գյուղական համայնքին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսությանը: Ահազանգը տեղում ուսումնասիրելու համար երեկ Նորիկ Քոչարյանի հետ այցելեցինք «Դսեղի ծովեր» լիճը: Վերջինս նկատելի անբարյացակամությամբ ընդունեց գյուղացիների ահազանգի լուրը. «Այդ ինֆորմացիան, որ դուք ունեք լճի ջրի  ապօրինի օգտագործման մասին, այդ անձնավորությունը լավ կլիներ առաջին հերթին  գյուղապետարանին ահազանգեր, եթե մենք միջոցներ չձեռնակեինք,  թող նա ահազանգեր»,- դժգոհեց նա, ավելացնելով, որ տեղյակ չէ լճից քարի արտադրամաս գնացող ջրի մասին:

«Ինչքան ես գիտեմ, այդ քարի արտադրամասը մոտ 20 տարի գոյություն ունի: Ես 2,5 տարի աշխատում եմ, բայց միշտ էլ իմացել եմ, որ այն Դսեղի Աթանց չայի հանդամասից է ջուր ստանում: Հիմա, եթե կան խնդիրներ, մենք կկանխենք»,- ասաց նա:

Դսեղի գյուղապետի տեղակալ Սամվել Անտոնյանը հակառակը պնդեց. «Ես տեղյակ եմ լճից  կատարվող Շ. Շեկոյանի քարի արտադրամասի ապօրինի ջրօգտագործմանը: Մի երկու անգամ այդ մասին տեղյակ եմ պահել  գյուղապետին, սակայն նա հրաժարվել  է կանխել այն: Ես ինձ լճի հարցում մեղավոր եմ զգում»,- ասաց Ս. Անտոնյանը: 

Նորիկ  Քոչարյանը հրաժարվեց նույնիսկ Շ. Շեկոյանի քարի արտադրամասը մեզ ցույց տալուց : «Քարի արտադրամաս չկա  էս կողմերում» ,-ասաց նա: Սակայն, երբ նկատեց, որ քարի արտադրամասի և վերջինիս լճից սնվող խողովակի մասին հեռախոսով տեղեկություն եմ ստանում, ստիպված եղավ  ինձ ուղեկցել լճից հազիվ 1կմ հեռավորության վրա գտնվող արտադրամաս: Մեզ հետ զրուցելիս, այսուհանդերձ, 80-ամյա գյուղապետը բացատրեց. «Հա, Աթանց չայը շատ է հեռու Դսեղից, մեր լճերից էլ է շատ հեռու»:

«Քարի արտադրամաս գնացող խողովակը  գտնվում է գյուղի նախկինում ոռոգման ջուր սնուցող խողովակի տակ,- բացատրեցին բողոքող դսեղցիները:  Քարի արտադրամասում աշխատող Շավարշ Շեկոյանի հորեղբոր որդին` Էդիկ  Շեկոյանը, նույնպես ասաց, որ արտադրամասը ջրով  սնվում է լճից: Շավարշ Շեկոյան էլ հեռախոսով բացատրեց, որ  զբաղված է և չի կարող մեզ հանդիպել, սակայն նա էլ գյուղապետ Ն.Քոչարյանի նման պնդեց, որ իր քարի արտադրամասը սնվում է Աթանց չայի հանդամասի լեռնային աղբյուրներից: Այսօր Շ. Շեկոյանը հեռախոսով մեզնից ամեն գնով հանդիպում էր խնդրում: Այսուհանդերձ նա խոստովանեց, որ քարի արտադարամասը գնել է լճից միացված ջրագծով: Գյուղապետից տեղեկացանք, որ լճի ջրի համար Շ. Շեկոյանը վարձ չի վճարում համայնքի բյուջեին: 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը արգելում է ոչ միայն «Դսեղի ծովեր» լճի ջրային ռեժիմի խախտումը, այլ բացառում է լճի շրջակայքի ծառերի և թփերի հատումները: «Դսեղի ծովերը»  հարավային մասից շրջափակված է թավուտ անտառով: Լիճն անտառներով  շրջափակված է նաև մյուս կողմերից: Երեկ լիճը շրջապատող անտառներում  հայտնաբերեցինք հատված բազմաթիվ ծառեր: Հանգստացողները խորովածի կրակ էին վառել հենց այն ծառերի ճյուղերով, որի տակ հանգստացել էին: Լճի շրջակա տարածքը հակասանիտարական վիճակում էր: Նորիկ Քոչարյանն ասաց, որ համայնքի  բյուջեից գումարներ չի հատկացնում  լճի և շրջակայքի սանիտարական վիճակը բարելավելու համար. «Միայն այնտեղ թեթև աղբահանություն ենք անում»,- բացատրեց  նա: 

Մեկնաբանություններ (2)

Աննա
Ափսոսս գալիս ա էս հրաշք տեսարանը, որ մարդիկ աղբանոց են սարքել ու սեփական շահի համար են օգտագործում են, ինչ բոլորին ա պատկանում։
Վ. Հ.
Գյուղապետ ջան, գյուղապեեետ...Մեռանք «Գիքորի աղբյուրը ցամաքում է» երգը երգելով։ Շան տե՞ղ դրիր։ Հիմա էլ՝ Ծովերը... Ո՞վ է քեզ հավատում արդեն։ Կարևորը տարին 6 անգամ նույն տարվա հարկը հավաքես։ Բա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter