HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկին վերադառնում է հայրենիք, իսկ Հայաստանը ոսկի չունի

Մեկ շաբաթ առաջ Գերմանիայի և Հոլանդիայի կայացրած որոշմանը միացավ ևս մեկ եվրոպական երկիր` Ավստրիան: Այս պետությունները որոշել են ետ վերադարձնել իրենց ոսկին Մեծ Բրիտանիայից:

Ավստրիան չի վստահում «Bank of England»-ին եւ որոշել է այդ բանկում պահվող ազգային պահուստներից 140 տոննա ոսկի վերադարձնել հայրենիք: Ավստրիայի կենտրոնական բանկը «Kronen-Zeitung»  պարբերականի միջոցով հաստատել է այս տեղեկությունը, ավելացնելով, որ մինչև 2020 թվականը Ավստրիայի կենտրոնական բանկն իր ոսկու պահուստի 50 %-ը կամ 140 տոննան պահեստավորելու է իր երկրում: Այսօր երկրի տարածքում է գտնվում ոսկու պահուստի 17 %-ը:

«Bank of England»-ում պահվում է Ավստրիայի ոսկու պահուստի 80 %-ը, և 140 տոննա հայրենիք տեղափոխելու դեպքում Անգլիայում կմնա ոսկու պահուստի ընդհամենը 30 %-ը: 140 տոննա ոսկուց 92,4 տոննան պահվելու է Վիեննայում, իսկ 47,6 տոննան՝ Շվեցարիայում:

Ինչով է բացատրվում այս որոշումը

Կենտրոնական բանկը ընդունել է այս որոշումը Ավստրիայի հաշվիչ պալատի՝ դեռևս փետրվարին ներկայացրած առաջարկի հիման վրա: Վերջինս, հաշվի առնելով, որ երկրի ոսկու պահուստի մեծ մասը պահվում է Անգլիայում, ռիսկային է համարել նման կենտրոնացումը: Այդ ժամանակ Ավստրիայի կենտրոնական բանկը հակադարձել էր այս հայտարարությանը, պատճառաբանելով, որ Լոնդոնը ոսկու առևտրի միջազգային խոշոր կենտրոն է: Վերջին ամիսների ընթացքում Ավստրիայի կենտրոնական բանկի կարծիքը փոխվել է, նրանք որոշել են իրականացնել հաշվիչ պալատի առաջարկը և ետ վերադարձնել ազգային ոսկու պահուստի զգալի մասը: Վիեննան հաստատել է, որ մոտ ժամանակ կսկսի գործընթացը և արդեն այս ամառ կտեղափոխի 92,4 տոննա ոսկի իր տարածքում պահեստավորելու համար, ևս 47,6 տոննա կտեղափոխվի Շվեցարիա:

Ավստրիայի կենտրոնական բանկ

2015 թվականի մայիսի դրությամբ Ավստրայի կենտրոնական բանկում պահվում է 280 տոննա ոսկի: Այս ցուցանիշը չի փոփոխվել 2007 թվականից:

Ավստրիայի ոսկու խնայողություններն ամբողջովին պատկանում են Ավստրիայի կենտրոնական բանկին: Ոսկու պահուստի 17 %-ը պահվել է Ավստրիայում, 80 %-ը` Անգլիայում, 3 %-ը` Շվեյցարիայում:

Վերջերս հրապարակվել է Ավստրայի կենտրոնական բանկի ռազմավարությունը: Այնտեղ նշված է, որ մինչև 2020 թվականը Ավստրիայի ոսկու պահուստի առնվազն 50 %-ը պետք է պահվի հենց Ավստրայում, 30 %-ը` Անգլիայում և 20 %-ը` Շվեցարիայում:

Ոսկու գործառույթը

Ոսկին աշխարհում միակ ակտիվն է, որը չունի արժույթին բնորոշ ռիսկեր և միակն է, որն ընդունվում է աշխարհի ցանկացած վայրում անկախ բոլոր հանգամանքներից: Ճգնաժամի ընթացքում ոսկին հանդիսանում է երկրի տնտեսական անվտանգության վերջին պաշտպանը: Ճգնաժամի տարբեր դրսևորումների ժամանակ ոսկին օգտագործում են առանձին տարածաշրջանների զարգացման և բարեփոխումների համար:

Ոսկին ներկայումս ունի տնտեսական եւ ֆինանսական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ: Ոսկին, որպես մոնետար ակտիվ, դառնում է պարտավորությունների մարման հզոր գործիք:

Երբ բրիտանական ֆունտը և ամերիկյան դոլարը դարձան միջազգային պահուստային արժույթներ, այս երկրների ոսկու պահուստները կազմում էին աշխարհի ոսկու պահուստի 50 և 60 %-ը:

Երբ գործածության մեջ մտցվեց եվրոն, Եվրամիության երկրների ընդհանուր ոսկու պահուստը 10.000 տոննայով գերազանցեց ԱՄՆ-ի ոսկու պահուստը:

Վերջին մեկ տարվա ընթացքում եվրոպական մի քանի երկրներ միաժամանակ որոշեցին այլ երկնրեում պահվող ոսկու պաշարները տեղափոխել իրենց երկրներ:

Գերմանիա

Գերմանիան ոսկու պահուստներով աշխարհում երկրորդն է, սակայն դրա  զգալի մասը պահվում երկրի սահմաններից դուրս:

Գերմանիայի կենտրոնական բանկը որոշում էր կայացրել հետ տեղափոխել 84 տոննա ոսկի, սակայն վերադարձվել է ընդհամենը 37 տոննա: Ընդ որում՝ 5 տոննա հանվել է Նյու Յորքի Դաշնային պահուստային համակարգից: Դրանից հետո գործընթացն ամբողջովին դադարեցվեց, և պատճառը, ըստ երևույթին, քաղաքական է: Ոսկու մի մասը հետ վերդարձնելուց հետո Գերմանիան հայտարարեց, որ այլևս այսպես չի վարվելու, որ նա լիովին վստահում է Դաշնային պահուստային համակարգին, որը շատ հոգատար է իրենց ոսկու նկատմամբ:

2014 թվականին, ըստ մամուլի հաղորդագրությունների, Գերմանիայի տարածք է տեղախոխվել ընդհանուր առմամբ 120 տոննա ոսկի, որից 35 տոննան` Ֆրանսիայից և 85 տոննա` Նյու Յորքիից: Ոսկին հայրենիք վերադարձնելու գործընթացը, իրականացվում է երկրի կենտրոնական բանկի` «Bundesbank»-ի ներկայացրած ծրագրի համապատասխան, որը հրապարակվել է 2013 թ. հունվարին:

«Bundesbank»-ի հայտարարության համաձայն՝ մինչև 2020 թվականը Գերմանիայի տարածքում կպահեստավորվի ոսկու ընդհանուր պահուստների 50 %-ը, մնացածը կպահվի Նյու Յորքում և Լոնդոնում:

2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գերմանիայի ընդհանուր ոսկու պահուստների 35,2 %-ը (1.192 տոննա) պահվում է «Bundesbank»-ում, ԱՄՆ-ում՝ 42,8 % (1.447 տոննա ), Մեծ Բրիտանիայում՝ 12,9 % (438 տոննա) և Ֆրանսիայում 9,1 % (307 տոննա):

Հոլանդիա

Հոլանդիայում տիրող իրավիճակը գրեթե նույնն է: Անցած տարի հայտնի դարձավ, որ Հոլանդիայի կենտրոնական բանկը` «De Nederlandsche Bank»-ը, իր պահուստներից սկսել է երկիր վերադարձնել 600 տոննա ոսկի: Հոլանդիան իր ոսկու պահուստների 51 %-ը պահում է Նյու Յորքի ԴՄՀ-ում, և երկիրը պատրաստվում է կրճատել այն մինչև 31 %: Միևնույն ժամանակ ոսկու պահուստների մի մասը շարունակելու է պահել Լոնդոնում և Կանադայում:

2014 թ. նոյեմբերին Հոլանդիայի կենտրոնական բանկը հայտարարել էր, որ Նյու Յորքում գտնվող ոսկու խնայողություններից 120 տոննան տեղափոխելու է Ամստերդամ:

Պաշտոնապես այս որոշումը բացատրվել է նրանով, որ Հոլանդիան ուզում է ավելի հավասարաչափ բաշխել իր ոսկու պահուստները, սակայն դժվար է անտեսել այն հանգամանքը, որ երկիրը որոշում էր կայացրել դուրս բերել իր ոսկին հենց ԱՄՆ-ից, իսկ Լոնդոնում և Կանադայում պահվող ոսկու չափը թողնել անփոփոխ: Լոնդոնում պահվում է ոսկու 20 %-ը, իսկ Կանադայում` 18 %-ը:

Ընհանրապես բազմաթիվ երկրներ որոշում են կայացրել, ոսկու պահուստների մեծ մասը վերադարձնել հայրենիք:

Ֆրանսիա

Ֆրանսիայի ոսկու խնայողությունները աշխարհում ամենամեծերից է, մոտավորապես (2.435) տոննա: Անցած տարի «Front National» կուսակցության ղեկավար Մարի Լը Պենը (Marine Le Pen) բաց նամակ է գրել Ֆրանսիայի կենտրանական բանկին` պահանջելով ոսկու պահուստները վերադարձնել Փարիզ: Բացի դրանից՝ նա կոչ է արել բանկին օգտվել ոսկու ցածր գներից և ավելացնել ոսկու պահուստները:

Իտալիա

Իտալիայում նմանատիպ գործողություններ դեռևս չեն սկսվել: Երկրի ոսկու պահուստները գնահատվում են 2.451 տոննա: Այս ցուցանիշն աշխարհում չորրորդն է: Այս տարի հրապարակված տեղեկության համաձայն, խնայողությունների կեսը պահվում է ԱՄՆ-ում: Բազմաթիվ վերլուծաբաններ պնդում են, որ սա միայն ժամանակի խնդիր է, և մոտ ապագայում իտալական իշխանությունները կպահանջեն, որպեսզի ոսկին հետ վերադարձվի Հռոմ:

Ինչպես հայտնի է Չինաստանը ոսկու տենդով է տառապում և վերջերս աննկարագրելի ծավալների ոսկի է գնում, նրան է միացել նաև Ռոսաստանը, որը սկսած այս տարվա սկզբից յուրաքանչյուր ամիս ավելի շատ ոսկի է գնում:

Հայաստան

Իսկ Հայաստանը միջազգային պահուստներում ոսկի չունի: Այն՝ որպես միջազգային պահուստների տարր, պահպանվել է մինչև 2003 թվականը: Այդ տարվա վերջին ՀՀ Կենտրոնական բանկը վաճառեց Հայաստանի պահուստային ոսկու ողջ պաշարը՝ 1,4 տոննա: Ամբողջ քանակությունը գնահատվեց 17,8 մլն դոլար: Ոսկու պահուստների վերականգնման ուղղությամբ հստակ քայլեր և ռազմավարություն ՀՀ կառավարության կողմից առայժմ չեն նկատվում:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Խորհրդային տարիներին Հայաստանում ադյունահանվում էր 4,5-5 տոննա ոսկի, եղել են առանձին տարիներ մինչև 6 տոննա։ Սակայն այդ ոսկին տնորինում էր Մոկվան ։ Անկախության տարիներին թվում էր թե վերջապես մեր ազգը բացառիկ հնարավորություն է ստանում տնորինելու սեփական ունեցվածքը, բայց ավաղ սեփական թալանչիները անհամեմատ անկուշտ գտնվեցին, քան օտարները։Ի դեպ ըստ ոչպաշտոնական տվյալների մեր օրերում ոսկու հանույթը կրկնակի ավել է քանի-որ մոտ 2-3 անգամ ավելացել է շահագործվող հանքերի թիվը և կատարելագործվել է ոսկու կորզման տեխնոլոգիան։ ;Սակայն այժմ այնպես է կազմակերպած ոսկու թալանը, որ ոչ մի պետական կամ մասնավոր կազմակերպություն կամ անհատ քաղաքացի ի վիճակի չի իմանալու որևե իրական տվյալ ոսկու ատդյունահանման ծավալների վերաբերյալ։ Փոխարենը անկախության տարիներին ակտիվորեն ներարկվեց մի գաղափար, ըստ որի մեր երկիրը բնական պաշարներ չունի դրա համար մեր վիճակը այսպիսին է։ Էլ չեմ խոսում համաշխարհային նշանակություն ունեցող պղինձ-մոլիդենայինհանքերի մասին։ նման սին գաղափարներն ընդունելու կամ նրարց հավատալու համար խորհրդային գրագետ և բանիմաց ազգաբնակչությունը հարմար չեր , ուտի խնդիր առաջացավ ցրելու առկա բնակչությունը և ձևավորելու նոր ՝ ցածր կրթված, դյուրահավատ մասսա; Այս ամենի հիմքերը դրվեց և մշակվեց տխրահռչակ Քոչարյանի օրոք ավելի կատարելագործվելով հաջորդի օրոք։ Ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյանին ապա նա պարզապես ժամանակ չուներ նման մեքենայություններ մտածելու համար։ Արդյունքում ոսկի արդյունահանող երկիրը ոչ մի գրամ ոսկու պահուստ չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter