HY RU EN

Սառա Պետրոսյան

Առցանց ուսուցման հարթակ՝ փաստաբանների և բուհերի ուսանողների համար

Ամերիկյան  իրավաբանների ընկերակցության (ABA) հայաստանյան ներկայացուցչությունը մայիսի 26-ին Փաստաբանների պալատում ներկայացրեց առցանց ուսուցման հարթակը, որը մշակվել է փաստաբանների եւ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար:

Ընկերակցությունն իրականացնում է փաստաբանների պարտադիր վերապատրաստման դասընթացներ, որը մշակվել է նաեւ առցանց ուսուցման համար:

Առցանց վերապատրաստումն իրականացվում է նախապես տեսաձայնագրված դասերը դիտելու միջոցով: Այն հատկապես նախատեսված է մարզերում գործող կամ ժամանակավորապես Հայաստանից բացակայող փաստաբանների, նաեւ նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվելու դասընթացին:

Իր ելույթում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ հարթակը փաստաբաններին հնարավորութուն կտա լրացնելու իրենց պարտադիր վերապատրաստման դասաժամերը: Փաստաբանները Պալատի հետ համաձայնեցնելով կարող են լրացնել տարեկան 8 ժամ առցանց դասաժամ, իսկ 6 ամսվա կտրվածքով ընդամենը՝ 4 ժամ: Պալատը առցանց ուսուցումը սահմանափակել է 4 ժամի, քանի որ նախապատվությունը տալիս է ստացիոնար դասընթացներին, որին մասնակցելով հարցեր տալու հնարավորություն ունեն:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան թմրադեղերի դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ջեք Անդերսոնը եւ ABA/ROLI Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդրա Բելենկայան: «Առցանց ուսուցման հարթակը մշակել ենք Հայաստանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների եւ փաստաբանների շարունակական եւ հասանելի կրթության ապահովման համար: Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը եղել է Հայաստանի իրավաբանների ներկա եւ ապագա համայնքներին մասնագիտացված իրավական կրթության ռեսուրսներով եւ արդիական հարցերով վերապատրաստման դասընթացներով ապահովելը, որի օգնությամբ իրավունքի գերակայությունը կհաստատվի Հայաստանում»,- ասաց Ալեքսանդրա Բելենկայան:

Նա տեղեկացրեց, որ Պալատի հետ միասին մշակելու են առցանց ուսուցման հարթակի աստիճանական փոխանցման ծրագիր, Պալատը պատրաստակամություն է հայտնել այս հարթակը պահպանել, նաեւ լրացնել նոր դասընթացներով: «Հպարտությամբ ներկայացնում ենք մեր ձեռքբերումը, որը նպատակաուղղված է Հայաստանում ավելի արդար հասարակություն ստեղծելուն»,- իր խոսքն ավարտեց ABA/ROLI Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենը:

Ամերիկյան  իրավաբանների ընկերակցության Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանը ներկայացրեց olp.abaceeli.am կայքը՝ մանրամասնորեն ծանոթացնելով կայքի հնարավորություններին, կայք մուտք գործելու ուղեցույցին եւ առցանց դասընթացի մասնակիցը դառնալու հնարավորություններին: Հարթակում մուտքագրված են փաստաբանների արտոնագրերի համարները, որոնք փաստաբանները մուտք անելով կարող են ծանոթանալ համապատասխան դասընթացին: Մասնակիցները նախնական եւ վերջնական թեստ են հանձնելու: «Նախնական թեստեր հանձնելը նպատակ ունի մինչեւ դասընթացն ունկնդրելը ստուգելու ձեր գիտելիքները տվյալ թեմայից, իսկ դասընթացն ունկնդրելուց հետո վերջնական թեստ կհանձնեն՝ ձեռք բերած գիտելիքներն ստուգելու համար»,- տեղեկացրեց Հ. Հակոբյանը:

Առցանց ոսուցման հարթակով փաստաբանները կարող են լրացնել իրենց համար նախատեսված պարտադիր ուսուցման ժամերի 1/3-ը միայն, դրանով լրացնելով պարտադիր վերապատրաստման ժամաքանակը: Նախնական եւ վերջնական թեստերում առկա են անընդհատ փոփոխվող հարցեր, որով դասի հիմնական կետերն են ներկայացված: Տեսադասերը պարբերաբար ընդհատվում են, որի շնորհիվ համոզվում են՝ արդյոք փաստաբանները հետեւո՞ւմ են դասընթացին:

Փաստաբանների համար առայժմ տեղադրված է 5 դասընթաց, որոնց հեղինակները փաստաբան Հայկ Ալումյանը եւ իրավաբան Դավիթ Խաչատուրյանն են: Նրանց դասընթացները տեսաձայնագրվել են ու տեղադրվել հարթակում: Իրավաբանական կլինիկաների համար նախատեսված թեմաները վերաբերվում են խոշտանգումների արգելմանը, ազատության եւ անվտանգության իրավունքին:

Փաստաբան Հայկ Ալումյանը, որը փաստաբանների համար իրականացվող հիմնական դասընթացավարներից է, իր խոսքում նշեց, որ փաստաբանների կարողությունները զարգացնելու համար Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ցանկացած ներդրումով զարգացվում են ոչ այնքան փաստաբանների, որքան ողջ դատաիրավական համակարգի կարողությունները, դրանով նպաստելով ողջ դատաիրավական համակարգի առողջացմանը:

«Վճռաբեկ դատարանը (ՎԴ) հպարտությամբ ասում է, թե Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայից բխող ինչպիսի նախադեպային որոշումներ է կայացրել վերջին տարիներին, օրենքներում ինչպիսի փոփոխություններ է կատարել: Սակայն նկատի ունենանք, որ յուրաքանչյուր այդպիսի նախադեպի հետեւում կանգնած է մի փաստաբան, որն իր բողոքում այդ միտքը զարգացրել է եւ ներկայացրել ՎԴ-ին»,- ասաց փաստաբանը:

Պրն Ալումյանը նշեց, որ այդ նախադեպային որոշումները բեկումնային նշանակություն են ունենում Հայաստանի դատաիրավական համակարգի համար՝ խոշտագումներն այսօր նկատելիորեն նվազել են Հայաստանում եւ դրանում դարձյալ ներդրում են ունեցել փաստաբանները: «Ովքեր ներդրում են կատարում փաստաբանության ոլորտում, դա ինքնին ներդրում է մեր երկրի ապագայի մեջ: ABA-ը ջանք չի խնայում Հայաստանում փաստաբանությունը զարգացնելու համար, եւ սա նրանց հարյուրավոր հաջողված քայլերից ընդամենը մեկն է: Ես երջանիկ եմ, որ իմ փոքր լուման ունեցել եմ դրանում»,- հայտնեց Հայկ Ալումյանը:

Հասմիկ Հակոբյանն ավելացրեց, որ ուսուցման հարթակը ժամանակի ընթացքում կզարգացնեն, փաստաբաններին հնարավորություն կտրվի հարցեր տալու դասընթացավարին, բայց պատասխաններն ավելի ուշ կտեղադրվեն, կավելացնեն  նաեւ ֆորում բաժինը: Կայքում նաեւ հանրությանը մատչելի դասեր կլինեն, իսկ կայքը զարգացնելու առումով մինչեւ մեկ ամիս կսպասեն փաստաբանների առաջարկներին: