HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Էլիտար» եկեղեցապաշտության իրական դեմքը

Վերջին շրջանում իրար ետևից նորակառույց եկեղեցիներ են օծվում: Եկեղեցաշինությունը վերածվել է մոլուցքի, յուրատեսակ մի հիվանդության, որը գնալով ավելի ու ավելի է տարածվում, դառնում մոդայիկ: Սա այն շարքից է, ինչ ցանկացած գնով նվազագույնը գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու չինովնիկների անզուսպ ձգտումը (որոշ դեպքերում նույնիսկ՝ չեղած գիտությունների գծով), կամ, հնարավորինս ճոխ ու թանկարժեք առանձնատներ կառուցելու, հարազատների գերեզմանոցները յուրօրինակ դամբարանների վերածելու քաղքենի և ցինիկ մրցավազքը: Հիմա եկել է նաև եկեղեցաշինությունն իբրև ինքնադրսևորման կամ ինքնաբավարարման այդպիսի միջոց դարձնելու հերթը: Բայց քանի որ սա առնչվում է ավելի վեհ, շատ դեպքերում նույնիսկ կառուցողների համար անըմբռնելի և ըստ այդմ միստիկ գաղափարների, զուգահեռաբար եկեղեցու պատերին «անմահանալու» միջոցով պատմության մեջ մնալու իրական հնարավորություն է տալիս, այս մոդան հավանաբար երկար կշարունակվի՝ հավակնելով վերածվել իսկական ազգային մղձավանջի:

Հարց է առաջանում՝ եկեղեցի կառուցելու իրենց նպատակների հիմքում ի՞նչ խորհուրդ են դնում նախաձեռնողները և ֆինանսավորողները: Իրենց ներքին հավատի զորացմա՞ն, թե՞ մեղքերը քավելու թաքուն ցանկության, որ ավելի շատ նման է սեփական խիղճը հանգստացնելու ինքնախաբեությամբ Աստծուն խաբելուն կամ «կաշառելուն», այսպես կոչված՝ Աստծուց ինդուլգենցիա ստանալուն: Որովհետև նոնսենս է, երբ եկեղեցի են շինում մարդիկ, որոնց կյանքը, գործունեությունը իրական քրիստորենական արժեքների, առաքինությունների հետ որևէ աղերս չունեն: Նոնսենս է, երբ եկեղեցին, մատուռը շրջափակում են  պարիսպներով, ակնհայտ դարձնելով իբրև անձնական կամ ընտանեկան կարիքների բավարարման «օբյեկտ» կառուցված լինելու իրողությունը: Սրանք այն փարիսեցիներն են, ովքեր բարեպաշտի դիմակի տակ են թաքնվում, կամ այն վաճառականներն են, ովքեր Աստծո տաճարն էին դարձրել շուկա:

Եթե խնդիրը ամբիցաներին, քաղքենի նորաձևությանը տուրք տալու մեջ չլիներ, գոնե երբեմն նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն աչքներիս առջև ոչնչացող դարավոր վանքերը, եկեղեցիները վերականգնելու, թեկուզ եղածը խնամելու փորձերի ականատեսը կլինեինք: Անմտություն է ներքին վանդալիզմի հետևանքով ունեցած մշակութային հարստությունը փոշիացնելու ֆոնին սնկի պես աճող եկեղեցիների առատությամբ ինքնագոհանալն ու հպարտանալը: Եվ առնվազն տարօրինակ է, որ Առաքելական եկեղեցին այդքան եկեղեցասեր մեծահարուստներին իրենց գումարներն այս առումով ավելի մնայուն և կարևոր գործում ներդնելուն դրդելու փոխարեն հրճվանքով հետևում են եկեղեցաշինության արժեզրկման այս հանդեսին:        

Հայկական իրականությանը եկեղեցաշինությունը բնորոշ է եղել քրիստոնեական իր պատմության ողջ ընթացքում և հատկապես այն տևական շրջափուլերում, երբ ժողովուրդը զրկված է եղել պետականությունից: Այն ժամանակ, սակայն նման միտումն արդարացվում էր երկու հիմնական նկատառումով: Առաջինը՝ միջնադարում եկեղեցիները ոչ միայն զուտ կրոնական կառույցներ էին, այլև գիտակրթական. այնտեղ էր կենտրոնացած ժամանակի գիտական պոտենցիալը, այնտեղ էր կազմակերպվում ազգային կրթությունը: Եկեղեցին նաև պետական նշանակություն ուներ. որովհետև թե համայնքային ու թե ազգային մակարդակներով կոնսոլիդացնող, ազգապահպանական գործառույթ էր իրականացնում պետականության բացակայության պայմաններում: Իր պահպանողականությամբ հանդերձ եկեղեցին առաջըթնացի հիմնական շարժիչ ուժերից մեկն էր, եթե ոչ ամենագլխավորը: Եվ վերջապես երկրորդ՝ եկեղեցաշինությունը նաև ազգային մշակութապահպանություն էր, որովհետև զարկ էր տալիս թե ազգային  ճարտարապետությանը, թե նկարչությանն ու մանրանկարչությանը, թե գրականության ստեղծմանը:

Այսօր, բացառությամբ հոգևոր-կրոնականից, մնացած գործառույթներից և ոչ մեկը եկեղեցին չի կրում: Ազգային ինքնապահպանության ավելի արդյունավետ ինստիտուտի՝ պետության առկայության պարագայում դա ոչ միայն բնական է, այլև անհրաժեշտ: Բայց սա՝ բանական մտածողության պարագայում: Հայաստանում, սակայն, գործում է բացարձակապես այլ մտածողություն: Թվում էր, թե գոնե հիմա ազգային քաղաքական, տնտեսական «էլիտան» կփորձի ուժեղացնել պետության հիմքերը՝ առաջին հերթին ադեկվատ արձագանքելով պետության արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերներին:

Ներկայիս եկեղեցաշինական մոլուցքն այդ ադեկվատության բացակայության, ուղղակի իներցիոն ավանդապաշտական մտածողության, պետականակենտրոնության գաղափարի չարմատավորվածության խոսուն վկայությունն է: Նոր եկեղեցիների օծումը պետական նշանակության իրադարձություն է դառնում միայն այն ժամանակ, երբ չի կատարվում դրան արժանի որևէ այլ իրադարձություն, չի իրականացվում պետական ընդգրկման ստրատեգիական նշանակության որևէ այլ ծրագիր: Առավել քան բնական է. երբ երկրում որևէ նոր ձեռնարկություն, արտադրություն, նոր համակարգ չի ստեղծվում ու բացվում, երբ տեղական և օտարերկրյա ներդրողները փախչում են Հայաստանից, մնում է ապավինել Արտաշատում կամ Սևանում նոր եկեղեցիների բացմանը: Իշխանությանը մնում է շնորհակալություն հայտնել կառուցողներին, որ գոնե դրա վրա են փող ծախսում, ժամանակավոր մի քանի աշխատատեղ ստեղծում և վերջապես քրիստոնեական ազգային «ուռա» հայրենասիրության նոր դասեր տալով՝ հասարակության զգացողությունները բթացնելու նոր հնարավորություն  ստեղծում:

Մեկնաբանություններ (3)

Tatevik Sargsyan
1. Արժեզրկվում և աչքներիս առջև ոչնչանում են մեր ազգային եկեղեցաշինությունը, ճարտարապետոթյունը, զարդարվեստը, քանդակագործությունը: 2. Փոշիանում են ահռելի գումարներ, որ պիտի ծառայեին երկրի տնտեության վերակենդանացմանը, ռազմական ամրապնդմանը, անտունների բանակի կարիքները հոգալուն, մեր փախստական և դեռ դիմակայող սիրիացի հայրենակիցների խնդիրներին: 3. Անիմաստ վատնվում է շինանյութը: Պատճառը՝ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԽՐԱԽՈՒՍՎՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ:
Հայ
Իրականում, հենց այդ «եկեղեցաշինությունն» է, որ հարվածում է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հեղինակությանը: Առավել եւս, որ այդ եկեղեցիների զգալի մասը կառուցվում է օրինականության եւ բարեպաշտության տեսանկյունից կասկածելի ծագմամբ փողով: Այդպիսով, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հեղինակության, վարկի հանդեպ քայլեր են ոչ թե հասարակական փաստարկված ընդդիմախոսությունը, այլ տնտեսական ճգնաժամի, հսկայածավալ արտագաղթի, մեծ աղքատության պայմաններում թե տնտեսական, թե հասարակական-հոգեբանական, թե բարոյական եկեղեցաշինությունը: :::::::::::::::::::::::::::::::::::::::::: Նրբությունն այն է, որ եկեղեցաշինությունը եկեղեցու կողմից ներկայացվում է որպես ազգանվեր գործ: Բոլորը պետք է հասկանան, որ դա ոչ թե վատ գործ է, այլ պարզապես ազգանվեր գործ ՉԷ: Դա պետք է առաջին հերթին հասկանան այն բարերարները, ովքեր ֆինանսավորում են հերթական սրբավայրի կառուցումը: Եկեղեցին նրանց մոլորեցնում է, ասելով, թե դուք ազգանվեր և հանրօգուտ գործ եք անում՝ հովանավորելով նոր սրբավայրի կառուցում, մինչդեռ դա ո՛չ ազգանվեր, ո՛չ էլ հանրօգուտ գործ է: Սա պետք է հասկանան առաջին հերթին փող տվողները: Իսկ եթե եկեղեցին կարողանում է փող կպցնել՝ համոզելով լինի, թե պարտադրելով, ապա ազգանվեր և հանրօգուտ կլիներ հիվանդանոցներ և աշխատատեղեր բացելը:
Մարտիկ
Մեր սահմանները կանսերվի բանկեքով են ,,պաշտպանվում,, իսկ էս իբր բարեպաշտները եկեղեցի են շինում։ Էսքան էշ կարելի է լինե՞լ։ Թե՞ կարծում են մի երկու անճաշակ եկեղեցի շինելով դժոխքից կազատվեն։ Չէէէէէէ վառվելու եք դժոխքում կոլեկտիվ, ձեր ընտանիքներով հանդերձ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter