Քարինջի դպրոցը տարին ամփոփեց առանց 1-ին ու 9-րդ դասարանցիների
Գայանե Սարգսյան
Քարինջի դպրոցն այս ուսումնական տարին ամփոփեց առանց 1-ին ու 9-րդ դասարանցիների: Առաջին դասարան հաճախելու ենթակա գյուղի երեք երեխաները դեռ տարեսկզբին էին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների պաշտպանության բաժնի կողմից ճանաչվել պարտադիր ուսուցումից դուրս մնացած:
«Առաջին դասարանում պետք է ունենայինք երեք երեխա: Ծնողների հետ խոսել ենք, ճշտել ենք դպրոց չուղարկելու պատճառները: Ծնողները նշել են, որ երեխաները խոսքի հետ կապված խնդիրներ ունեն, ինչի պատճառով էլ չեն ուղարկել: Երեխաներից մեկն էլ տեղափոխվեց քաղաք ու այդպես էլ առաջին դասարան չունեցանք»,- պարզաբանում է Քարինջի դպրոցի տնօրեն Արամ Եղինյանն ու վստահեցնում, որ հաջորդ ուսումնական տարվանից այդ երեխաները կհաճախեն դպրոց:
725 բնակիչ ունեցող Քարինջի դպրոցն ընդամենը 86 աշակերտ ունի:
Վերջին տարիներին դպրոցի աշակերտների թիվը գնալով նվազել է: Չնայած դրան՝ տնօրենը հույս ունի, որ առաջիկա տարիներին աշակերտների թվի աճ կարող է գրանցվել:
«Այս տարի 9 առաջին դասարանցի կունենանք: Երկուսն անցած տարվա չեկածներն են ու էլի մի 6-7 հոգի»,- նշում է նա: Դպրոցը նաև ուսուցիչների ու հատկապես անգլերենի ուսուցչի կարիք ունի: Այս ուսումնական տարին քարինջցի երեխաներն անց են կացրել առանց անգլերենի ուսուցման:
«Անգլերենի ուսուցիչ ունեինք, հոկտեմբերին տեղափոխվեց քաղաք ու տեղը մնաց թափուր: Մասնագետ չկա, գյուղական վայրեր չեն ցանկանում գալ: Օրենքի համաձայն՝ մրցույթ ենք հայտարարում, բայց ուսուցիչները գյուղեր չեն ուզում գալ: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ մրցույթը հայտարարում ենք: Տարեսկզբից սկսած արդեն 3-4 անգամ մրցույթ ենք հայտարարել, չեն գալիս»,- ասում է Ա. Եղինյանը:
1985թ.-ից գործող դպրոցում վերջին ընթացիկ նորոգումն արվել է 15 տարի առաջ: Այժմ դպրոցը կրկին նորոգման կարիք ունի: Տնօրենն առաջնահերթ է համարոմ հատկապես դուռ-պատուհանների նորով փոխարինումը: Դրանք այնքան հնամաշ են, որ ձմռանը դասասենյակներում բավարար ջերմաստիճան ապահովելու համար այստեղ ստիպված են լինում փայտե վառարանները մշտապես թեժ պահել:
Մեր շրջայցի ընթացքում ակնհայտ է դառնում, որ դպրոցը նաև ընդհանուր նորոգման կարիք ունի. տեղ-տեղ խարխլված մանրահատակ, ծեփաթափ ու ճաքճքած պատեր ու առաստաղներ, անմխիթար վիճակում գտնվող սանհանգույց: Ա. Եղինյանը նշում է, որ նորոգման հարցով դիմել են Լոռու մարզպետարան: Թե երբ հերթը կհասնի Քարինջի դպրոցին, դեռևս պարզ չէ:
Տնօրենն շտապում է թվել դպրոցում գրանցված դրական փոփոխությունները. բարեկարգել են դպրոցի հարակից տարածքը, նախասրահում ստեղծել պատերազմում զոհված քարինջցիների հիշատակի անկյուն:
Գյուղի մանկապարտեզը գրադարանի ու գյուղապետարանի հետ տեղակայված է միևնույն՝ 1960-ականներին կառուցված անհրապույր շենքում: Մանկապարտեզին հատկացված երկու սենյակները հնարավորինս համապատասխանեցվել են երեխաների համար: 5-ժամյա մանկապարտեզ հաճախում է 3-ից 6 տարեկան 16 երեխա:
«Մանկապարտեզի տարիքի էլի երեխաներ կան, որոնք չեն հաճախում: Սոցիալական պայմաններն ու մտածելակերպն էլ են դեր խաղում»,- ասում է Քարինջի համայնքապետ Նորիկ Մկրտումյանը:
Մանկապարտեզի ամենամսյա վարձավճարը 2.000 դրամ է: Առաջիկայում մտադիր են մանկապարտեզի աշխատաժամանակը դարձնել 8-ժամյա, վարձավճարն էլ՝ ամսական 4.000 դրամ: Վերջերս «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից մանկապարտեզին անկողնային սպիտակեղեն ու անկողին է հատկացվել, դրանք օգտագործելու համար գյուղապետը նորոգել է տարիներ շարունակ գյուղապետարանի տանիքում պահպանված մանկական մահճակալները:
Ն. Մկրտումյանը ցույց է տալիս գյուղի միակ խաղահրապարակը՝ գյուղապետարանի հարևանությամբ (թեև այն շատ դժվար է խաղահրապարակ համարելը): «Հատկապես երեկոյան մայրիկները երեխաներին այստեղ են բերում»,- ասում է նա:
Մեկ-երկու նստարանից ու տաղավարից զատ այստեղ ոչինչ չկա ու հասկանալի էլ չէ, թե հատկապես ինչով են զբաղվում այստեղ քարինջցի երեխաները: Գյուղը մշակույթի տուն չունի: Բոլոր հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենում գյուղապետարանի կամ դպրոցի տարածքում: Տարիներ առաջ Քարինջը մշակույթի տուն է ունեցել: 1950-ականներին կառուցված շենքը, սակայն, քանդվել է 88-յան երկրաշարժի ժամանակ: Գյուղի երիտասարդները մշակույթի տան անհրաժեշտության հարցն են առաջ քաշում:
«Որպես երիտասարդ շատ եմ ուզում, որ մշակույթի տուն ունենանք: Բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր ենք իրականացնում տարբեր տարիքային խմբերի հետ, ստիպված հավաքվում ենք գյուղապետարանում, դպրոցում, ստեղ-ընդեղ, կոնկրետ տեղ չունենք»,- ասում է Տիգրան Մխիթարյանը, ով նաև գյուղի սոցիալական աշխատողն է:
Նա նշում է, որ անհրաժեշտության դեպքում թե՛ գյուղապետարանում, թե՛ դպրոցում սիրով են տարածք տրամադրում: Որպես ասվածի հավաստում Տիգրանը նշում է մի քանի օր առաջ գյուղապետարանում հերթական ֆուտբոլային հանդիպման դիմումը՝ գյուղի երիտասարդների կողմից: «Մշակույթի տուն ունենալու դեպքում երիտասարդներն իրենց կոնկրետ հավաքատեղին կունենան ու շատ ավելի լավ կլինի»,- վստահ է Տիգրանը:
Սա նրա կարծիքով գյուղի առաջնահերթությունների շարքում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել