Ընտրական արատավոր ավանդույթները շարունակվում են Ալավերդիում
Հունիսի 7-ին Ալավերդիում քաղաքապետի ընտրություն է նշանակված, որի համար առաջադրվել է երկու թեկնածու: Հանրապետական կուսակցության պաշտպանությունը վայելող քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանն իր քարոզարշավն իրականացնում է արտոնյալ պայմաններում: Նրա առաջ լայնորեն բացվում են Ալավերդու դպրոցների, մանկապարտեզների, ուսումնական բոլոր հաստատությունների ու հիմնարկների դռները, որտեղ նրան սպասում են տնօրենների հրահանգով հավաքված աշխատողները: Կ. Փարեմուզյանի քարոզարշավին մասնակցում են քաղաքի ինքնագործ երաժշտական խմբերը: Դպրոցներում հանդիպումների ժամանակ Կ. Փարեմուզյանից ցուցադրաբար շնորհակալություն են հայտնում ավարտական դասարաններին 100 հազարական դրամներ նվիրելու համար:
Քաղաքապետի մյուս թեկնածուն` 30-ամյա Արթուր Աբգարյանը գտնվում է մրցակցային անհավասար պայմաններում եւ բավարարվում է ընտրողների հետ թաղամասային հանդիպումներով:
«Ճիշտն ասած ես լարվածությունից խուսափելու համար դպրոցներ եւ մյուս կրթօջախներ չեմ գնում»,- ասում է Ա. Աբգարյանը: Ա. Աբգարյանին առ այսօր չի հաջողվել օգտվել նաեւ քաղաքի գովազդային վահանակներից: «Ազատ գովազդային վահանակները զբաղեցրել է իմ մրցակից թեկնածուն»,- հայտնում է նա: Ա. Աբգարյանն ասում է, որ իր պաստառները փակցնելու համար փորձելու է համաձայնության գալ քաղաքի առանձին հիմնարկների շենքերի սեփականատերերի հետ:
Ա. Աբգարյանը ծնվել է Ալավերդիում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Նա կարծր քարերի մշակման, արտահանման եւ շինարական աշխատանքերով զբաղվող «ՍՍԳ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է: Իր նախընտրական ծրագրում Ա. Աբգարյանն ալավերդցիներին խոստանում է ստեղծել աշխատատեղեր, լուծումներ տալ քաղաքի առջեւ ծառացած կոմունալ խնդիրներին, վերանորոգել ներհամայնքային ճանապարհները, կազմակերպել քաղաքի բնակֆոնդի պահպանման աշխատանքներ, համայնքը դարձնել զբոսաշրջային կենտրոն, նպաստել քաղաքի առողջապահական խնդիրների լուծմանը եւ ուշադրության կենտրոնում պահել Ալավերդու բնապահպանական խնդիրները:
«Հետքը» ընտրարշավի հետ կապված մի քանի հարց ուղղեց Ալավերդու քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանին:
- Թաղամասերում հանդիպումների ժամանակ ի՞նչ հարցեր են բարձրացնում բնակիչները:
-Մեծ մասամբ թաղամասին վերաբերող խնդիրներն են բարձրացվում: Մեկ էլ հարցնում են, թե ես մնացած թեկնածուների նման խոստանալո՞ւ եմ ու գնամ, թե կարգին աշխատելու եմ: Ջրավազան թաղամասում բնակիչներն աղբահանության եւ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման խնդիրներ ունեն: Շատ ալավերդցիներ հանդիպուների ժամանակ դժգոհում են իրենց սոցիալ-տնտեսական վիճակից, մարդիկ աշխատանք են ուզում: Տարեցները դժգոհում են իրենց երեխաների արտագաղթելուց, որի պատճառով մենակ են մնացել: Էնգելս թաղամասի սեփական տների բնակիչները թաղամասի անբարեկարգ եւ անանցանելի ճանապարհի պատճառով թաղամասի ծանր հիվանդներին ստիպված են լինում իջեցնել թաղամասի բանուկ փողոց` շտապ օգնության մեքենա դնելու եւ հիվանդանոց տեղափոխելու համար: Ես այնտեղ ճանապարհը մի քիչ բարեկարգել եմ տվել: Ակներցիներն ասում են, թե ճիշտ է Ալավերդի համայնքի մեջ ենք մտնում, բայց դա միայն թղթի վրա է երեւում: Նրանք ճանապարհ եւ ջուր չունեն: Գյուղից աղբահանություն չի կատարվում: Բնակիչները դժգոհում են նաեւ քաղաքի աղբահանությունից:
- Ձեր մրցակից թեկնածուին պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը: Դա չի՞ կաշկանդում Ձեզ քարոզչության ժամանակ:
-Ես այլ կերպ կպատասխանեմ Ձեզ: Նախեւառաջ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանին չի պաշտպանում: Դրանք սուտ տեղեկություններ են: Հանրապետական կուսակցության այդպիսի նիստ տեղի չի ունեցել, եւ այդպիսի որոշում չի կայացվել: Դա, իմ կարծիքով, ընդամենը որոշ մարդկանց կամքն է:
- Ո՞ւմ ի նկատի ունեք, Լոռու մարզպետի՞ն:
-Հա: Ես ուղղակի կոչ կանեմ իմ մրցակցին ավելի գրագետ քարոզչություն իրականացնել: Ես ամեն ինչ անում եմ, որ դա այդպես լինի, քանի որ հունիսի 7-ից հետո ընտրողները նույն ալավերդցիներն են, պետք չէ մարդկանց թշնամացնել միմյանց հետ:
- Ողջ Ալավերդին գիտի, որ Ձեր ընտանիքը Լոռու մարզպետի միջավայրից է: Ձեր կարծիքով՝ մարզպետն ինչո՞ւ Ձեր թեկնածությունը չպաշտպանեց:
- Կոնկրետ պատճառը ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ ես դրա պատասխանը մինչեւ օրս չգիտեմ, ես նրան դա չեմ էլ հարցնի:
- Եղե՞լ են դեպքեր, երբ թաղամասերում փորձեն խանգարել ընտրողների հետ Ձեր հանդիպումը:
- Ես այդքան թույլ մարդ չեմ, որ կարողանան խանգարել: Նորմալ է անցնում քարոզարշավը: Փորձում եմ ժողովրդի հետ ավելի անմիջական լինել:
- Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը Ձեզ մայիսի 22-ի երեկոյան քաղաքապետի մյուս թեկնածուի հետ հրավիրել էր բանավեճի: Դուք ներկայացել եք հեռուստաընկերություն, սակայն հաղորդումից 1-2 րոպե առաջ հեռացել եք տաղավարից: Ինչո՞ւ եք հեռացել:
-Ես խնդրեցի, որ եթերի վերջում մեզ ժամանակ տրվի իրար հարցեր ուղղելու համար: Նկատեցի, որ այդ հաղորդման ընթացքում նման հնարավորություն չկա: Մտածեցի, որ անհետեւանք հանդիպում է լինելու: Առանց բանավիճելու ոչ մեկս հաղորդումից հաղթող չէինք դուրս գա:
- Ընտրվելու դեպքում ի՞նչ թիմով եք մտնելու քաղաքապետարան:
- Ես դեմ եմ պրոֆեսիոնալ մարդկանց աշխատանքից ազատելուն: Ով լավ մասնագետ է, իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում մնալու է իր գործին:
- Ինչպե՞ս եք գնահատում Ձեզ մրցակից թեկնածուի կարողությունները քաղաքապետի պաշտոնում:
- Ես նրա մասին չեմ խոսի ոչ լավ, ոչ` վատ: Բայց կարող եմ ասել, որ ես եռանդուն քաղաքապետ կարող եմ լինել եւ կարող եմ մեր քաղաքի խնդիրներին ավելի արագ եւ իրատեսական լուծումներ տալ:
Մեկնաբանություններ (35)
Մեկնաբանել