
Վճռաբեկը վերադարձրել է շուրջ 1 տոննա թմրանյութերի գործով վարորդի բողոքը
Շուրջ 1 տոննա թմրանյութ տեղափոխելու համար դատապարտված վրացի վարորդ Աֆտանդիլ ՄարտիաշվիլուՎճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Հիշեցնենք՝ Իրանից Հայաստան շուրջ մեկ տոննա թմրանյութ տեղափոխելու համար Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն դատապարտվեց 19, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին՝ 17 տարի ազատարզրկման: Սակայն վարորդ Մարտիաշվիլին երկու ատյաններում էլ պնդում էր, որ տեղյակ չի եղել թմրանյութի առկայությունից, որոնք հատուկ ներկառուցված թաքստոցում են եղել, և այս պատմության մեջ հայտնվել է միայն այն պատճառով, որ վարել է մեքենան: Վերաքննիչը ամբաստանյալների բողոքները քննելով`դատավճիռը թողել է անփոփոխ:
Վարորդ Մարտիաշվիլին դիմել էր նաև Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը, դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել է չքննել վարորդ Մարտիաշվիլու բողոքը:
«Հետքը» ֆիլմ է պատրաստում այս գործի վերաբերյալ, ինչի համար դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և խնդրել էր թույլ տալ նկարահանել ՀՀ ԱԱԾ վարչատնտեսական տարածքում պահվող մեքենան և շուրջ մեկ տոննա թմրանյութը:
Հիշեցնենք, որ Գորիսի դատարանը լուծել էր իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցներն ու դրանք տեղափոխող մեքենան. դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչատնտեսական տարածքում պահվող «ԴԱՖ» մակնիշի DSD 981 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան պետք է բռնագրավել և հանձնել համապատասխան պետական հիմնարկին, իսկ 47 փաթեթներով 850 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցը պետք է բռնագրավել և ոչնչացնել:
Քանի դեռ վճիռը օրինական ուժի մեջ չէր մտել և իրեղեն ապացույցը պետք է գտնվեր ԱԱԾ-ում, «Հետքը» ուզում էր նաև տեսանկարել այն պատրաստվող ֆիլմի համար: ԱԱԾ-ն, սակայն, մերժեց նկարահանման մեր խնդրանքը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկն էլ մերժել էր վարորդ Մարտիաշվիլուց հարցազրույց վերցնելու մեր խնդրանքը՝ պատճառաբանելով, որ գործը դատական գործընթացում է:
Մեկնաբանել