«Հերթական անամոթ բեմականացումը»` Վճռաբեկ դատարանում
«Հետքը» էլեկտրոնային նամակ է ստացել, որը վերաբերում է Վճռաբեկ դատարանի «խոհանոցին»: Փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ նամակում բարձրացված հարցերի շուրջ, սակայն ապարդյուն: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ` հույս ունենալով, որ Վճռաբեկ դատարանը հրապարակումից հետո կարձագանքի:
«Վճռաբեկ դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը (Էդգար Սեդրակյանը- «Հետք») նախագահի հոկտեմբերի 17-ի հրամանագրով նշանակվեց դատավոր Կոտայքի մարզում:
Նա դեռ չէր հասցրել իր անձնական իրերը վերցնել իր աշխատասենյակից, երբ Վճռաբեկ դատարան ժամանեց ոմն Գևորը, որպեսզի զբաղեցնի Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այդ լուրը շուտ տարածվեց դատական համակարգում, քանի որ այդ Գևորը հայտնի ֆրուկտ է (ասում են` մականունը «Գյամշո» է): Նա նախկինում աշխատել է Վճռաբեկ դատարանում որպես դատական կարգադրիչ: Դա այն ժամանակ ամենացածր պաշտոնն էր դատական համակարգում: Նրա պարտականությունն էր նիստի դահլիճում բղավել` «Ոտքի, դատարանն է գալիս»: Բայց քաղաքացիական պալատի նախագահ Ա.Մկտրումյանի ընկերոջ որդուն պատիվ չէր բերում դա, և նա այլ` ավելի «կարևոր» պարտականություններ էր կատարում` «գործ էր կպցնում»:
Դատական համակարգում լավ գիտեն, թե ինչ է նշանակում «գործ կպցնել»:
2005թ. Վճռաբեկ դատարանի նահագահ դարձավ Մանուկյանը և վերացրեց կարգադրիչի հաստիքը: Եվ քանի որ Մանուկյանի և Մկրտումյանի հարաբերությունները լարված էին (դրա մասին մամուլում շատ է գրվել), Մկրտումյանը չկարողացավ իր «լյուբիմչիկին» պահել, և Գևոն հեռացավ: Իհարկե, նա սովից չմեռավ, այլ տեղավորվեց որքան հայտնի է` հարկայինում:
Եվ ահա Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուն պես` արդեն Մանուկյանի փոխարեն Վճռաբեկ դատարանի նախագահ դարձած Մկրտումյանը հիշեց Գևորին: Որովհետև «գևորներ» շատ են պետք կոռումպացված միջավայրում: Առանց ամոթի և ձևականությունների պահպանման, դեռևս չնշանակված այդ պաշտոնում, Գևոն սկսեց ինքնահավանորեն շրջել դատարանի շենքում` վայելելով Քաջ Նազարի բախտը:
Մինչև օրս նա դեռ նշանակված չլինելով այդ պաշտոնում` արդեն վերանորոգել է նախկին ղեկավարի ազատած աշխատասենյակը, թեև սենյակը վերանորոգման կարիք չէր էլ զգում: Բայց դե Գևոն ա եկել, էլ ոնց կլինի...
Այժմ անցնեմ հարցի իրավական կողմին. թե ինչպես է ապօրինի կերպով Գևոն դառնում ղեկավար:
Նշանակման հարցը կարգավորվում է «Դատական ծառայության մասին» օրենքով (15-20 հոդվածներ): Համաձայն այդ օրենքի` երբ թափուր է մնում Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, պետք է կատարվի հետևյալը.
Կամ Վճռաբեկ դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում նշանակում է կատարում այդ պաշտոնում դատական ծառայողների թվից, կամ էլ մեկշաբաթյա ժամկետում հայտարարվում է փակ մրցույթ: Փակ մրցույթին ևս կարող են մասնակցել միայն դատական ծառայողները, իսկ Գևոն դատական ծառայող չէ: Նա դեռևս 2005 թվին հեռացել է համակարգից, և անգամ դատական ծառայողների կադրերի ռեզերվի մեջ չէ, քանի որ ռեզերվը ստեղծվել է նրա հեռանալուց հետո: Անգամ եթե նա այն ժամանակ (2005թ.) մտած էլ լիներ ռեզերվի մեջ, այժմ դուրս մնացած կլիներ, քանի որ 3 տարվա ընթացքում չի նշանակվել որևէ դատական պաշտոնում:
Այսպիով, իրենց մոտ դեռ չի կպնում, ուստի պետք է դիմեն օրենքը վարպետորեն շրջանցելու արդեն սովորական դարձած միջոցին: Իսկ դա, կարծում եմ, արվելու է այսպես. քանի որ Գևոն դատական ծառայող չի հանդիսանում և 1 շաբաթում չի կարող առանց օրենքի բացահայտ խախտման դառնալ աշխատակազմի ղեկավար, նույն պատճառով էլ չի կարող մասնակցել փակ մրցույթին, հետևաբար, կարծում եմ, կարվի հետևյալը. կհայտարարվի փակ մրցույթ, քանի որ դա պարտադիր է: Իմիջիայլոց, պաշտոնը թափուր մնալուց 1 շաբաթ անց պետք է հայտարարություն փակցվեր դատական համակարգի պաշտոնական կայքում փակ մրցույթի մասին, սակայն պարզ պատճառով դեռ ոչ մի հայտարարություն չի արվել. սա օրենքի ակնհայտ` արդեն մեկ խախտում: Հետո կհանձնարարվի դատական ծառայողներին, որ ոչ ոք չհամարձակվի դիմել փակ մրցույթի համար: Կամ էլ ձևականորեն կդիմեն, բայց չեն «հաղթի»: Այս դեպքում կհայտարարվի բաց մրցույթ: Դե եթե ոչ ոք չի դիմում աշխղեկավար դառնալու համար, կամ էլ դիմել են, բայց արժանի չեն` մնում է արժանիին գտնել և բերել դրսից: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ կգա Գևոն, որի անմիջական ցուցումներով արդեն վերնանորոգվել է աշխատասենյակը, նրա անունով համակարգիչ է երևում համակարգի ներքին ցանցում` «Գևորգ Մխիթարյան», և նա արդեն բազմել է իր «գահին»:
Այսպիսով, կատարվում է հերթական ֆարսը: Դեռ տեղը թափուր է, դեռ նշանակում չի կատարվել, սակայն հայտնի է, թե ով է լինելու հաղթողը: Խնդրեմ այցելեք Վճռաբեկ դատարան, բարձրացեք 5-րդ հարկ և կհամոզվեք...
Խնդրեմ, այցելեք arilis.am կայքը և ծանոթացեք «Դատական ծառայության մասին» օրենքին (15-21-րդ հոդվածներ, 28-րդ հոդված):
Իսկ դատական համակարգի պաշտոնական կայքն է www.court.am:
Այսպիսով, կատարվում է հերթական անամոթ բեմականացումը: Եվ այդ բեմականացումը կատարվում է ոչ թե դերասանների, այլ պետական պաշտոնյաների միջոցով: Իրենց վարքով նրանք վարկաբեկում են պետությանը, իսպառ վերացնում հավատը պետության և արդարության նկատմամբ, դրանով իսկ խարխլում են պետականության հիմքերը, և առանց չափազանցնելու կարելի է ասել` թուլացնում են մեր պետությունը»:
Հ.Գ. Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ամալյա Հարությունյանը տեղեկացրեց, որ դեռ չունեն աշխատակազմի ղեկավար, երբ լինի, իրենք կներկայացնեն: Նա հաստատեց, որ աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել. «Որ լինի, դուք կտեղեկանաք, մեր կայքին հետևեք, կլինի»: Ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Գևորգ Մխիթարյանը: Այս հարցին մամլո քարտուղարն արձագանքեց. «Ինչի՞ համար եք հարցնում, որպես լրագրող ինչ-որ նպատակ պետք է ունենաք, որ զանգահարել եք»: Երբ բացատրեցինք, որ ուզում ենք խմբագրությանն ուղարկված նամակում տեղ գտած տեղեկատվությունը ճշտել, ասաց. «Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարը երբ որ նշանակվի, կայքում ինֆորմացիան կտեղադրվի, ես Ձեզ խոսք եմ տալիս, ես Ձեզ կասեմ, Դուք կհետևեք, կիմանաք»: Նորից հնչեցրած հարցին, թե Գևորգ Մխիթարյանն ինչ պաշտոն է զբաղեցնում, ասաց` հինգ րոպեից զանգահարել: Հինգ րոպեից, և այնուհետև կատարած մեր բազմաթիվ զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ, մինչդեռ ժամանակ առ ժամանակ մամլո քարտուղարի հեռախոսահամարը զբաղված էր ցույց տալիս, ինչը նշանակում է, որ նա տեղում էր և օգտվում էր հեռախոսից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել