
Մի ցուցանմուշի պատմություն. Աբովյանի չուղարկված նամակը
Աննա Բաբաջանյան
Գրականության և արվեստի թանգարանում պահվում է մի նամակ, որը բացառիկ է ոչ միայն բովանդակությամբ, այլև` իրեն բաժին ընկած ճակատագրով: Այդ նմուշը հետագայում պետք է դառնար գրականագետների ուսումնասիրության առարկան, վերջիններս պետք է նկատեին, որ այն արդիական է բոլոր եւ հատկապես` հենց մեր ժամանակներում, սակայն այն այդպես էլ չպետք է գտներ իր հասցեատիրոջը: Խաչատուր Աբովյանը 1845-1847թթ. իր ձեռքով գրված գրաբար նամակն այդպես էլ չուղարկեց Ներսես Աշտարակեցուն, սակայն սերունդներին թողեց մտքեր, որոնք թղթին էին հանձնվել պոռթկումի պահին: Ներսես կաթողիկոսին ուղղված նամակը գրելիս Աբովյանն արդեն հասկացել էր, որ պարսկական լծից ազատվելուց հետո հայերն ընկել էին մեկ այլ` ռուսական լծի տակ: Աբովյանագետներն այն վերծանելով հետագայում պետք է նկատեին, որ գրողն այդ նամակով ի չիք է դարձրել իր իսկ առաջ քաշած «Օրհնվի էն սհաթի» գաղափարը:
«Պարսիկների եւ տաճիկների դահիճների և մահակների տակ մխիթարում էր մեզ սուրբ հավատը, այժմ ամենաօրհնված Ռուսաց Տերության խնամքի թևերի տակ անառակությունը և անկարգությունները կեղեքում են ամեն մի տեսնող անցավորի անմեղ սիրտը միայն»,-գրել էր Աբովյանն իր նամակում (մեջբերումը վերծանված է գրաբարից):
Դժվար է միանշանակ ասել, թե ինչու Աբովյանն իր նամակը չուղարկեց հասցեատիրոջը, սակայն կան կարծիքներ, որ այն չէր էլ գրվի, եթե Աշտարակեցին չխախտեր ավելի վաղ իր տված խոստումը: Հայտնի է, որ նա գրողին խոստացել էր օգնել եւ նրա սաներին ուղարկել արտերկիր` սովորելու, սակայն հետեւողական չէր եղել իր խոսքին: Այս հանգամանքն, ըստ որոշ վարկածների, վրդովեցրել էր մանկավարժին և նա պահի ազդեցության տակ գրել էր նամակը` հավանաբար հետո միայն հասկանալով, որ այն պետք չէր ուղարկել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել