Ընտրություն «ընտանիք պահելու» եւ պետություն կառուցելու միջեւ
Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան
Հայաստանում արդեն մեկուկես տասնամյակ է, ինչ հաստատվել է քրեաօլիգարխիա կոչվող քաղաքական համակարգը: Դա բավական մեծ ժամանակահատված է, որպեսզի երկրի կառավարման լծակները յուրացրած քրեաօլիգարխիան մտածի նաեւ իր ապագայի, իսկ շահագործվող, ունեզրկվող խավերը` նրանից ձերբազատվելու մասին: Ստեղծված իրավիճակում բնականորեն յուրաքանչյուրն իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու մղմամբ է առաջնորդվում:
Ուստի, ինչպես քաղաքացիական հանրությունն է մտահոգված երկրում օրինական կարգ հաստատելու, այնպես էլ քրեաօլիգարխիան` երկրի քաղաքական ու տնտեսական լծակներն իր ձեռքում պահելու մեխանիզմները գտնելու մեջ: Սակայն, եթե հանրային լայն շերտերի համար իրավական ժողովրդավարական պետություն կառուցելիս պետք են մի շարք նախադրյալներ` իրավիճակի ճշգրիտ գնահատական, ձեւակերպված համընդգրկուն խնդիր, ստեղծագործ միտք, իրավական գիտակցություն, քաղաքական կամք եւ այլն, ապա օլիգարխիկ կլաններին կառավարման համակարգի յուրացման գործը շարունակաբար գլուխ բերելու համար պետք չէ «հեծանիվ» հնարել: Այդ մեխանիզմները, առանց ինչ-որ նախադրյալների, նրանք գտնում են հանրային կյանքի կառուցման մեր մշակույթում, որը ժառանգությունն է դարերի ընթացքում հայերի ապրած կենսաձեւի:
Եւ որո՞նք են այդ մեխանիզմները:
Հայության մտածողութունը, հոգեբանությունը, սոցիալական վարքագիծը պայմանավորված է մի հիմնարար սոցիալական ինստիտուտով` ընտանիքով: Հայկական ընտանիքը մի հարկի տակ (ըն(դ)-տան) միավորված, ամուսնության եւ ազգակցության (արյունակցական կապերի) վրա հիմնված մարդկանց խումբ է, որը կենցաղավարության մեջ շարժվում է նահապետական կայուն սովորույթներով: Այս սովորույթային նորմերի շարքում ընտանիքում փոխադարձ օգնության ու պաշտպանության սկզբունքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Այն ընտանիքի անվտանգության պահանջմունքի բավարարման հիմնական ձեւն է:
Դարեր շարունակ հանրային հարաբերություններում բացառելով պետության ու օրենքի` անձնական եւ ընտանեկան կյանքի պաշտպանիչ ու կարգավորիչ գործառույթները, հայը ստիպված է եղել դրանք գտնել սոցիալական փոխհարաբերությունները կարգավորող դրվածքներում: Այդ տեսանկյունից ընտանիքը եղել է մարդու անվտանգությունն ու ապահովությունը բավարարող հիմնական միջավայրը, իսկ ներընտանեկան կապերը սրբազնացվել են:
Սակայն ընտանիքը պաշտպանելու եւ նրա բարեկեցությունը երաշխավորելու համար գրեթե միշտ կարիք է զգացվել լրացուցիչ մեխանիզմների: Համայնական կյանքում մրցակցությունը եւ արտաքին անկանխատեսելի վտանգները նվազեցնելու պահանջմունքը հայկական ընտանիքին ստիպել է իր շուրջը ստեղծել սոցիալական կապերի պաշտպանիչ նաեւ այլ շերտեր: Բոլոր այն դեպքերում, երբ ներընտանեկան պաշտպանությունը խաթարվել է, յուրաքանչյուր ընտանիք իր անվտանգության պակասորդը սկսել է լրացնել սոցիալական արտաքին կապերի միջոցով: Այդ սոցիալական կապերը հիմնվել են ինչպես հեռու ազգակցության, այնպես էլ հարեւանության, ընկերության, խնամիության, քավորության (ընդհանուր բառով` բարեկամության) վրա:
Հայկական ընտանիքը բոլոր դեպքերում եղել է անհավասար հարաբերությունների իրացման դաշտ: Նրանում եղած սովորույթային դրվածքներով ընտանիքի ներսում ճանաչվել է անդամների իրավունքների ու պարտականությունների աստիճանակարգությունը: Ընտանիքի նահապետից մինչեւ ծոռներ, բոլորն ունեցել են միայն իրենց սոցիալական կարգավիճակին հատուկ իրավունքներ, պարտականություններ, այլոց հետ հարաբերվելու ստանդարտներ: Նման աստիճանակարգությունը փոխանցվել է նաեւ արտաքին սոցիալական կապերի ոլորտ, ու պայմանավորել նահապետական ընտանիքի աստիճանակարգության նմանությամբ տարբեր ընտանիքների միջեւ եղած անհավասար հարաբերությունների գործարկումը:
Այսպիսով, երբ խոսում ենք հայկական ընտանիքի մասին, չենք կարող անտեսել ու նրանից դուրս դնել նրա պաշտպանիչ արտաքին սոցիալական կապերի խնդիրը: Արտաքին սոցիալական կապերը հայկական ընտանիքի բաղկացուցիչն են, նրա ձեւավորած առօրեական մշակույթի աղբյուրներից մեկը: Այդ է պատճառը, որ հային բնութագրական է թե հարեւանի (ազգականի եւ այլն) նկատմամբ հոգատարությունը եւ թե նրա անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հետաքրքրությունն ու գործուն միջամտությունը:
Յուրաքանչյուր ընտանիք իր շուրջը եղած «բարեկամ» եւ «ոչ բարեկամ» ընտանիքների ազդեցության կրողն է ու նրանց նկատմամբ իր ազդեցության տարածողը: Շրջապատող ընտանիքներին նայելով իր ընտանիքի ներսում եղած հարաբերությունների դիտանկյունից, նրանց վրա տարածելով սեփական ընտանիքի անհավասար դրվածքները, նրանց անցկացնելով սոցիալական աստիճանակարգության սեփական ընկալման սանդղակով` հայը շրջապատի հետ ունեցած սոցիալական կապերը բերել հանգեցրել է իր ընտանիքի պաշտպանության ու ապահովության խնդրին: Այդուհետ «բարեկամ» ընտանիքների հետ հաստատված սոցիալական կապերը ծառայել են սեփական ընտանիքի անվտանգության պակասորդը բավարարելուն: Ընդ որում այդ «բարեկամ» ընտանիքներն առանձին դեպքերում դարձել են հարաբերությունների օբյեկտ, իսկ այլ դեպքերում` սուբյեկտ: Այսպես` մի դեպքում հարկ է եղել (հնարավոր է եղել) պաշտպանել ընտանեկան շահերը` «բարեկամական» կապեր հաստատելով մի այլ ընտանիքի հետ (օրինակ` քավոր ընտրելով) ու կամավորապես ընդունելով նրա ազդեցությունը, ու անգամ գերազանցությունը, իսկ մի այլ դեպքում` «բարեկամանալ» որեւէ ընտանիքի հետ, ընդունել նրան որպես հաճախորդ (շատ պաշտոնյաներ չեն խոչընդոտում հարեւաններին` ազատ ելումուտ ունենալ իրենց բնակարաններում), այդ «բարեկամ» ընտանիքի միջոցով ստեղծել պաշտպանվածության ավելի մեծ երաշխիքներ ու այդպես իրացնել անվտանգության պակասորդը:
Հենց այս ճանապարհով էլ հայոց մեջ ձեւավորվել է կլանը (տոհմը, գերդաստանը եւ մյուս ինստիտուտներն` իրենց տարաբնույթ սոցիալական կապերով) ու կլանային մտածողությունը: Արդյունքում «բարեկամի» կողմից օրենքի դեմ ցանկացած ոտնձգություն, ընտանիք պահելու համար արված յուրաքանչյուր անօրինական կամ կարգազանց արարք չի դիտվել պախարակելի, քանզի կլանի կոլեկտիվ անգիտակցականում դա ընկալվել է որպես կլանի մաս կազմող յուրաքանչյուր ընտանիքի պաշտպանությանն ու ապահովությանն ուղղված քայլ:
Գալով մեր օրեր, կարելի է ընտանիքի ներքին ու արտաքին սոցիալական կապերի միջոցով հանրային ու քաղաքական կյանքի կառուցման բազում օրինակներ բերել: Հայկական քրեաօլիգարխիան լինելով պորտաբույծ երեւույթ, սկզբնավորվելով ազգային մշակույթի հենքի վրա, պատճենելով ներհանրային համակեցության դարավոր փորձը` դարձել է մեր սոցիալական գլխավոր կառույցից արտածված երեւույթների կենսագործողը քաղաքական կյանքում:
Իհարկե, խոսելով հայկական ընտանիքի քաղաքական կյանքում խաղացած դերի մասին, չի կարելի բացասական մասնավոր երեւույթները տարածել ընդհանուր սոցիալական կառույցի վրա եւ բխեցնել, որ հայկական ընտանիքում մարդկային արատներն են գերիշխել, կամ որ պետականության բացակայության ժամանակ սոցիալական կապերի միջոցով անվտանգության ու ապահովության պահանջմունքների իրացումը կշտամբանքի արժանի երեւույթ է եղել: Այստեղ խոսքը հայոց համակեցական սովորույթային նորմերի պետական կյանք տեղափոխելու եւ դրանցով քաղաքական հարաբերությունները կարգավորելու մասին է: Չի կարող լինել ուժեղ պետություն, որտեղ ոչ թե պետական օրենքն է գերիշխում, այլ սովորույթային նորմերը: Նման պետությունը ժամանակավրեպ է 21-րդ դարում, եւ ենթակա է կործանման կամ հպատակեցման` առավել կարող պետությունների կողմից: Հենց այն, ինչ առկա է Հայաստանի դեպքում: Ընդ որում, այդ արտաքին հպատակեցումը տվյալ պետության բնակչության նույն կլանային մտածողության արգասիքն է: Քանզի, եթե պետությունը հիմնվում է սովորույթային իրավունքի վրա, որտեղ հաստատված են պատրոն-կլիենտային հարաբերություններ, ապա արտաքին աշխարհում միշտ էլ կգտնվի առավել կարող այնպիսի ուժ, որն իր կլիենտը կդարձնի նահապետական աստիճանակարգության մեջ ապրող, կլանային մտածողություն ունեցող հանրությանը:
Ժառանգի, ազգականի, հարեւանի, ընկերոջ, խնամու, քավորի (սանիկի), իսկ ապա նաեւ` թիկնապահի, տան պահակի, այգեպանի, անձնական բժշկի, վարսավիրի, սիրեկանի, խնամու ազգականի, սանիկի զարմիկի, հարեւանի հարսի եղբոր ու այս շղթայի մեջ եղած բոլոր կլիենտների վրա կառուցված պետությունը ապագա չի կարող ունենալ: Այն դատապարտված է ի սկզբանե:
Վերադառնալով երկրում օրինական կարգ հաստատելու մեխանիզմների խնդրին` պետք է նկատել, որ քաղաքացիական հանրության համար կա մի առաջնահերթություն, որի գործարկումով ուղղակի կոչնչացվի իրեն հարստահարող փոքրամասնության իշխանությունը: Հարկ է, որ պետական կյանքում արմատախիլ արվի ընտանեկան դրվածքներից բխող սոցիալական կապերի միջոցով մասնավոր, հանրային ու պետական հարցերը լուծելու ձեւը եւ անցում կատարվի խնդիրների իրավական կարգավորմանը: Քրեաօլիգարխիայի իշխանությունը հիմնվում է յուրաքանչյուրիս կլանային մտածողության վրա, երբ խնդրի առջեւ կանգնելիս հայը սկսում է փնտրել ծանոթ ու բարեկամ, բայց զլանում է բացել օրենքը ու գտնել քրեօլիգարխիային ու նրա ենթակայության տակ գործող պաշտոնեությանը օրենքի նորմերը պարտադրելու մեխանիզմները:
Ինչպես ասվեց կառավարման համակարգի շարունակական յուրացումը գլուխ բերելու համար քրեաօլիգարխիան «հեծանիվ» չի հնարել: Նա իր տիրապետությունը հաստատելու մեխանիզմները երբեմն էլեմենտար կերպով ու շատ դեպքերում չգիտակցված պատճենել է հանրային կյանքի կառուցման մեր մշակույթից: Այնպես, ինչպես յուրաքանչյուր հայ իր առջեւ ծառացած խնդիրների լուծման համար դիմում է իր ազգականին, ընկերոջը, խնամուն, քավորին ու մյուսներին, բայց ոչ երբեք օրենքին, նույնկերպ օլիգարխներն իրենց խնդիրները լուծելու համար, իսկ այդ խնդիրները ժամանակի ընթացքում կենցաղայինից բարձրացել են մինչեւ պետական մասշտաբի, դիմել են իրենց «բարեկամներին»:
Այսօր ամբողջական հզորագույն կլաններ են կառուցված օլիգարխների շուրջը: Յուրաքանչյուր օլիգարխ ամենակարողության միֆ է ստեղծել իր բանդաների, սպասարկող անձնակազմի, նրա ընտանիքին ծառայող հարեւանների, ազգականների, խնամիների, սանիկների եւ կամավորապես ծառայության մեջ մտած տարբեր հաճախորդների միջոցով: Քաղաքացիական հանրության խնդիրը նաեւ այդ կապերի հասցրած վնասների գիտակցումն ու դրա դեմ պայքարի մեխանիզմներ գտնելն է: Օլիգարխիան հզոր է իր կլիենտուրայով եւ պաշտպանվում է հենց նրա միջոցով: Մինչ օլիգարխին հասնելը, պետք է կտրել կլիենտների տեսքով հանդես եկող նրա թեւերը: Իսկ դրան հասնելու համար մենք նախ մեզ ու մեր դարավոր մշակույթը պետք է փոխենք: Արդյո՞ք պատրաստ ենք մեր «բարեկամների» «ընտանիք պահելու» գործը խաթարել` չթողնել որ դառնան այս կամ այն օլիգարխիկ կլանի հաճախորդը:
Մեկնաբանել