HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտիս Ռեդինգ. Անկախության սոուլ-խորհրդանիշը

Նաիրա Հայրապետյան

Բրիտանական հանրահայտ «Rolling Stone» ամսագրի՝ 2008թ-ին կազմված «Բոլոր ժամանակների լավագույն 500 արտիստներ» շարքում 21-րդ տեղը  զբաղեցնում է ամերիկացի երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր և գործիքավորող Օտիս Ռեդինգը

Նա համարվում է սոուլի և ռիթմընդբլյուզի ամենակարկառուն դեմքերից մեկը, ինչպես նաև ամերիկյան հանրամատչելի երաժշտության պատմության մեջ մեծագույն արտիստներից մեկը: Նրա կատարողական արվեստը և ոճը հզոր ազդեցություն են ունեցել 60-ականների մի շարք անվանի երգիչների կյանքում: Եվ սա առանց յուրահատուկ հիթարշավների… «(Sittin' on) The Dock of the Bay» երգը առաջինը և միակն էր երաժշտի կյանքում, որը թիվ մեկ հիթ դարձավ. այն էլ՝ հետմահու:  Ընդամենը 26 տարեկանում այս երաժիշտը հասցրեց աշխարհում թողնել այնպիսի հետքեր, որոնք ուղենիշ դարձան մի ողջ սերնդի, իսկ երաժշտության մեջ՝ առանձին ուղղության համար: Բավական է միայն հիշել Արետա Ֆրանկլինին, ում կյանքում Ռեդինգի «Respect»-ը լեգենդար այցեքարտ դարձավ:

1941թ. ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, բապտիստ հոգևորականի ընտանիքում ծնվեց Օտիս Ռեյ Ռեդինգը: Դեռ վաղ տարիքից նա ակնհայտորեն մեծ հետաքրքրություն էր դրսևորում  երգի, երաժշտության (հատկապես գոսպելի) հանդեպ, իսկ 5 տարեկանում արդեն  երգում էր եկեղեցական երգչախմբում:  15 տարեկանում Օտիս Ռեդինգը, ծնողներին օգնելու համար, ստիպված էր դուրս գալ դպրոցից: Երգելը նրա տարերքն էր, անկասկած, և  նա որոշեց այլ տարբերակները բացառել ու նյութական խնդիրների  հաղթահարման համար պայքարել տաղանդով: Ոչ մի դժվարություն չկոտրեց նրան այս ճանապարհին:  Պատանի  Ռեդինգը  նախ հայտնվեց  Լիթլ Ռիչարդի «Upsetters» բենդի կազմում: Այս տարիները մեծ նշանակություն ունեցան ապագա աստղի ձևավորման համար: Հենց  Լիթլ Ռիչարդից ազդված՝ նա որոշեց ոչ թե զբաղվել երաժշտությամբ, այլ լրջորեն մտնել երաժշտության  մեջ: Օտիսը հաճախ է խոստովանել, որ այս ասպարեզում իր հիմնական կնքահայրերն էին Սեմ Քուկը և Լիթլ Ռիչարդը, և որ ինքը չէր լինի «այստեղ»՝ առանց Ռիչարդի, քանի որ մուտք գործեց «երաժշտություն- բիզնես» աշխարհ նրա շնորհիվ, նրանից ներշնչված: Իր կարիերայի սկզբում նա հիմնականում կատարում էր այս արտիստների երգերը, արդեն 1960-ականներից սկսեց հանդես գալ սեփական գործերով:

«Upsetters» –ի կազմում սովորելով զարգացնել կատարողական հմտությունները, նա այնուամենայնիվ մասնակցում էր ինչ-որ շոուների, մրցույթների, որոնք օգնում էին հոգալ ընտանիքի ծախսերը: 1958թ. որպես երգիչ և միաժամանակ վարորդ Ռեդինգը միացավ կիթառահար Ջոնի Ջենկինսի «Pinetoppers» խմբին, որի հետ նա շրջագայեց հյուսիսային գրեթե բոլոր նահանգներում:  Այս ընթացքում երգիչը միաժամանակ փորձում էր ձայնագրվել տեղական փոքրիկ ստուդիաներից մեկում: Շուտով թողարկեց իր դեբյուտային սինգլը՝ «She’s Alright»-ը, որին հետևեց երկրորդը՝«Shout Bamalama»-ն: Այս և հետագա մի քանի երգերում ևս ակնհայտորեն երևում էր լիթլռիչարդյան ազդեցությունը: Սինգլները բավական մեծ հաջողություններ ունեցան և եթե այսպես շարունակվեր, ապա հնարավոր է Ռեդինգը հայտնի երգիչ և երաժիշտ  մնար տեղական մասշտաբով, սակայն, բարեբախտաբար, կյանքը անակնկալ շրջադարձ էր նախապատրաստել նրա համար: 1962թ. Ջոն Ջենկինսը պատրաստվում էր թողարկել իր հեղինակային նոր գործերը, որի համար խումբը մեկնեց Մեմֆիս (Թենեսի նահանգ)՝ «Stax Record» ստուդիայում ձայնագրության: Աշխատանքները սկսվեցին հոկտեմբեր ամսին: Վերջին օրը, երբ ամեն ինչ կարծես թե արված էր, վերջնական տեսքի բերված, երաժիշտներից մի քանիսը, այդ թվում Ռեդինգը, չշտապեցին հեռանալ:  

Ձայնագրման համար նախատեսված ժամկետը դեռ չէր ավարտվել, երբ Ջենկինսի աշխատանքներն ամբողջացան, ուստի ստուդիական մի փոքր ավել աշխատանքային ժամ կար: Խմբի թմբկահարը առաջարկեց Ռեդինգին որևէ բան երգել իր հեղիանակային գործերից և խնդրել ձայնագրության թույլտվություն: «Stax Record»-ի հիմնադիրներից Ջիմ Ստյուարտը, թույլ տվեց  Ռեդինգին ազատ ժամերն օգտագործել իր ձայնագրման համար: Կարճ ժամանակ անց ստուդիայում արդեն  պատրաստ էին՝ «These Arms of Mine»  և «Hey Hey Baby» երգերը: Երբ հնչեց «These Arms of Mine» բալլադը, ապշահար հայացքով ստուդիա մտավ Ստյուարտը: Րոպեներ անց նա հայտարարեց, որ որոշել է թողարկել երգերը առանձին սինգլով: Հավանաբար պրոդյուսերական բնազդով զգացել էր հաջողության ուղղությունը, որը այդ ստուդիան հետագայում պետք է հայտնի դարձներ Օտիս-խորհրդանիշով: Պրոդյուսերին չմտահոգեց նույնիսկ այն, որ այդ հապշտապության մեջ երգերը  ոչ այնքան մշակված նվագակցություն ունեին, ոչ էլ հարուստ գործիքավորում: Փոխարենը՝ վոկալի մասը գերազանց էր. Ստյուարտը գիտեր իր անելիքը: Եվ չսխալվեց:

Չնայած նրա կարծիքով երկրորդ երգը լիթլռիչարդյան ռոքնռոլի կրկնություն էր, այնուամենայնիվ, 1962թ. նոյեմբերին  թողարկվեց «These Arms of Mine»  սինգլը, որի մյուս կողմում ներկայացվել էր նաև «Hey Hey Baby»-ն: Մի քանի ամիս անց «These Arms of Mine» երգն արդեն մտել էր ամերիկյան «Тор 100», ուր աստիճանաբար  հասավ 20-րդ տեղին: Այս երգը հայտարարեց Ռեդինգի մուտքը երաժշտական մեծ ասպարեզ՝ ճանապարհ բացելով հետագա հիթերի, համերգային մեծ ու մեծաթիվ նախագծերի համար:  Այն վաճառվեց մոտ 800 000 օրինակով:

Երկու տարի անց «Stax» –ը թողարկեց «Pain in My Heart» դեբյուտային ալբոմը, որում ընդգրկված երգերից մի քանիսը ևս մեծ արձագանքներ ունեցան: Առաջին մեծ հաջողության հետքերով՝ ամերիկյան հայտնի հիթ-շքերթում հայտնվեցին նաև երաժշտի հաջորդ ստեղծագործությունները՝ ներառյալ արդեն դասական համարվող «I’ve Been Loving You Too Long», «Respect» և «Try A Little Tenderness» երգերը: Սրանք ռեդինգյան դասական գործերից են: Մոտ ինն ամիս անց Ռեդինգը հրավեր ստացավ «Ապոլլո թատրոնում»  համերգ տալու, ի դեպ, կենդանի ձայնագրությամբ: Այսպես սկիզբ դրվեց նրա մեծածավալ համերգային շրջագայությանը, որի ընթացքում նա ելույթ ունեցավ Ամերիկայի գրեթե բոլոր նահանգներում, Կանադայում, Եվրոպական մի քանի երկրներում՝ ներառյալ երաժշտական հսկաներ ծնող Անգլիան,որի քիմքին ամեն ինչ չէ, որ հարմար էր, ապա հասավ նաև Կարիբյան կղզիներ: Ասում են, Ռեդինգի համերգները այն ժամանակների համար ամենաարագ սպառվող տոմսարկղներն ունեին: Ռեդինգն արդեն հայտնի և սիրված անուն էր՝ ռոքնռոլի, R&B-ի և սոուլի խաղաղ աշխարհում:  Սակայն մինչ օրս նրա մեծագույն երգը, որը 1968թ. ճանաչվեց թիվ մեկ հիթը, համարվում է «Sittin' on) The Dock of the Bay» –ը: Այս երգը դարձավ երիտասարդ արտիստի ամենահայտնի համաշխարհային հիթն ու «ստորագրությունը»: Այն նույն տարվա մեջ փոփ և R&B չարթերում միաժամանակ գրավեց 1-ին հորիզոնականը: Ռեդինգը, սակայն, իր մեծագույն հաղթանակը չկարողացավ տեսնել: Ձայնագրությունից չորս օր անց նա և իր խմբի չորս անդամները զոհվեցին ողբերգական ավիավթարի հետևանքով:

    

Իր կատարման անկեղծությամբ, էներգիայով, հուզելու և երգը մատուցելու կարողությամբ Ռեդինգն օժտած էր բոլոր տեսակի լսարանների հետ երկխոսելու ձիրքով:  Նա հավատում էր, որ երաժշտությունն իր մեջ ունիվեսալ հզորություն ունի համախմբելու մարդկանց՝ անկախ ռասաներից և մշակութային տարբերություններից: Սա Ռեդինգի անհատական փիլիսոփայության հիմքն էր, որով նա ապրում էր ամեն օր: Ռեդինգն ապրում էր մի ժամանակաշրջանում, երբ «քաղաքակիրթ» հասարակությունը կյանքը բաժանել էր երկու մասի՝ կյանք սևերի համար և կյանք սպիտակների համար: Համով պատառն, իհարկե, սպիտակների ափսեում էր, թեև մեծ մասամբ պատկանում էր սևերին: Նրա փիլիսոփայության համար անհամատեղելի այս գաղափարական մթնոլորտում Օտիս Ռեդինգն այն եզակիներից էր, ում հաջողվել էր հասնել հաջողության՝ նա սև էր, ուներ սպիտակ մենեջեր և տարբեր ռասաներից կազմված բենդ: Հիշենք նաև Սեմ Քուկին, ով առաջիններից էր, որ կարողացավ ճեղքել անհավասարության պատնեշն ու բիզնես ասպարեզում հաջողության հասնելով ճանապարհ բացել սևամորթ տաղանդավոր երգիչների համար: Ռեդինգն հասել էր անկախության ու ինքնուրույնության և՛ ստեղծագործական, և՛ նյութական ասպարեզում:  Նա էր գրում իր երգերը, երաժշտությունը, գործիքավորում էր և շուտով նույնիսկ սկսեց ձայնագրել սեփական ստուդիայում:

Օտիս Ռեդինգը սիրում էր պարզ և կարճ խոսքեր. այս առանձնահատկությունը նա պահպանել է իր գրեթե բոլոր երգերում:  Կենսագիրների վկայությամբ, երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք մտադիր չէ կատարել Բոբ Դիլընի հայտնի «Just Like a Woman» երգը, ասել է, թե տեքստում շատ բառեր կան: «Չկա ավելի գեղեցիկ բան, քան պարզ բլյուզային մեղեդին,-  ասում էր Ռեդինգը,- Պարզության մեջ է գեղեցկությունը, նույնիսկ եթե խոսում ես ճարտարապետության, արվեստի կամ երաժշտության մասին»:

Ռեդինգին անվանել են «Սոուլի արքա»: Այս տիտղոսով սովորաբար բնորոշել են Սեմ Քուկին, հետո նաև Ջեյմս Բրաունին: Նրա ազդեցիկ կերպարը նոր շունչ և տեսք հաղորդեց նաև «Stax» ստուդիային: «Stax»-ի ձայնը. այսպես էին անվանում նրան, քանի որ Ռեդինգն իսկապես այս ընկերության սիրտն ու հոգին էր մարմնավորում: « Այն, ինչ վերաբերում էր Օտիսին, անմիջականորեն կապված էր զգացմունքի և արտահայտչականության հետ,- հիշում է կիթառահար Սթիվ Քրոփերը,- Նրա երգերը մեծմասամբ ընդամենը երկու-երեք ակորդային փոփոխության էին ենթարկվում, առանձնապես շատ երաժշտություն չկար այնտեղ: Դինամիկան, էներգիան, երգով հարձակում գործելու ձևը… այս ամենը դժվար է սովորեցնել: Հիմա շատ բան  համակարգչով են ստեղծում: Նրանք սկսում են մի մակարդակից և կանգնում նույն գծի վրա, ուստի այնտեղ պակաս է դինամիկան, թեկուզ եթե շատ տարբեր ձայներ են օգտագործվում»: 

Տարբեր սերունդների աստղեր խոստովանել են, որ այս երաժիշտից մեծապես ազդվել են:  Բոլոր հայտնի սոուլ արտիստներն իրենց կարիերայի վաղ շրջանում կրել են Ռեդինգի  ազդեցությունը՝   Էլ Գրին, Արետա Ֆրանկլին, Մարվին Գեյ, Էտա Ջեյմս և ուրիշներ: Սակայն ռեդինգյան աուրան հատել է սոուլի կամ R&B-ի սահմանը: Ըստ Ջորջ Հարիսոնի՝ Բիթլզի «Drive My Car» –ը ստեղծվել է  Ռեդինգի «Respect»-ից ներշնչված: Այս արտիստը ներկա է եղել նույնիսկ «Led Zeppelin»-ի, «Lynyrd Skynyrd»-ի, «The Doors»-ի և «The Rolling Stones»-ի երաժշտական դաշտում:  Ասում են՝ նրա կատարման առանձնահատկությունից տպավորվել էր նույնիսկ անկրկնելի Ջենիս Ջոփլինը: «Ես սկսեցի երգը ռիթմիկ կատարել,- ասել է երգչուհին,- և հիմա ես Օտիս Ռեդինգից սովորում եմ երգը դուրս մղել՝  նրա շուրջը ուղղակի սահելու փոխարեն»: 

Օտիս Ռեդինգը մահացավ 1967թ., նա ընդամենը 26 տարեկան էր: Անցել է գրեթե 5 տասնամյակ, բայց երաժշտության մեջ իրական արտիստները դեռ շարունակում են սովորել նրանից ու ուղղորդվել նրա հետքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter